HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խնդիրներով մտահոգ

Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի անդրանիկ նիստը` վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Խորհրդի կազմում ընդգրկվել են պետական մարմինների, գործարար համայնքի, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ոլորտի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

Տիգրան Սարգսյանը նշել է. «Փոքր և միջին բիզնեսի զարգացումը մեզ համար ունի տնտեսական, քաղաքական և սոցիալական լուրջ բովանդակություն: Հայաստանի Հանրապետության կառավարության համար փոքր և միջին բիզնեսի զարգացումը մշտապես դիտարկվել է որպես գերակա խնդիր: Այս 3 տարիների ընթացքում մենք ձեռնարկել ենք միջոցառումներ, որոնց նպատակն է եղել ստեղծել բարենպաստ պայմաններ փոքր և միջին բիզնեսի զարգացման համար:

Փոքր և միջին բիզնեսի զարգացումը նաև նպատակ ունի ստեղծել Հայաստանի Հանրապետությունում միջին խավ, որը կունենա էական դերակատարություն քաղաքական, տնտեսական բարեփոխումների համար: Գաղտնիք չէ, որ հենց միջին խավն է, որ հանդիսանում է ցանկացած հասարակության կարևորագույն շարժիչ ուժը:

Մարդիկ, ովքեր պատասխանատվություն են ստանձնում իրենց տնտեսական ապագայի համար, ինքնուրույնաբար կայացնում են տնտեսական որոշումներ և հանդիսանում են պատասխանատու քաղաքացի երկրի համար: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ բարեփոխումների հիմնական շարժիչ ուժը եղել է և մնում է միջին խավը: Քաղաքացիական հասարակության ձևավորման տեսակետից նույնպես մենք գտնում ենք, որ առանց փոքր և միջին բիզնեսի հնարավոր չէ ունենալ լուրջ հաջողություններ:

Չնայած այն միջոցառումների, որ իրականացվել են վերջին 3 տարիների ընթացքում, դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ, խոչընդոտներ փոքր և միջին բիզնեսի զարգացման համար և համագործակցության այս ձևաչափը, որ մենք ստեղծում ենք, հնարավորություն է տալու մեզ մշտապես լինելով երկխոսության մեջ, ժամանակին բացահայտել խնդիրները և գտնել լուծումներ այդ խնդիրներին, ընդ որում, այնպիսի լուծումներ, որոնք ընդունելի լինեն նաև փոքր և միջին բիզնեսի համար: Մենք ձեզ հետ միասին պետք է ձևավորենք աշխատանքների օրակարգ, մշտապես այդ օրակարգը պետք է թարմացվի առաջին հերթին փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների կողմից: 

Մի կողմից` մենք պետք է հստակ պատկերացնենք այն ռազմավարությունը, որն ընկած է լինելու մեր քաղաքականության ներքո և այդ ռազմավարությունը պետք է անպայման ձեզ հետ համաձայնեցված լինի, հասկանալի: Մյուս կողմից` այդ ռազմավարությունն իրականացնելու ընթացքում մենք պետք է կարողանանք օպերատիվ հարցեր քննարկել ձեզ հետ, և այդ օպերատիվ հարցերը մեզ հնարավորություն են տալու պատկերացնել, թե իրական իրավիճակն ինչպիսին է և ինչ հոգսերով են ապրում փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները:

Համագործակցության այսպիսի ձևաչափեր` խորհուրդներ, մենք ունենք մի քանի ոլորտներում` տեղեկատվական տեխնոլոգիաների, բիզնես-միջավայրի բարելավման և այլն, և այսպիսի ձևաչափերն իրենց արդարացնում են: Այն հանգամանքը, որ խորհուրդը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, հնարավորություն է տալիս որոշ խնդիրներ լուծելու համար օպերատիվ ձևավորել միջգերատեսչական աշխատանքային խմբեր, տալ հստակ հանձնարարականներ, այդ միջգերատեսչական աշխատանքային խմբերում ընդգրկել նաև բիզնեսի ներկայացուցիչներին, որպեսզի լուծումները լինեն հավասարակշռված և հաշվի առնեն բոլորի շահերը: 

Հաշվի առնելով, որ այս դրական փորձն առկա է, համոզված եմ, որ նաև մեր նորաստեղծ` փոքր և միջին բիզնեսի զարգացման հարցերով զբաղվող խորհուրդը դրական արդյունքներ կտա: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել խորհրդի անդամներին, որոնք ներկայացնում են ոչ պետական հատվածը, որ համաձայնվել են ընդգրկվել խորհրդի կազմի մեջ և մեզ հետ միասին կատարել այս չափազանց կարևոր և պատասխանատու առաքելությունը»:

Անցնելով օրակարագային հարցերին` խորհուրդը հաստատել է իր աշխատակարգը և կառուցվածքը, ապա խորհրդի քարտուղար, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը ներկայացրել է խորհրդի գործարար համայնքը ներկայացնող անդամներին:

Այնուհետև խորհրդի անդամները բարձրացրել են ոլորտին առնչվող մի քանի մի շարք խնդիրներ, որոնց վերաբերյալ տրվել են պարզաբանումներ` համապատասխան գերատեսչությունների կողմից: 

Ամփոփելով խորհրդի առաջին նիստի աշխատանքները` վարչապետն ընդգծել է, որ ակնկալվում է խորհրդի անդամների ակտիվ աշխատանքը:

«Մեզ համար չափազանց կարևոր է, որպեսզի մեր քննարկումներն այս ձևաչափով չսահմանափակվեն: Մեր քննարկումների ոգին և տրամաբանությունը դուք պետք է փոխանցեք ձեր կազմակերպությունների անդամներին, շահագրգիռ այլ մարմիներին, քանի որ լրջագույն խնդիր է տեղեկատվության ներկայացումը: Շատ հաճախ մենք տեսնում ենք, որ մարդիկ տեղեկացված չեն այս կամ այն նորմի, օրենքի վերաբերյալ: Ուստի խորհուրդը լինելու է այն խողովակը, որի միջոցով շահագրգիռ մարմիններն ու անձինք տեղյակ կպահվեն նորմատիվային և այլ փոխությունների մասին»,- դիմելով ներկաներին` ասել է վարչապետը: 

Ինչպես հայտնում են կառավարության նմամուլի ծառայությունից, նախատեսվում է հիմնել խորհրդի կայքէջը և էլեկտրոնային հասցեն, որի միջոցով շահագրգիռ մարմինները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց մտահոգող խնդիրներն ու առաջարկությունները` փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման նպատակով:

Մեկնաբանություններ (1)

ԹԱԹՈՒԼ
ԱՅՍՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՔՈՎ ԲՈԼՕՐ ԲԻԶՆԵՍՆԵՐՆ ԵՆԹԱԿԱՅԵՆ ՊԱՐԶԱՊԵՍ ՍՆՆԿԱՑՄԱՆ ԲԱՌԻՍ ԲՈՒՆ ԻՄԱՍՏՈՎ ԴՐԱՆ ԳՈՒՄԱՐԱԾ ՀԱՅԿԱՅԻՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԶԱՍՏԱՎԻՏՈՎ ՏՈՒԳԱՆԵԼՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆՆ Է ՄԻԱՏ ՀԱՍԱՐԱԿ ԿՐՊԱԿԻ ՀԱՄԱՐ 700ԻՐ ԴՈԼԱՐՆ ՉԻ ՀԵՐԻՔՈՒՄ ՄԻԱՅՆ ԹՂԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԱՐ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter