
Իշխանություն + ժողովուրդ = մարմնավաճառ + «կլիենտ»
«Հիշու՞մ եք՝ 90-ականներին մի պահ ամեն ինչ Վանոյի ձեռքին էր, հենց ասում էին Հայաստան, պատկերացնում էին`Վանո: Անեկդոտ. երկու ավտոտեսուչ կանգնած խոսում են, ասում է` «Լսիր, Քլինթոնը վերընտրվել է», մյուսը գոռում է` «Մալադե’ց, Վանո»: Հիմա մեր շախմատիստները դարձել են աշխարհի չեմպիոն, ասում են` մալադեց Սերժ»,- լրագրողների հետ հանդիպումը այսպես սկսեց դերասան Վարդան Պետրոսյանը:
Արդեն մի քանի տարի է, ինչ Վ. Պետրոսյանը հայ հանդիսատեսին ներկայանում է ժանրային տարաբնույթ ներկայացումներով: Այս տարվա «Սեռասարսափ» ներկայացումը կինոներկայացում է: Բանախոսի ներկայացմամբ՝ այն հիմնականում ուղղված է երիտասարդ սերնդին:
«Այսօրվա երիտասարդ սերունդն իրեն լքված է զգում մեր կողմից: Հիմա ժամանակները այնքան են փոխվել, որ ոչ թե պապ ու թոռ նույն երգը չեն երգում, այլեւ ավագ ու կրտսեր եղբայրներ տարբեր երգեր են երգում. նրանք տարբեր արժեքներ ու տարբեր հերոսներ ունեն»,- ասաց բանախոսը` նշելով, որ վաղվա լրջագույն հարցերը մնալու են անպատասխան, քանի որ այսօր միջավայր չի ստեղծվում, որտեղ երիտասարդները զարգանան:
Ներկայացումը մի քանի անգամ փոխել է իր անունը` կապված քաղաքական զարգացումների հետ:
«Եղել է «Յո՞ երթաս», «Մի վախեցեք» եւ մի քանի այլ տարբերակներ, բայց զարգացումներն այնքան արագ են ընթանում, որ ես անընդհատ ստիպված էի լինում փոխել թե վերնագիրը, թե ինչ-որ սյուժետային գծեր»,- ասաց Վ. Պետրոսյանը:
Դերասանը մի փոքր բացեց փակագծերը: Ներկայացման մեջ նա մարմնավաճառի եւ հաճախորդի հարաբերությունները համեմատում է իշխանություն-ժողովուրդ հարաբերությունների հետ: Մարմնավաճառ հերոսուհին ու նրա դպրոցական սերը` մի բիզնեսմեն, պատահաբար հանդիպում են, ու նրանք աստիճանաբար կերպարանափոխվում են՝ վերածվելով իշխանության եւ ժողովրդի:
Բանախոսը, անդրադառնալով երկրի ներքին քաղաքական իրականությանը, անկեղծացավ, որ դեռ 2008 թվականին ինքը սպասում էր, որ իշխանության եւ ընդդիմության միջեւ կլինի երկխոսություն, որի միջոցով երկու ուժերը կկարողանային երկիրն առաջ մղել:
«Հիմա շատերը չեն հավատում, որ այս երկխոսությունը մի բան կփոխի: Ես անկեղծ ասեմ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Սերժ Սարգսյանն այնքան խելացի մարդիկ են, որ ես չեմ ուզում հավատալ, թե նրանք չեն տեսնում այս ամենը, եւ այս ամենից դուրս գալու ելքերի մասին չեն մտածում»,- եզրափակեց դերասանը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել