HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Քննիչը կալանավորման որոշում է կայացրել եւ դրանից միայն 4 ամիս անց փորձաքննություն պահանջել

Ռոզա Դանիելյանի ամուսինը՝ Յուսիֆ Դանիելյանը, արդեն 6-րդ ամիսն է՝ կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-ից 8 տարի ժամկետով: Ռոզա եւ Յուսիֆ Դանիելյանները մեղադրվում են քաղաքացի Վլադիմիր Քոչարովին ռուս հայտնի գեղանկարիչների ստորագրությունները կեղծելու միջոցով արժեք չներկայացնող կտավներ վաՃառելու մեջ: Տիկին Ռոզայի խոսքով՝ իր ամուսինը նշված գեղանկարներն ընդհանրապես չի տեսել, չի ճանաչում նաեւ Վլադիմիր Քոչարովին: «Իմ ամուսինը որեւէ մեկի ստորագրությունը չի կեղծել»,- պնդում է Ռոզա Դանիելյանը:

«Մեր ընտանիքը Երեւանում հաստատվել է 1988թ.: Բաքվի ջարդերի ժամանակ մենք փախանք Կիրովաբադից ու եկանք հաստատվեցինք այստեղ: Երեխաներս փոքր էին: Ես բժշկականն եմ ավարտել, մասնագիտությամբ մանկաբարձ եմ, բայց ոչ մի անգամ չեմ աշխատել: Երեւանում էլ հիմնականում ամուսինս էր աշխատում՝ գերեզմանաքարերի պատվերներ էր վերցնում»,- պատմում է Ռոզա Դանիելյանը:

Ադրբեջանական ջարդարարությունից մազապուրծ այս ընտանիքը հայրենիքում մեծ հաջողությունների չի հասել: Ռոզան, չգիտես դժգոհելով, թե ափսոսալով ասում է, որ 26 տարի է Հայաստանում են, բայց ոչ մի քայլ սեփական կյանքը բարելավելու ուղղությամբ առաջ չեն գնացել: Ամուսնու հոգսը թեթեւացնելու եւ երեք տղաներին մեծացնելու նպատակով տիկին Ռոզան Վերնիսաժում ձեռագործ իրեր է վաճառել: «Ես ինքս եմ գործում, տանում եմ Վերնիսաժ վաճառելու,- ասում է Ռոզան,- թեւիս գցած ման եմ գալիս մի 2-3 ժամ, որ վաճառեմ: Սովորաբար շաբաթ-կիրակի եմ գնում: Այդ օրերին տուրիստներն ավելի շատ են լինում»:

Աննա անունով ծանոթներից մեկն օրերից մի օր Ռոզային առաջարկել է ամուսնուց հիշատակ մնացած գեղանկարների համար գնորդ գտնել: Այդ ժամանակ Ռոզան հիշել է հնաոճ իրերի առք ու վաճառքով զբաղվող Վլադիմիր Քոչարովին: 1993թ. Քոչարովը Ռոզայից գնել էր նրա ադամադե քարով բավական թանկարժեք մատանին, նրան տվել իր այցեքարտն ու ասել, որ պատրաստ է գնել ցանկացած հնաոճ, արժեք ներկայացնող իր: 

«Համ Աննան, համ Քոչարովը ինձ «զեմլյակ» են: Քոչարովը դեռ խորհրդային տարիներից անտիկվարիատի գործով է զբաղվել: Ինքը երկար տարիներ անտիկվարիատի խանութ էր աշխատացնում «պրոսպեկտի» վրա: Էն մութ ու ցուրտ տարիներին, որ ձեռքերիս փողը պրծել էր, մի հատ թանկանոց մատանի ունեի, որոշեցի դա վաճառել, որ ապրենք,- հիշում է Ռոզան,- ստիպված էի առաջարկել Քոչարովին, որովհետեւ ինքը միակն էր, որ առձեռն գումար էր տալիս: Ոսկերիչներն ասում էին՝ թող, երբ վաճառվի, փողդ կտանք, ես էլ վախենում էի, թե քարը կփոխեն: Ջրի գնով Քոչարովը առավ մատանին, ընդամենը 150 դոլար տվեց, էն դեպքում, որ սարքով ստուգեց, ասեց՝ շատ մաքուր ադամանդ է»:

Ռոզայի պատմելով՝ Աննան հրաժարվել է ամուսնուց ժառանգություն մնացած գեղանկարներն անձամբ վաճառել Քոչարովին՝ ասելով, թե ծեր, միայնակ կին է եւ չի ուզում, որ օտար մարդ մտնի իր տուն: «Ես համաձայնվեցի ինքս տանել նկարները, որովհետեւ վաճառքի դեպքում 10 տոկոսն էլ ինձ էր հասնում,- խոստովանում է Ռոզան,- ես Աննայի տված նկարները տարել եմ, Քոչարովը սարքով ստուգել է, որը հավանել է՝ փողը տվել, առել է»:

Աննա-Ռոզա-Քոչարով համագործակցությունը սկսվել է 2009թ.: Անցած երեք տարիների ընթացքում Քոչարովը 16 կտավ է գնել: Ռոզա Դանիելյանն ասում է, որ Քոչարովն ինքն է գնահատել գեղանկարները: Ո՛չ Աննան, ո՛չ Ռոզան երբեւէ որեւէ գին չեն սահմանել ու չեն առաջարկել: «Մեծ գումարներ չէր տալիս, բայց որ նկարը հավանում էր, գումարն անմիջապես տալիս էր, էդ էլ 100 կամ 300 դոլար էր, ոչ ավելի,-պնդում է տիկին Ռոզան,- վերջին անգամ 4 նկար եմ տարել: Ինքը ստուգեց, վերցրեց, բայց փողը չտվեց: Հետո մի որոշ ժամանակ անց հայտարարեց, թե կեղծ են, թե իբր ստորագրություն է կեղծած եւ այլն»:

Ռոզան առաջարկել է վերադարձնել կտավները, մանավանդ, որ Քոչարովը դրանց համար չէր վճարել, սակայն մերժում է ստացել: Քոչարովը հայտարարել է, որ կտավների պատճառով ինքը մեծ գումարներ է կորցրել եւ պահանջել, որ Դանիելյանները փոխհատուցեն իրեն պատճառած վնասը: Ռոզան փորձել է ճշտել, թե ինչ վնասի մասին է խոսքը, եթե այդ կտավները որեւէ մեկը արտերկրում չի գնել, Քոչարովն էլ իրեն որեւէ գումար տեղում չի վճարել:

«Ես հարցրեցի, թե երկու տարի է անցել, հիմա նոր իմացա՞ր, որ նկարները իսկական չեն, բա ինչու՞ էիք պահում ձեզ մոտ, ինքն էլ թե՝ վերցրել տարել եմ Մոսկվա, ծախսեր եմ արել, էնտեղ ստուգել են, ասել են, որ կեղծ են, ես տուժել եմ,- պատմում է Ռոզա Դանիելյանը,- ես այս ամբողջ ընթացքում 5000 դոլար եմ ընդամենը աշխատել, մեր մեքենան ծախեցինք, էդ փողը տարա տվեցի իրան իրա տան մեջ, ասի՝ դե նկարները հետ տուր: Չտվեց: Ինձնից 20 հազար դոլար էր ուզում, ասում էր՝ թե չէ քեզ ու ամուսնուդ փակել կտամ»:

Վլադիմիր Քոչարովը դիմում է ներկայացրել Երեւանի ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ 2012թ. հունիսին որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժել: Ռոզա Դանիելյանը պատմեց, որ Քոչարովը սպառնացել է իրենց՝ ասելով, որ կհասնի իր ուզածին ամեն գնով: Սպառնալիքների մեջ Վլադիմիր Քոչարովը չի մոռացել մշտապես հիշեցնել Դանիելյաններին, որ ինքը լավ կապեր ունի «վերեւներում»: 2012թ. սեպտեմբերի 13-ին նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը վերացրել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, եւ հարուցվել է քրեական գործ:

Ռոզա եւ Յուսիֆ Դանիելյանները ներգրավվել են որպես մեղադրյալներ: Ռոզա Դանիելյանը ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ Յուսիֆ Դանիելյանը կալանավորվել է վիճարկվող կտավները կեղծելու մեղադրանքով: «Ամուսինս գերեզմանաքարի վրա անուն է ծեծում, մեկ էլ դպրոցական տարիներին նկարչական դպրոց է ավարտել, երեւի դրանից ելնելով էլ քննիչը որոշել է, որ ինքն է նկարների վրա ստորագրություններ կեղծել,- ասում է Ռոզան,- բայց ամուսինս դրանք կյանքում տեսած չկա: Խեղճ մարդն օրերով էն քաղաքում, էս գյուղում գերեզմաններում աշխատել է, որ մեզ պահի: Ոստիկանությունում Քոչարովին քննիչը հարց տվեց, թե մենք արդյոք իմացե՞լ ենք՝ ինչ նկարներ ենք բերել վաճառելու, ինքը քմծիծաղ տվեց, թե իրանք ո՞վ են, որ դա իմանան, Հայաստանում ռուս նկարիչների միակ մասնագետը ես եմ: Բա հետո ո՞նց եղավ, որ հանկարծ քննիչը որոշեց, որ ամուսինս կարար դրանք կեղծեր, էդպես էլ չհասկացանք»:

Դանիելյանների փաստաբան Հունան Բաբայանին այս գործում մեկ այլ բան է ապշեցրել: Մեկ տարի չորս ամիս տեւած նախաքննության ընթացքում որեւէ տվյալ ձեռք չի բերվել, որ կարող էր հաստատել Ռոզա եւ Յուսիֆ Դանիելյանների մեղքը: Այս ընթացքում չի նշանակվել դատաձեռագրաբանական փորձաքննություն: «Անձը կալանավորված է քննիչի տված եզարակացության հիման վրա փաստորեն,- ասում է փաստաբան Հունան Բաբայանը,- ավագ քննիչ Վահրամ Հովհաննիսյանն առանց նկարները փորձաքննության ուղարկելու որոշել է, որ դրանք կեղծել է Յուսիֆ Դանիելյանը: Հետագայում նույն քննիչն ավելի կոպիտ սխալ է թույլ տվել: 2013թ. օգոստոսի 23-ին, երբ որոշման մեջ արդեն իսկ գրել է, թե այսինչ անձն է կեղծել կտավները, դրանից միայն 4 ամիս անց հանկարծ որոշել է նկարներն ուղարկել փորձաքննության, մի բան, որ պետք է արվեր ամենասկզբում»:

Ըստ փաստաբանի՝ քննիչը գործի քննության հենց սկզբում գերազանցել է իր լիազորությունները՝ կատարելով նաեւ փորձագետի պարտականություններ եւ իր իսկ եզրակացության հիման վրա Յուսիֆ Դանիելյանին կալանավորելու որոշում կայացրել: Կտավները փորձաքննության ուղարկելու որոշումը կայացվել է 2013թ. դեկտեմբերին: Փորձաքննության արդյունքներն առայժմ հայտնի չեն, իսկ 55-ամյա Յուսիֆ Դանիելյանը շարունակում է մնալ կալանքի տակ: Հունան Բաբայանի փոխանցմամբ՝ իր վստահորդի ինքնազգացողությունը վատացել է, եւ նա օրերս տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկի բուժական մաս:

Դանիելյանների գործի հետ առնչությամբ, նրա նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով փաստաբան Բաբայանը 2013թ. նոյեմբերի 13-ին եւ դեկտեմբերի 20-ին նամակով դիմել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայություն, սակայն մինչ օրս որեւէ պատասխան չի ստացել: Մեկ նամակ էլ այս տարվա հունվարի 20-ին ուղարկվել է ՀՀ նախագահի օգնական Կուտոյանին՝ կրկին պատասխանի ակնկալիքով:

Հունան Բաբայանը համարում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ակնհայտ անգործություն է ցուցաբերում: «Դատախազությունը 6 ամիս է անգործություն է դրսեւորում եւ ոչ մի կերպ չի արձագանքում Դանիելյանին անհիմն մեղադրանք առաջադրելու եւ շարունակաբար կալանքի տակ պահելու վերաբերյալ իմ բազմաթիվ դիմումներին եւ միջնորդություններին: Դատախազության պասիվ վարքագիծը հանգեցրել է նրան, որ, իմ տեղեկությամբ, օրերս գործը քննող քննիչը պատրաստվում է միջնորդել իմ վստահորդի կալանքի ժամկետը երկարացնելու համար: Այն տպավորությունն է, որ Յուսիֆ Դանիելյանը մի սարսափելի հանցագործ է, ում պետք է անպայման պահել հսկողության տակ»,- հավելում է Հունան Բաբայանը:

Մեկնաբանություններ (2)

hasmik
axvan tajlat pashaji zeri gorcn e, poxy vercnum e u anmexin kalanavorum aknkalelov vor mjus koxmn el e pox talu, mi zerqov 2 hancagorcutjun katarelov
Վ. Առաքելյան
Դանիելյանին անօրինաբար կալանքի տակ պահողներին անհրաժեշտ է կալանավորել: Հայտնի գեղանկարիչների գործերը ինչպես հայտնի է կարող է գնահատվել տասնյակ հազարավոր դոլարներով: Նման արժեքների հիմնական գնորդները Աղվան Հովսեփյանի կամ ասենք իրենց բանկային հաշվեհամարներում միլիոնավոր դոլլարներ կուտակած և այսօր պատգամավորի աթոռներին բազմած ,,հայրենասերներն,, են, որոնց միլիոնները հիմնականում ժողովրդի ունեցածը զավթելու միջոցով է գոյացել: Չեմ էլ կասկածում, որ Վլադիմիր Քոչարովը այդ կտավները երկրից դուրս հանելու հնարավորություն ունեցող Աղվանի նման մեկին չի տվել, որն էլ հայտնաբերելով կեղծիքը կոկորդով մեկ բղավել է` ,,Հայաստանում կեղծելու, խաբելու, մարդկանց անօրինաբար ձեռբակալելու, սպանելու իրավունքը միայն մեզ է տված,,:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter