HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բողոքում է ԱՊՊԱ-ից եւ դատավորից

Վերջին ժամանակներս ավելի ու ավելի են սաստկացել ԱՊՊԱ ի գործունեության մասին ծավալվող քննարկումները: Քանի գնում, այնքան ավելի ահագնանում է ԱՊՊԱ ընկերությունների ճնշումը ժողովրդի վրա: Այն ժողովրդի, որն առանց այն էլ կանգնած է օրեցօր խորացող ճգնաժամին դեմ առ դեմ: Իմ պատմությունն էլ առանձնապես չի տարբերվում մնացած պատմություններից՝ կա ճնշում ԱՊՊԱ ընկերության կողմից, կա դատական համակարգի կամայականություն իմ՝ ՀՀ քաղաքացուս նկատմամբ: Որպեսզի ասածներս մերկապարանոց հայտարարություններ չընկալվեն, դրանք հիմնավորեմ փաստերով:

2012 թվականի ապրիլի 6 ին 2.5 տարեկան թոռնիկիս շտապ տեղափոխում էի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն առաջին բուժօգնության նպատակով՝ բարձր ջերմությամբ և զույգ ականջների բորբոքումով: Դուստրս և թոռնիկս նստեցին մեքենաս և ես հետընթաց շարժումով ուղղում էի այն, որպեսզի երթևեկեմ դեպի հիվանդանոց, իմ մեքենայով հպվեցի մեր բակում կայանված Մերսեդես Բենց Ե320  մեքենային, սակայն լինելով հոգեկան հուզմունքի վիճակում և խուճապահար, չզգացի հպման պահն ու շտապ երթևեկեցի հիվանդանոց: Այնտեղ ստանալով առաջին բուժօգնություն և դեղորայքի համապատասխան նշանակում վերադարձանք տուն և նկատելով բակում կանգնած Մերսեդես Բենց Ե320 մակնիշի մեքենայի թեթև վնասվածքը, արդեն առանց խուճապի, համոզվեցի, որ այն կատարվել է իմ կողմից հետընթաց կատարելու հետևանքով ու փնտրեցի մեքենայի տիրոջը, հրավիրեցի ԱՊՊԱ աշխատակիցներին, ազնվորեն բացատրեցի տեղի ունեցածը, ասացի որ հպումից հետո գնացել եմ հիվանդանոց, վերադարձել եմ ու նոր միայն հրավիրել իրենց: Նրանք իհարկե շատ բարեհամբույր լսեցին ինձ, նկարեցին մեքենաները, ստուգեցին իմ հարբածության աստիճանն ու ասացին, որ խնդիր չեն տեսնում և տուժած մեքենայի վարորդին կհատուցեն վնասը: Միայն պատահարից մոտավորապես 8 ամիս անց ինձ հրավիրեց ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ (http://www.ingoarmenia.am/ ) ներկայացուցիչ Ա. Կիվիրյանը և հայտնեց,  որ   ես և դուստրս պետք է գրենք բացատրություն, որտեղ ընդամենը նշեցինք, որ հպումից հետո հեռացել եմ ու վերադառնալուց հետո եմ միայն հրավիրել ԱՊՊԱ աշխատակիցներին, ինչպես նաև նրան հանձնեցի Սբ. Աստվածամայր ԲԿ-ից վերցրած տեղեկանքի պատճենը մեր այցելության մասին:

