Ավագանու անդամը բյուջեից 5 մլն դրամ «Վերածնունդ» փառատոնին հատկացնելը համարում է գումարի փոշիացում
Գյումրիում արդեն 6-րդ տարին անցկացվող երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային փառատոնի համանախագահ Լեւոն Սարգսյանը նամակով դիմել էր Գյումրու քաղաքապետին՝ խնդրելով դրամական աջակցության: Փառատոնը պատշաճ ձեւով կազմակերպելու եւ անցկացնելու նպատակով համայնքային բյուջեից 5 մլն դրամ տրամադրելու հարցը քննարկվեց այսօր կայացած ավագանու նիստի ժամանակ:
Ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանի համար նման խնդրանքն առնվազն անտրամաբանական է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ «Վերածնունդ» փառատոնը տարիներ շարունակ անցկացվել է բավական հզոր եւ մեծ եկամուտներ ունեցող կազմակերպությունների ու անձերի ֆինանսական աջակցությամբ:
Գյումրու 2014թ-ի բյուջեի «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով տարվա ծախսն ընդամենը 9 մլն դրամ է, որից 5 մլն դրամը Լեւոն Սարգսյանը՝ ՀՀ նախագահի եղբայրը, դիմել է, որպեսզի հատկացվի «Վերածնունդ»-ին:
«Փյունիկ» հիմնադրամը 2012թ-ի ունեցել է Գյումրիի բյուջեին հավասարազոր եկամուտ՝ 2 մլրդ դրամից ավելի, 2011թ-ի եղել է 1 մլրդ,-ներկաների ուշադրությունն առկա փաստերի վրա հրավիրեց ավագանու անդամ Լեւոն Բարսեղանը,-ինձ համար անձամբ անհասկանալի է, թե ինչու՞ նման ահռելի միջոցներին տիրապետող կազմակեպության նախագահը դիմում է աղքատությամբ Հայաստանի երեւի առաջին 3 քաղաքների մեջ գտնվող քաղաքին՝ ուզենալով այդ գումարը տանել: 5 մլն դրամով կարելի է գնել երկու բնակարան անօթեւան որեւէ ընտանիքի համար, կարող ենք 4-5 հազար պարկ վառելափայտ առնել եւ 4 հազար անօթեւան ընտանիքների տալ, որպեսզի 2-3 օր տաքանան: Դուք լավ գիտեք մեր բյուջեի վիճակը եւ ավելորդ անգամ այն ներկայացնելու կարիք չկա: Օժանդակել փառատոնին մենք կարող ենք, սակայն նախ պետք է հասկանալ, թե ինչի վրա են նրանք պատրաստվում ծախսել բյուջեից ստացած 5 մլն-ը»:
«Վերածնունդ» փառատոնի կազմակերպիչները տարբեր առիթներով մշտապես հայատարարել են, որ այն անցկացվում է հովանավորների աջակցությամբ՝ մոռանալով հրապարակել փառատոնի մասնակիցների կողմից կատարվող դրամական ներդրումների չափը: Նրանց փոխարեն ավագանու նիստի ժամանակ դա արեց ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը:
Վերջինս ուսումնասիրել էր ապրիլի 9-ից 19-ը Գյումրիում անցկացվելիք փառատոնի հայտարարությունը եւ հայտնաբերել, որ արտերկրից մասնակցության հայտ ներկայացրածները պարտավոր են մասնակցային վճար կատարել 80-100 եվրոյի չափով, Հայաստան-ԼՂՀ մասնակիցները՝ 3 հազարից 6 հազար դրամի չափով, երգչախումբը՝ 20 հազար դրամի չափով: Հյուրերի ճնշող մեծամասնությունը Գյումրիում իր կեցության, տրանսպորտի ու սնվելու հարցն անձամբ է կարգավորելու՝ բացառությամբ Գալա համերգի մասնակիցների: «Գալա համերգի մասնակից հյուրերի երկու գիշերավարձն է նախատեսում այս փառատոնը ծածկել,-նշեց Լեւոն Բրասեղյանը,-ես ենթադրում եմ, որ մասնակցային այս գումարները, որը հրապարակեցի, փառատոնի բյուջեի՝ 197 մլն դրամի հետ կապ չունեն»:
Քաղաքապետ Սամվել Բալասանյանը «Վերածնունդ» փառատոնը կոչեց լուրջ երեւույթ եւ հայտարարեց, որ համայնքի բյուջեն կարող է իրեն թույլ տալ 5 մլն դրամով մասնակցություն ունենալ նրա կազմակերպմանը: «Որովհետեւ միջազգային փառատոն է,-բացատրեց քաղաքապետը,- ամեն տարի բազմաթիվ հյուրեր են այցելում փառատոնի անցկացման օրերին, պետք է, որ այն պատշաճ ձեւով կազմակերպվի, դրա համար էլ բոլորս պիտի հասկանանք ու աջակցենք»:
Փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանն էլ իր հերթին նշեց, որ մշակութային միջոցառումների համար բյուջեից նախատեսվել է 50 մլն դրամ եւ այն վերածել բնակարանի ու վառելափոյտի՝ նշանակում է քաղաքը թողնել առանց մշակութային միջոցառումների:
«Վերածնունդ» փառատոնի անցկացման նպատակով, որպես աջակցություն 5 մլն դրամ տրամադրելուն կողմ քվեարկեցին ներկա ավագանիներից 18-ը: Լեւոն Բարսեղյանն, ինչպես եւ սպասվում էր՝ դեմ քվեարկեց: Նրա համոզմամբ նման հարուստ հովանավորներ ունեցող միջոցառմանը բյուջեից 5 մլն տրամադրելը հավասարազոր է գումարը փոշիացնելուն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել