Պետությունը կսուբսիդավորի բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի մի մասը
Այսօր ԼՂՀ կառավարության նիստում հաստատվել են Արցախի գործարար միջավայրի բարելավմանը, տնտեսական զարգացմանը, անշարժ գույքի կադաստրի զարգացմանը եւ գյուղատնտեսությանն ուղղված մի շարք ծրագրեր:
Գործադիրը հաստատեց գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը և պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի գնահատման և հաստատման կարգը: Նախատեսվում է այդ ոլորտում իրականացնել շարունակական բարեփոխումներ, ինչպես նաև հետևողական քայլեր ձեռնարկել գործարարությամբ զբաղվելը դյուրացնելու և պետական անհարկի միջամտությունները բացառելու անհրաժեշտությամբ:
Նիստում հաստատվեց տնտեսական զարգացմանն ուղղված 2014 թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող միջոցառումների ծրագիրը: Նախատեսված 30 մլն դրամով աջակցություն կցուցաբերվի տնտեսական համաժողովների և ցուցահանդեսների կազմակերպմանը, կվերազինվի սննդամթերքի փորձարկման լաբորատորիան և այլն:
Գործադիրի հավանությանն արժանացան նաեւ 2014թ. պետական բյուջեով նախատեսված գյուղատնտեսական ծրագրերը և միջոցառումները: Մոտ 3 մլրդ դրամ է հատկացվելու 12 գյուղատնտեսական կարևոր նշանակության ծրագրերի իրագործման համար: Մասնավորապես, կիրականացվեն բույսերի պաշտպանության, անասնաբուժական և սանիտարական սպասարկման միջոցառումներ, աջակցություն կցուցաբերվի « Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին», տոհմային կայանին և այլ ծրագրերի: Նշված աշխատանքների իրականացման համար գյուղնախարարությունը պարտավորվում է պայմանագրեր կնքել համապատասխան ընկերությունների հետ` հաշվի առնելով կատարվող աշխատանքների առանձնահատկությունները և հետագա հսկողություն սահմանել դրանց նկատմամբ:
Կառավարությունը հաստատեց 2014թ. պետակա բյուջեի միջոցների հաշվին իրականացվող անշարժ գույքի կադաստրի զարգացման 2014թ. համալիր ծրագիրը, համաձայն որի` նախատեսվում է 2014 թվականին կադաստրի համակարգի կողմից իրականացնել մոտ 303 մլն դրամ ընդհանուր արժեքով 10 ծրագրային աշխատանք, մասնավորապես, ԼՂՀ տարածքում համայնքների, բնակավայրերի 1:2000 մասշտաբի տեղագրական հանութագրման և կադաստրային քարտեզագրման, ԼՂՀ աշխարհագրական անվանումների հաշվառման ու գրանցման և այլ ուղղություններով:
Հաստատվեց նաև 2014թ. պետական միջոցների հաշվին իրականացվող մարզական կենտրոնացված միջոցառումների և մարզական ֆեդերացիաներին ցուցաբերվող ֆինանսական օգնության ծրագիրը: Ֆեդերացիաների կողմից ֆինանսական միջոցների բաշխման վերաբերյալ բողոքներից խուսափելու համար վարչապետը հորդորեց ֆինանսները ըստ ֆեդերացիաների հատկացնել հիմնավորմամբ և արդար սկզբունքներով:
Էլեկտրական էներգիայի նախկին և գործող սակագների տարբերության փոխհատուցումից ելնելով` այսօր ընդունած որոշմամբ, պետությունը կսուբսիդավորի բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի մի մասը (ցերեկային սակագնի համար 13, իսկ գիշերայինի համար` 8 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը):
Գործադիրի որոշմամբ փոփոխության ենթարկվեց ոստիականության կողմից պահպանության ենթակա պետական մարմինների ու կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը` այնտեղ ընդգրկելով գյուղնախարարության նոր մասնաշենքը:
Հաստատվեցին պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած ուսանողների` ԱրՊՀ ուսանողության շարքերում վերականգնելու նպատակով բակալավրի առկա ուսուցման համակարգում ձևավորված անվճար տեղերը: 7 մասնագիտությունների գծով 89 ուսանողի համար սահմանվել են համապատասխան տեղեր, որոնցից 19-ը` անվճար: Կառավարության անդամների հավանությանն արժանացավ նաև կրթության և գիտության նախարարության 2014 թ. կենտրոնացված միջոցառումների ծրագիրը, որն իր մեջ ընդգրկում է կրթական բարեփոխումներին նվիրված միջոցառումներ, առարկայական օլիմպիադաների, գիտաժողովների կազմակերպում ու հրատարակչական գործունեություն, դպրոցական ամառային հանգիստ և այլ միջոցառումներ:
Կառավարության հաստատմանը ներկայացվեցին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական կադաստրի վարման, կազմման և ներդրման կարգերը: Քննարկման արժանացավ ԼՂՀ Ասկերանի, Հադրութի և Մարտակերտի շրջանների հուշարձանների պահպանական գոտիների, ինչպես նաև Շուշիի և Ասկերանի շրջանների վարչական տարածքներում գտնվող «Հունոտի կիրճ» բնապատմական արգելոցի և Ասկերանի շրջանի վարչական տարածքում գտնվող «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոցի և Հադրութի շրջանի վարչական տարածքում գտնվող «Տողի մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցի հողերի ցանկի մասին որոշման նախագիծը: Ցանկում ընդգրկված պահպանության ենթակա պատմամշակութային մեծ տարածքները, ըստ Ա. Հարությունյանի` տնտեսական նշանակության աշխատանքներ կատարելու ժամանակ հնարավոր խնդիրներ կարող են առաջացնել, ուստի առաջարկվեց լրացուցիչ քննարկել և ուսումնասիրել հարցը:
Կառավարությունը հանդես եկավ նաև օրենսդրական նախաձեռնություններով: Քննարկվեց «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը: Օրենքի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի վերահսկել հանրապետություն մտնող յուրաքանչյուր վտանգավոր բեռի ընթացքը, տեղեկատվություն ստանալ դրա վերաբերյալ և կանխարգելել վտանգավոր բեռի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի ու բնակչության վրա:
ԼՂՀ ընտանեկան օրենսգրքում և քաղաքացիական կացության ակտերի մասին օրենքում ներկայացված փոփոխություններով ու լրացումներով առաջարկվում է կանանց և տղամարդկանց համար սահմանել միևնույն ամուսնական տարիքը` 18 տարեկան: Միաժամանակ, կնոջ և տղամարդու համար հավասարապես սահմանվում են ամուսնական տարիքի բացառություններ. մասնավորապես, անձը կարող է ամուսնանալ նաև 17 կամ 16 տարեկանում, եթե առկա է վերջիններիս ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը և եթե զույգերից մեկը 18 տարեկան է: Օրինագծերը կներկայացվեն Աժ-ի քննարկմանը:
Նիստի ավարտին ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետը հանդես եկավ Իսպանիայի Մադրիդ քաղաքում կայացած միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում ԼՂՀ պատվիրակության մասնակցության մասին հակիրճ տեղեկատվությամբ:
Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել