HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ինչու է ընդդիմությունը գործելու փոխարեն մանևրում

Կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ պայքարը հունվարի 18-ին կայացած հանրահավաքից հետո փաստացի ընթանում է առանց ոչ իշխանական քաղաքական ուժերի: Այդ օրը որոշակիորեն ընդգծվեց մի կողմից  գործընթացը հանիրավի կուսակցականացնելու միտումը`ՀԱԿ-ից և պոպուլիզմի օբյեկտի վերածելու ձգտումները`ԲՀԿ-ից, իսկ մյուս կողմից` շարժման երիտասարդ նախաձեռնող խմբի`դա թույլ չտալու վճռականությունը: Հունվարի 24-ին ՍԴ-ի կողմից կուտակային բաղադրիչի պարտադիր կիրառումն ապահովող օրենքի երկու հոդվածների գործողությունը կասեցնելուց, ինչպես նաև ԱԺ գարնանային նստաշրջանի մեկնարկից հետո շարժումից այս քաղաքական ուժերի օտարումը դարձավ ակնհայտ, թեև ֆորմալ առումով նրանք շարունակում են մնալ երիտասարդների կողքին: Այս տենդենցից շարժումը տուժեց ոչ թե բովանդակային առումով, այլ այսպես կոչված փաթեթավորման: Ոչ իշխանական չորս ուժերի` «Ժառանգության», ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի հիմնական անելիքը հարցը քաղաքականացնելն էր, համահասարակական ընդգրկման հանգեցնելը, որը, սակայն, նրանց այդպես էլ չհաջողվեց:

Արդյունքում կուտակային պարտադիր բաղադրիչի դեմ պայքարը դուրս չեկավ սոցիալ-քաղաքացիական նեղ կաղապարից և շարունակեց ընկալվել սոսկ որպես բարձր աշխատավարձ ստացող մի խումբ ծրագրավորողների սոցիալական հետաքրքրությունները շոշափող բողոքի ակցիա: Մինչդեռ սա այն եզակի քաղաքացիական շարժումն էր, որը ծնվել էր հասարակության ներսից, հասունանում էր հասարակության ներսում կառավարվում նրա կողմից և բխում էր հասարակական լայն զանգվածի թե սոցիալ-տնտեսական և թե քաղաքական պահանջմունքներից: Սա այն հարթակն էր, որտեղ կարող էին սինթեզվել և հստակ ձևակերպված քաղաքական պահանջի վերածվել հասարակական բոլոր այն շրջանակների դժգոհությունները, սպասելիքները, որոնք մերթ ընդ մերթ փողոց են դուրս գալիս, բայց յուրաքանչյուրն իր պահանջով, առանձի-առանձին ու հատվածաբար:

Ընդդիմությունը ձախողեց ու շարունակում է բարեհաջող ձախողել այս բոլոր շրջանակներին համատեղելու, գեյզերների նման այստեղ-այնտեղ դուրս ժայթքող գոլորշին հրաբխի վերածելու բանաձև գտնելու իր հիմնական առաքելությունը` շարունակելով կառչած մնալ միայն պրոցեսի պոչից: Մինչդեռ առաջնորդողի դեր ստանձնելը որքան հասարակությանն էր պետք` սեփական ուժերի նկատմամբ վստահությունը ձեռք բերելու համար, նույնքան էլ այդ ուժերին` անցած խորհրդարանական և նախագահական ընտրությունների արդյունքում հայտնված մարգինալ դաշտից դուրս պրծնելու և քաղաքական գործոնի վերածվելու առումով:

Ընդդիմության ձգվող ձախողումը, սակայն, լրիվ օրինաչափ է: Դրա հիմնական պատճառն այն է, որ այս ուժերը, որպես հավաքականություն, չկարողացան փշրել իրենց նկատմամբ ձևավորված հասարակական անվստահության պատը: Արհեստականությունը թե հասարակության և թե իրար հետ հարաբերություններում այնքան ակնհայտ է, որ ստվերում է ցանկացած առողջ նախաձեռնություն: Այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչպես ստացվեց գաղափարական լրիվ հակառակ բևեռներում գտնվող ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի մերձեցումը: Ինչպես եղավ, որ ընտրությունների ընթացքոմ միմյանց իշխանության գործակալները լինելու մեջ մեղադրող ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» հանկարծ սկսեցին խոսել միևնույն լեզվով: Կամ` ինչպես պատահեց, որ կուտակային համակարգի ներդրման օրենսդրական բազայի ձևավորմանն անմիջականորեն մասնակցած ԲՀԿ-ն միանգամից հարյուր ութսուն աստիճանով փոխեց դիրքորոշումը այսպես կոչված այլընտրանք դառնալուց հետո, կամ ինչպես է լինում, որ այն միաժամանակ ԲՀԿ-ն խորհրդարանում դեմ է քվեարկում նախագահ Սերժ Սարգսյանի նշանակած կառավարության օրենսդրական նախաձեռնություններին և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանը անձնական ջերմ հարաբերություններ է պահպանում նույն «նախագահ ջանի» հետ:

Խնդիրն այն չէ, որ այս ուժերը փորձում են համատեղել ուժերը`ունենալով ներքին հսկայական քաղաքական, գաղափարական ու արժեքային հակասություններ: Քաղաքականության մեջ  հակասությունը ժամանակավոր երևույթ է: Խնդիրն այդ հակասությունների շուրջ կուտակված հարցադրումներն անպատասխան թողնելն է: Մինչդեռ առաջին պայմանը, որը դնում է հասարակությունը քաղաքական ուժերի առջև, իր հետ հնարավորինս ազնիվ լինելն է, որը հնարավոր չէ առանց կասկածների աղբյուրները չորացնելու:  Դա հնարավոր չէ նաև առանց ուժերի համատեղման և ընդհանուր վերջնանպատակները ընդհանրացնելու և դրանք հասարակության հետ համաձայնեցնելու:

ՀԱԿ-ը և «Ժառանգությունը», օրինակ, իբրև վերջնանպատակ, տեսնում են իշխանափոխությունը` նոր նախագահական ընտրությունների միջոցով: ՀՅԴ-ն` իրավիճակի փոփոխությունը տեսնում է կառավարության փոփոխության ճանապարհով: Իսկ ԲՀԿ-ն ուզում է ամեն ինչ և ոչինչ միաժամանակ: ԲՀԿ-ն, ըստ էության, այս հակաիշխանական գործընթացի մեջ մտել է այսպես կոչված «գետը որտեղ կտանի, թող տանի» տրամաբանությամբ, իներցիայի ուժով:

Ոչ իշխանական ուժերի մարտավարությունների այս բազմազանությունը լավագույնս դրսևորվում է խորհրդարանում: Թվում է, որ նրանք ԱԺ-ում գործում են փոխհամաձայնությամբ, և նրանց միջև լիակատար փոխըմբռնում կա: Սակայն փոխհամաձայնության և փոխըմբռնման նրանց մոտիվացիան միայն փոքրամասնություն լինելը, այսինքն` իրավիճակ փոխելու հարցում ունեցած անկարողության գիտակցումն է: Վերջինս տոտալ կերպով թելադրվում է իշխանության և քաղաքական մեծամասնության կողմից` ոչ իշխանական հատվածին ամբողջությամբ բլոկադայի ենթարկելու, անկյունում սեղմելու անհանդուրժողական վարքագծով:

Այնպիսի տպավորություն է, որ ոչ իշխանական ուժերը տարբեր հարցերում, օրինակ` կենսաթոշակային կուտակային պարտադիր բաղադրիչի, հայ-ռուսական գազային պայմանագրերի, Որոտանի կասկադի վաճառքի և այլն, նախաձեռնությունները ցուցաբերում են այն կանխատեսմամբ, որ միևնույնն է` բախվելու են քաղաքական մեծամասնության` ուղղակի արդեն լկտիության հասնող ինքնասիրահարվածության, ինքնագոհության և պարզապես սեփական ճշմարտության մեջ գերհամոզվածության անհաղթահարելի պատին, ինչից և ծնվում է պոպուլիզմին տուրք տալու հակումը: Այլ կերպ ասած`ստեղծվել է մի իրավիճակ, երբ կողմերից յուրաքանչյուրը գործում է իրեն վերապահված որոշակի դերի շրջանակում, որոնք միասին ստեղծում են մի բեմադրություն, որի ողջ իմաստը «թամաշա» ապահովելն է և դրանով հասարակական-քաղաքացիական գոլորշին բաց թողնելը:

Սա ազդակ է, որ ենթագիտակական մակարդակով հասնում է հասարակության յուրաքանչյուր գիտակից անդամի: Վերջինս տեսնում է, որ ինչ-որ գործընթացներ տեղի են ունենում, սակայն չի կարողանում հասկանալ` ինչին են ուղղված, որտեղ են տանում և ի վերջո որն է այս խաղի իմաստը: Իսկ դրանից օգտվում է բացառապես իշխանությունը: Ընդդիմության և հասարակության թվացյալ համախմբման այս ինքնախաբեության թելերով իշխանությանը պարզապես հսկում է իրավիճակը, այն պահում վերահսկելիության սահմաններում: Այս փուլում դրանից ավելին իշխանությանը հարկավոր էլ չէ:

Մեկնաբանություններ (2)

Թլկատինցի
«Ինչու է ընդդիմությունը գործելու փոխարեն մանևրում» ???? Սա հայերեն չէ: «Ընդդիմությունը գործելու փոխարեն ԻՆՉՈՒ՞ է մանեւրում»
vahan
Hayastani paymannerum ndimutyun, ishxanutyun kategorianern animast en ,qani-vor iskakan imastov voch mek@ chka, goyutyun yni mardkanc mi xumb ,voronc havatarim carayelu hamar Moskvayic tuyl en tvel ogtvel kerakratashtic. mardkanc mnacac masn zbaxvac e nranc hamar ker kutakelov. azgabnakchutyan himnakan zangvac@, vor@ zrkvac e ir sepakan hoxi vra apreln tarrakan paymanneric uni miay mek gerxndir, vor@ voch qaxaqakan e voch el socialakan. da arjanapatvutyan , patvi ev tasibi xndir e .ayd xndir@ mekn e or araj azatvel otaracin ev otaramol klanic ev dzevavorel sepakan , haykakan ishxanutyunner.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter