HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Պետրոսյանի քրոջ նամակը՝ տուժող կողմի ներկայացուցչին

Հարգելի պրն Բալոյան

Ես Վարդան Պետրոսյանի քույրն եմ՝ Աշխեն Պետրոսյանը: Միգուցե զարմանաք, որ այսքան ժամանակ ես ձեզ չեմ գրել: Թերևս, պահը չէր: Դեռ շատ վիրավոր էր իմ հոգին:

Բայց հիմա զարմանքով և մեծ ուրախությամբ կարդացի փետրվարի 7- ին Aravot. am-ին տված ձեր «Բազմիցս խնդրեցինք կրակի վրա բենզին չլցնել» հարցազրույցը: Դուք գրում եք. «Անհրաժեշտությունից ելնելով եմ անդրադառնում News.am-ում տպագրված հոդվածին։ Բազմիցս խնդրեցինք կրակի վրա բենզին չլցնել… Եթե իրականում Վարդան Պետրոսյանը փորձում է տուժող կողմի հետ հաշտության եզրեր գտնել, ապա համոզված եմ, որ նրան այդ հարցում որևէ մեկը չի խոչընդոտում: Տուժող կողմը գիտակցում է, որ տեղի է ունեցել ավտովթար և ոչ թե` սպանություն»։

Սա ձեր կողմից ասված առաջին անկողմնակալ խոսքերն են, որոնք ողջախոհության տպավորություն են ստեղծում, և իմ մեջ լավատեսական զգացումներ արթնացնում:

Կարծում եմ գիտեք, որ  Վարդան Պետրոսյանի բարեկամները վթարից մի քանի օր անց, երկու անգամ հանդիպել են Հակոբյան ընտանիքի եղբայրներին՝ Արայիկին, Գագիկին և քեռիներին: Ես ինքս, անձամբ ներկա եմ եղել այդ հանդիպումներին: Հորեղբայրները մեզ ասել են, որ  Էդգարի և Էդուարդի ծնողները տեղյակ չեն այդ հանդիպումներից, որ նրանք չեն ուզում լսել Վարդանի անունն անգամ: Մենք ըմբռնումով ենք մոտեցել այս հանգամանքին: Հանդիպումներն անցել են զուսպ և քաղաքակիրթ մթնոլորտում: Այդ օրերին Հակոբյանները մեզ ասել են, որ իրենք ոչ մի բողոք չեն ներկայացրել քննչական մարմիններին, շատ լավ հասկանալով, որ տեղի է ունեցել դժբախտ պատահար՝ ողբերգական ավարտով: Նրանք պատրաստակամ էին քննարկել մեր հետագա հանդիպումը: Բայց Վարդանի հապճեպ կալանավորումը և առողջական վիճակի կտրուկ վատթարացումը խանգարեցին հետագա ընթացքին:

Երեխաների քառասունքից հետո ես և Վարդանի կինը հանդիպել ենք Հակոբյան ընտանիքի մի շատ մտերիմ մարդու հետ՝ խնդրելով, որ նա հնարավորություն ստեղծի մեզ համար հանդիպելու Էդուարդի և Էդգարի ծնողներին: Հաջորդ օրը մեզ մերժել են՝ ասելով, որ իրենք դեռ պատրաստ չեն մեզ տեսնելու:

Այնուամենայնիվ, այդ օրերին Հակոբյաններին բազմիցս այցելել են Վարդան Պետրոսյանի արվեստագետ ընկերները, ովքեր խորապես ցավակցել են նրանց անհուն վշտին և առաջարկել են իրենց աջակցությունն ու զորակցությունը: Ընտանիքը չի ուզել լսել Վարդան Պետրոսյանի անունը, սակայն ընդունել է այդ մարդկանց, ովքեր իրենց տուն են մտել կիսելու իրենց դժբախտությունը: Նաև շատ շոյված են եղել այդ մարդկանց այցելություններից: Ես կարող եմ անուններ թվարկել, ովքեր մասնակցել են այդ հանդիպումներին. մարդիկ, ովքեր խոր մտահոգությամբ և անկեղծորեն ցանկացել են սփոփել նրանց կորուստը և ձեռք մեկնել զորակցության: Բարի կամքի այս անշահախնդիր և մարդկային դրսևորումները ձեր կողմից շատ տարօրինակ կերպ են մեկնաբանվել՝ «…թույլ մի տվեք, որ բացահայտեմ, թե ինչ դեմքեր են այսօր խնդրում տուժող կողմին, որ խնդիրը խաղաղ ձևով լուծում ստանա…»: Ձեր խոսքերն են: Ինչո՞ւ, դա՞վ էինք ուզում նյութել այս մարդկանց դեմ, թե՞ ձեռք մեկնել զորակցության… 

Ամեն անգամ ես զարմանքով և դառը հիասթափությամբ եմ կարդացել ձեր գրածները, որոնք, իմ կարծիքով, հենց կրակի վրա յուղ են լցրել: Անկեղծորեն, ես միշտ ուզել եմ ձեզ գրել և հարցնել, թե ինչո՞ւ եք դուք, որպես փաստաբան, այդպես բացասական և թշնամաբար տրամադրված  Վարդանի հանդեպ: Ինչու՞ դուք քայլ չեք անում այդ հաշտությունն սկսելու: Բայց չեմ գրել՝ մտածելով, որ պետք չէ:

Քանի, քանի անգամ դուք նշել եք, որ Հակոբյանների ընտանիքի և Վարդանի միջև հաշտության հնարավոր եզրեր չեն կարող լինել քանի դեռ դերասանն իրեն մեղավոր չի ճանաչել, «…քանի դեռ դերասանն ընդամենը զղջում է, և ոչ թե անկեղծորեն է զղջում»: Կարո՞ղ եք ասել, թե որն է զղջալու և անկեղծորեն զղջալու տարբերությունը: Զղջալը մեկն է. այն չի կարող լինել ամբողջությամբ կամ մասնակի…

Հակոբյանների ընտանիքի համար շատ ավելի լավ կլիներ, որ դուք իրենց հետ խոսելիս նրանց ավելի խաղաղության տրամադրեիք. չէ՞ որ դա ձեր աշխատանքն է, ձեր գերխնդիրը: Սակայն դա տեղի չի ունեցել, քանի որ մինչև այժմ նրանք այսքան թշնամաբար են տրամադրված Վարդանի հանդեպ: Այդ թշնամանքի հարկը չկար, քանի որ սա անզգույշ պատահար էր և ոչ թե միտումնավոր: Տարեկան հարյուրավոր այսպիսի պատահարներ են լինում, բայց մարդիկ իրար հանդեպ այսչափ թշնամանքով և ատելությամբ չեն լցվում:

Եվ մի վերջին մեջբերում ձեր խոսքերից. «Եթե իրականում Վարդան Պետրոսյանը փորձում է տուժող կողմի հետ հաշտության եզրեր գտնել, ապա համոզված եմ, որ նրան այդ հարցում որևէ մեկը չի խոչընդոտում»։ 

Պարոն Բալոյան, դուք հրաշալի գիտեք, թե որտեղ է գտնվում Վարդան Պետրոսյանը: Նաև գիտեք, որ անգամ ամենամեծ ցանկության դեպքում էլ նա չի կարող այցելել Հակոբյանների տուն, քանի դեռ անազատության մեջ է: Ուրեմն ինչու՞ չկազմակերպել այդ հանդիպումը «Դատապարտյալների հիվանդանոցում»: Ինչո՞ւ թույլ չտալ, որ այս դժբախտ պատահարը հանդարտ և խաղաղ ելքեր ունենա, ինչո՞ւ թույլ չտալ, որ այս մարդիկ, ի վերջո, իրար հանդիպեն, լսեն իրար, խոսեն սրտակից և կիսեն իրար վիշտ:

Վարդան Պետրոսյանը պատրաստ է հանդիպելու Հակոբյան եղբայրներին՝ Հայկին և Արթուրին: Պատրաստ է հանդիպելու նրանց ընտանիքներին: Դուք կարո՛ղ եք այդ հանդիպումն իրականացնել: Կարծում եմ, որ մեր փաստաբանն էլ այս գործում շատ օգտակար կարող է լինել: Սա երկու կողմերի համար էլ անչափ կարևոր առաջընթաց կլինի այս գործում:

Եթե դուք իսկապես փորձում եք հաշտության եզրեր գտնել, ապա արե՛ք այդ քայլը:

Աշխեն Պետրոսյան

Վարդան Պետրոսյանի քույրը

Լուսանկարում՝ Ռուբեն Բալոյանը (avtovtarner.am)

Մեկնաբանություններ (3)

Gayane
Սիրելի Աշխեն, ափսոս, որ Վարդանի նման մարդուն այսպիսի փորձանք պատահեց ու ոմանց հնարավորություն տրվեց շակալներին հարձակվել վիրավոր Առյուծի վրա։ Շուրջ 20 տարի առաջ շփվելով քո հետ՝ ես շատ հպարտանում եմ, որ քո և Վարդանի տեսակը իմ ազգից է: Ես և շատ-շատերը պատրաստ ենք նման բովանդակությամբ դիմել Բալոյաններին: Գուցե նրանց մեջ արթնանա արժանապատվության զգացում:Ուրիշի դուդուկի տակ պարելու ստրկամիտ մոլուցքը փոխարինվի առաքինի մտածելակերպով:
GOHAR
hargeli NY .shat jisht tesaket unek .hargeci dzez .haziv mi xelk@ glxin mard gtnvec tgetneri banaki mej.ayo mianshanak vexavor@ VARDANN E haskacek ay joxovurd .mardik 2 hat 16 tarekan txaner en korcrel.vardan che uzuma obaman lini .mexavor e u patjvelu e .shou biznesi astxer@ sovor en harben nsten xekin gluxner@ uten .uxaki es depkum es anmex mardik en patahel nra janaparin mi hat gruzavik piti liner vor kerein asfaltic nor kimanayik
Leo
Ինչ՞ է նշանակում «տուժող կողմի» ներկայացուցչ: Վարդան Պետրոսյանը տուժող կողմ չէ՞: Ավտովթար է տեղի ունեցել, և ոչ Վարդան Պետրոսյանի մեղքով: Մի կողմին «տուժող» անվանելով մյուս կողմին արդեն փակցնում եք «մեղավորի» պիտակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter