
100 մլն դրամով տուգանված «CPS»-ի դեմ գործով նոր որոշում կլինի
Առաջիկա մեկ-երկու ամսում պարզ կդառնա, թե Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վերջնական ինչ որոշում է կայացնելու բենզինի մատակարար, «Ֆլեշ» ՍՊԸ-ից հետո բենզինի եւ դիզվառելիքի շուկայում երկրորդ գերիշխող «Սիթի Պետրոլ Գրուպ» ՍՊԸ-ի (ապրանքանիշը՝ «CPS») հանդեպ, որին 2012-ի մարտի 14-ին տուգանել էր 100 մլն դրամով: Բանն այն է, որ այս ընկերությունը նույն տարվա դեկտեմբերին վարչական դատարանում վիճարկել էր ՏՄՊՊՀ-ի որոշումը, սակայն արդեն 2013-ի մայիսին ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Դանիելյանը հետ էր վերցրել հայցը եւ խնդրել կարճել գործի վարույթը: Դատավոր Քրիստինե Մկոյանը մայիսի 15-ին գործը կարճել էր:
Մյուս կողմից՝ դատավարության ժամանակ, ըստ ՏՄՊՊՀ-ի, ի հայտ են եկել փաստեր, որոնց մասին կառույցը տեղյակ չի եղել, երբ 2012-ին տուգանքի որոշում է կայացրել: ՏՄՊՊՀ-ն «Հետքին» վերջերս հայտնել էր, որ «դատական գործընթացի ժամանակ «CPS»-ը ներկայացրել է այնպիսի փաստաթղթեր եւ տեղեկատվություն, որոնք չեն համապատասխանել վարչական վարույթի ընթացքում ներկայացված տեղեկատվությանը: Հանձնաժողովը, հիմք ընդունելով ընկերության կողմից դատարանում ներկայացված հաշվապահական փաստաթղթերը, պարզել է, որ վարչական վարույթի ընթացքում հանձնաժողով է ներկայացվել ոչ հավաստի տեղեկատվություն: Եվ, քանի որ օրենքով հանձնաժողովը տնտեսվարողի մոտ փաստաթղթային ուսումնասիրություն իրականացնելու իրավասություն չունի, կեղծիքը հնարավոր չէր բացահայտել ի սկզբանե: Կեղծ տեղեկատվություն ներկայացնելու համար ընկերությունը կրկնակի անգամ ենթարկվել է պատասխանատվության՝ 5 մլն դրամի չափով, որը տվյալ դեպքում օրենքով սահմանված ամենախիստ պատասխանատվությունն է»:
ՏՄՊՊՀ մամլո քարտուղար Գայանե Սահակյանը հայտնեց, որ «CPS»-ն արդեն վճարել է 5 մլն դրամ տուգանքը: Իսկ ինչ վերաբերում է 100 մլն դրամ տուգանքին, ապա այդ մասով ՏՄՊՊՀ-ում փաստաթղթային ուսումնասիրություններ են կատարվում այժմ: Առաջիկա շաբաթներին պարզ կլինի, թե ինչ է որոշել հանձնաժողովը:
Հիշեցնենք, որ 2012-ի մարտին ՏՄՊՊՀ-ն տուգանեց «CPS»-ին այն բանի պատճառով, որ, ըստ հանձնաժողովի, ընկերությունը ժամանակին չարաշահել էր իր գերիշխող դիրքը: Եվ դա արել էր այսպես. իր մեծածախ բազաների վառելիքն ավելի փոքր տնտեսվարողներին վաճառել էր այն գնով, ինչ գնով ինքն իրականացնում էր մանրածախ վաճառք իրեն պատկանող բենզալցակայաններում: Փոքր ընկերություններն էլ հայտնվել էին փակուղու առաջ, որովհետեւ չէին կարող «Սիթի Պետրոլ Գրուպ»-ից գնած բենզինը վաճառել ավելի թանկ, քան այն գինը, որով առել էին: Ասել է թե՝ նույն այն գինը, որով մանրածախ սպասարկում է կատարում «Սիթի Պետրոլ Գրուպ»-ը: Հատկապես վատ վիճակում էին հայտնվել մարզերի տնտեսվարողները, որովհետեւ մեծածախ բազաներ շատ շրջաններում ունի միայն այս ընկերությունը: Օգտվելով առիթից՝ «Սիթի Պետրոլ Գրուպ»-ը կլանել էր փոքր ընկերություններին, որոնց տերերը ստիպված իրենց բիզնեսը վաճառել էին ՍՊԸ-ին կամ նրա հետ կնքել էին համատեղ օգտագործման ոչ շահավետ պայմանագիր:
««Սիթի Պետրոլ Գրուպ»-ը միտումնավոր եւ նպատակաուղղված գործունեություն է ծավալել` ուղղված այլ տնտեսվարողներին պատկանող բիզնեսի ոչնչացմանը եւ սեփական բիզնեսի էլ ավելի խոշորացմանը: Ընկերության նման քայլը խոչնդոտում է ոչ միայն փոքր բիզնեսի զարգացմանը, այլ նաեւ խաթարում է մրցակցային դաշտն ընդհանրապես, ինչն անընդունելի է»,- հայտարարել էր ՏՄՊՊՀ-ն եւ ընկերության դեմ կիրառել 100 մլն դրամ տուգանք:
Օրենսդրությամբ այսպիսի խախտման դեպքում նախատեսվում է 5-200 մլն դրամի պատիժ: Գայանե Սահակյանը դժվարացավ ասել, թե ինչպիսին կլինի նոր որոշումը՝ ավելի մե՞ղմ, թե՞ կոշտ: Միաժամանակ նշեց, որ ոչինչ չի կարող բացառել՝ ի պատասխան հարցին, թե հնարավոր է, որ ընդհանրապես տուգանք չլինի: Սահակյանը նաեւ վստահություն հայտնեց, որ ընկերությունն այս որոշումը նույնպես վիճարկելու է դատարանում, քանի որ տուգանված տնտեսվարողների համար սա սովորական պրակտիկա է դարձել. նրանք, անկախ ամեն ինչից, գրեթե միշտ օգտվում են օրենսդրությամբ ընձեռված հնարավորությունից եւ ՏՄՊՊՀ-ի տուգանքները վիճարկում դատարանում:
Մեր կողմից հավելենք, որ փոքր ընկերություններին «կլանելն» այսօր ակնհայտ պատկեր է ձեւավորել բենզինի ու դիզվառելիքի շուկայում: Անկախ նրանից՝ դա արվել է օրենքի շրջանակներում, թե ոչ, գերիշխողներ «Ֆլեշը», «CPS»-ը, ինչպես նաեւ «Միկան», «Մաքսհուրը», ավելի փոքր ընկերությունների հետ պայմանագրեր ստորագրելով, նրանց վառելիք են մատակարարում, որը վաճառվում է իրենց ապրանքանիշի ներքո, եկամուտն էլ բաշխվում է ըստ պայմանավորվածության: Դա է պատճառը, որ մայրաքաղաքում կամ մարզերում նույնիսկ փոքր կրպակ-լցակայանների վրա կարելի է տեսնել այս մեծ ընկերությունների անվանական վահանակները:
Մեկնաբանություններ (18)
Մեկնաբանել