2013 թվականի նոյեմբերին ստացա ծանուցագիր Երևանի Ավան և Նոր Նորք առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից առ այն, որ ես որպես պատասխանող հրավիրվում եմ դատարան, իսկ հայցվորը ոչ ավել, ոչ պակաս ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ-ն է: Փաստորեն ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ-ն երկար մտածելուց հետո որոշեց դատարանով ինձանից հետ գանձել այն գումարը՝118500 դրամ, որը հատուցվել էր տուժած մեքենայի տիրոջը: Ճիշտն ասած մտածեցի որ մեր «արդար» ու «մարդասեր» դատարանում ես կարող եմ պաշտպանել իմ իրավունքներն ու փորձ էլ չարեցի ականջալուր լինել ՄԻՊ Կարեն Անդրեասյանին և առաջարկել դատավոր Կ. Բաբայանին 11850 դրամ (իր հասանելիքն ըստ պն Անդրեասյանի) դատական վեճն իմ օգտին որոշելու համար: Մինչև վերջ անկեղծ լինելու համար ասեմ, որ ես՝ բազմավաստակ մանկավարժս, այնքան էլ լուրջ չէի վերաբերում ՄԻՊ հայտարարությանն ու մտածում էի, որ ինչ էլ լինի դատարանը հաշվի կառնի դեպքի բոլոր հանգամանքները , բայց այդպես մտածում էի ես՝ իսկ դատավորն ու ԱՊՊԱ ներկայացուցիչ Ա. Կիվիրյանը մտածում էին այլ կերպ: Կիվիրյանն ինձ առաջարկում էր չբարդացնել ու հլու հնազանդ ենթարկվել և ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱՅԻՆ մուծել այդ գումարն, այլապես միևնույն է դատարանը բռնագանձելու է այն, և դա այն դեպքում, երբ առաջին դատական նիստը դեռ չէր էլ սկսել: Նորից կասկածանքով՝ ազնիվ վարժապետի նման, վերաբերեցի հերթական հայտարարությանն ու նորից հասկացա որ սխալվել եմ, երբ առաջին դատական նիստն սկսելուն պես դատավոր Կ. Բաբայանը հետաքրքրվեց, թե բերել եմ ՓՈՂԸ, որ վճարեմ: Ես, իհարկե, հանդիմանեցի, բայց դե հասկացա, որ հարցի կոնտեքստն այլ է՝ Եկել ես ստեղ, որ ինչ անես, ՓՈՂԸ բեր, ՓՈՂԸ: Այս ամենի տխուր վերջաբանն այն էր, որ քանիցս լսեցի դատավոր Կ. Բաբայանի  խստաբարո և զարմանք հարուցող արտահայտությունները.

-դու չես եկել ստեղ հարցեր տալու, ստեղ հարցեր տվողը ես եմ  (արտահայտության տոնն ու առոգանությունն այնպիսին էր, որ ինձ թվաց, թե ինչ որ փողոցային հեղինակության մոտ «ռազբորկայի» եմ գնացել)

-եթե  վրաերթ անեիր, ինչ պիտի անեիր, էլի պիտի  թողնեիր,  թոռնիկիդ տանեիր հիվանդանոց  (փաստորեն վճիռ կայացնելիս պ-ն Կ. Բաբայանը առաջնորդվում է «եթե» ներով)

 -ես հաստատ իմ երեխային չէի հասցնի հիվանդանոց, այլ կզանգեի ու կսպասեի ԱՊՊԱ -աշխատակիցներին, ինչ էլ որ լիներ (ինչպիսի դեմագոգիա, ինչպիսի ցուցադրական «օրինապաշտություն»)

-պ-ն Կիվիրյան այ էսպես խիստ եղեք, լավ եք աշխատում   (մենք ձեր հետ ենք, դուք դիմեք, մենք կբավարարենք)

Իհարկե, այսքանից հետո ստացա այնպիսի վճիռ, ինչպիսին կանխորոշված էր՝ «առանց հիմնավոր պատճառի պատահարի վայրը լքելու համար ինձանից բռնագանձվեց 118500 դրամ» և հիմա չեմ կարողանում կողմնորոշվել, ականջալուր լինել Մարդու իրավունքների պաշտպան  Կարեն Անդրեասյանին և որոնել Վերաքննիչ դատարանի այն դատավորին, ով քննելու է իմ վերաքննիչ բողոքն ու առաջարկել իր «ՓԱՅԸ»  ինձանից 118500 դրամը չբռնագանձելու դիմաց, թե սպասել արդար վճռի, կամ իմ այն հարցերի պատասխաններին, որոնք հաշվի չի առել Առաջին ատյանի դատարանը.

-եթե ես ցավերից ճչացող երեխայի հետ սպասեի ԱՊՊԱ աշխատակիցներին, ինչքան ժամանակում նրանք կժամանեին պատահարի վայր

-սահմանված է արդյոք, ինչ ասել է «հիմնավոր պատճառ»

-կա արդյոք պատահարի վայրը լքելու  «հիմնավոր պատճառ»- ների ցանկ, որի համադրությամբ կարելի է որոշել, որ մանկահասակ երեխային հիվանդանոց հասցնելը պատահարի վայրը լքելու «հիմնավոր պատճառ»  չէ

-ինչպես կարելի է պատահարի վայրից ժամանակավոր հեռանալը որակել որպես պատահարի վայրը լքել, այն դեպքում, երբ ինձ՝ «առանց հիմնավոր պատճառի պատահարի վայրը լքողիս», հայտնաբերելու  ուղղությամբ ոչ մի գործողություն (որոնում, հետախուզում) չի ձեռնարկվել, ինքս եմ որոնել ու գտել տուժողին, ինքս եմ զանգահարել ԱՊՊԱ  ու հայտնել պատահարի մասին և ԱՊՊԱ աշխատակիցները ժամանելուն պես հանդիպել են  ինձ հենց պատահարի վայրում:

Իրենց համարելով ամենակարող, ԱՊՊԱ ընկերությունները իրավունք են վերապահում կամայականորեն պայմանագիր չկնքել որպես տաքսի աշխատող մեքենաների վարորդների հետ, չվճարել ապահովադիրներին կամ պատեհ և անպատեհ առիթներով հետաձգել վճարումները: ԱՊՊԱ համակարգի ներդրումից հետո բազմաթիվ են ապահովադիրների իրավունքների կոպիտ ու կամայական խախտումները, ինչը նաև դատական համակարգի կողմից գործուն աջակցության և ընդունված օրենքների անկատարության և/կամ հակաժողովրդական լինելու արդյունք է: Օգտվելով ստեղծված իրավիճակից ԱՊՊԱ ընկերությունները օրենքի ցանկացած բաց օգտագործում են ապահովադիրներին կեղեքելու համար, չմտածելով, որ այդ գործելաոճը շատ շուտով հանգեցնելու է լուրջ դիմադրության:

Հ.Գ. 1.  Ակամայից հիշեցի մեր իշխանավորներից շատերի հոգևոր հայր Լենինին, որն ասում էր.

ՊՐՈԼԵՏԱՐԻԱՏԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱՆ ՄԻ ԶԵՆՔ Է ԲԱՆՎՈՐ ԴԱՍԱԿԱՐԳԻ ՁԵՌՔԻՆՙ ԲՈՒՐԺՈՒԱԶԻԱՅԻ ԳԼԽԻՆ:

 Հ.Գ. 2.  Հիմա կարելի է ասել.

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՄԻ ԶԵՆՔ Է  ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԻՆ՝ ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԳԼԽԻՆ:

Հ.Գ. 3. ԱՐԴԵՆ ՍԿՍԵԼ ԵՆ ՏԱՐԻՆԵՐ ԱՌԱՋ ՄԱՀԱՑԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ ՏՈՒԳԱՆԵԼ ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՉԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ: ԱՍՏՎԱԾ ՎԵՐՋԸ ԲԱՐԻՆ ԱՆԻ:

Արամ  Հարությունյան, Երևան, Մյասնիկյան 2, բն. 3

Մեկնաբանություններ (2)

Միայնակ Գայլ
Այս ընկերության արածը արդեն գրպանահատության է նման: Վերջերս ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս չկիրառեցին բոնուս-մալուս՝ պատճառաբանելով, որ համակարգչային ծրագիրը դեռևս պատրաստ չէ: ԱՊՊԱհամակարգը ներդնելու օրվանից մինր այժմ իրենց բաժանաորդն եմ, երբևէ ԱՊՊԱ պատահարի մասնակից չեմ եղել, բայց այլևս մտադիր չեմ շարունակել հարաբերությունները այդ ընկերության հետ:
ashot
Isk duq chanachum eq gone 1 datavori vor@ aranc kasharq talu e darzel datavor? Kam ardjoq chanachum eq gone 1 datavori ov kjanqum kasharq chi vercrel?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter