HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Հրանտ Մաթևոսյան. «Մեր նախնին հիմա մենք ենք»

– Գորբաչովի և ռուս մտավորականության հետ հանդիպման ժամանակ Ռասպուտինը մոտավորապես այսպիսի բան ասաց. «Մեր բոլոր դժբախտությունները կուլտուրայի պակասից է, կուլտուրա չունենալուց է: Մշակույթին սպառնում է հիվանդության վտանգը: Այդ հիվանդությունը ժանտախտից էլ վատ է, դա անբարոյականությունն է, անբարոյականության հիվանդությունն է»: Իրոք, հասարակությունը բարոյազրկվում է, և դա ամենամեծ վտանգն է, որ սպառնում է մեզ: Շարունակվող բարոյական այս անկումը պետք է կանգնեցվի: Ահա սա է, որ անհանգստացնում է, կկարողանա՞նք դիմակայել:

– Մինչև Գորբաչովի և ռուս մտավորականության այդ հանդիպումը, ռուս լրագրողներին հարցազրույցներ տալիս ես նկատել էի, որ նրանք ժողովրդի համար շատ ավելի դնում էին ոչ թե հացի, հաց ու աշխատանքի պահանջ, այլ հոգևոր սննդի պահանջ: Ռասպուտինի արտահայտությունը վաղածանոթ այդ արտահայտության այլասացությունն է: Բայց ես գյուղացի եմ, մի քիչ էլ մարքսիստ համարիր. տանք ժողովրդին այդ աշխատանքը, այդ կերը և հետո միայն խոսենք մշակույթի մասին: Այլապես բոլորովին այլ ճանապարհով՝ նյութի պաշտամունքի ճանապարհով Արևմուտքը շատ ավելի շուտ մոտեցավ կուլտուրային ու հոգևոր աշխարհին, քան մենք, որ իդեոլոգիայի երկիր էինք և կուլտուրայի ճանապարհով էինք ուզում մոտենալ կուլտուրային: Մեր և այդ կուլտուրայի արանքում դեռևս ընկած են այն ցանքսերը, դաշտերը, բանջարանոցները, որ պիտի լինեին ու չկան:

Ես նույնպես քո չափ զգում եմ, որ նույնիսկ ահա մեր այս վիճակում, այս աղքատության պայմաններում կուլտուրայով և կարգապահությամբ կարելի էր այս համատարած ճգնաժամի, այս հոգեկան էրոզիայի առաջն առնել: Բայց սա արդեն ճանապարհի հարց է, քեզ հետ կարծեմ մի անգամ խոսել ենք, դարձյալ դիկտատուրայի և բանակային կարգի հարցն է, որ դեմոկրատիայի ծավալման մեր այսօրվա պայմաններում, համաշխարհային դեմոկրատիայի ծավալված շքերթի պայմաններում կարող է վայրենիություն թվալ: Իսկապես, մենք այստեղ փակուղի ենք մտնում, որովհետև մի կողմից, իսկապես, պիտի որ բանակային կարգով հասնեինք, նվազ կորուստներով դուրս ելնեինք այսօրվա մեր վիճակից, մյուս կողմից՝ համաշխարհային դեմոկրատիան առատությամբ, հեղեղի պես մեզ ուղղակի վրա է տվել: Իսկապես դրամատիկական վիճակում ենք գտնվում:

Ուղղակի ինձ սարսափեցնում է այդ բարոյազրկված ժողովրդի գաղափարը: Դրա հետևանքներն արդեն զգացվում են...

– Պիտի սպասեինք այս օրին, պիտի սպասեինք այս չարությանը, այս դաժանությանը, այս աղքատությանը: Պիտի սպասեինք, այսպես էլ պիտի լիներ: Մեր վիճակի դրամատիզմն այն է, որ հեռուստատեսությունը, մամուլը, մի խոսքով՝ խոսքի աշխարհը, որ իր հմայիչ դրսևորումներն է ունեցել ոչ մեզանում, հեռուստատեսության, լրագրի, կոմունիկացիաների արագացման այս պայմաններում եկել պարտադրվում են մեզ, իսկ մենք աղքատ ազգականի վիճակում ենք: Հոգիներս, որ ահա պիտի թևածելիս լիներ, կամ թևածում է Արևմուտքի ստեղծած սիմվոլների աշխարհում, աշխատանքի ու ազատության մաքուր երկինքներում, մտքներս դարձյալ ասիական այս աղբի մեջ է: Իսկապես վիճակներս շատ ողբերգական է: Էլի պիտի աննյութ հույսը առագաստ դարձնենք, թե մեր ժողովրդի բարոյական կառույցը ավելի պինդ կլինի, քան այսօր մեզ խփող այս փոթորիկները, և կկանգնենք: Կորուստները կան: Մի կողմից դրախտի տեսքով Ամերիկան է դռները բացել, մյուս կողմից ասիացի վայրենին է խփում, կորուստները կան, բայց դրանց հետ պիտի հաշտվենք և էլի հույսներս շրջենք դեպի այն ժողովուրդը, որ վաղվա օրով մնացորդ է լինելու և որի վրա պիտի ծաղկի վաղվա Հայաստանը:

Այդպես կլինի, ես գիտեմ, որ այդպես կլինի, վաղվա այդ պատկերը երեկվա իրական պատկերներով ես տեսնում եմ: Իմ «ունակության» երիտասարդությունը գյուղից երեկ փախել էր, գյուղը թողել էինք դպրոցների մեր ծույլերին ու թույլերին: Տարիներ հետո, «համաշխարհային գրականությա՜ն», «փառքի՜», «մեծամեծների» իմ ոլորտներից ես ընկել էի իմ «հետամնաց» ընկերների աշխարհը, գյուղ էի ընկել և ինչ տեսնեմ. որ իրենք էլ իրենց քաղաքակրթությունն են այնտեղ ծաղկեցրել ու... հուզիչ ու սիրելի մի բան կար: Պատկերներ տեսա, որ հիմա չեմ ուզում ծախսած լինել, որովհետև գուրգուրում եմ, թե երբևէ կգրեմ: Բայց տեսա, որ նրանք մնացել են հողի նույն բարոյական որդիները, պահպանել են գյուղացու, հայ մարդու իրենց նկարագիրը, կարծես նաև անգամ գիտեին, որ քաղաքից մեր ձախորդ ու թերատ ծնունդները մենք ետ իրենց՝ գյուղին ենք տալու, և նրանց վրա իրենք հայրեր ու մեծ եղբայրներ են լինելու: Իմ տեսած պատկերների օրինակով ուզում եմ գուրգուրել այն միտքը, թե մնացորդն անգամ բավական կլինի, որպեսզի դարձյալ երկիրը կոչվի Հայաստան և աշխարհի համար բարոյականության օրինակ, բարոյականության չափանիշ լինի:

Չգիտեմ, անշուշտ հիշում եք՝ Դոստոևսկին մի գործ ունի, մի չինովնիկի մասին է: Միջավայրի, մթնոլորտի կեղտն է ցույց տալիս ու ասես մեզ էլ տանում է դրա միջով: Պետերբուրգյան խառնաշփոթի, ձյունի, սառույցի մեջ անհատի ոչնչացումն է նկարագրում: Մի կողմից անհատի ոչնչացման այդ պրոբլեմը, որ կար կարծես թե բոլոր ժամանակներում (բայց հո գիտենք, որ չի ոչնչացվել), հանգստացնում է ու...

– Հիմա չգիտեմ՝ ճի՞շտ եղավ, որ ռուս գրականությունը և առհասարակ Արևելքը՝ Կարպատներից դեսն ընկած աշխարհը վերցրինք, բայց այստեղ ստույգ մի բան կարող ենք ընդգծել՝ իմպերիայի և անհատի բախումը, կոլեկտիվի և անհատի բախումը, անհատի կործանումը: Դրա գրականությունը կա, և փառք իր ստեղծողներին, մեր համակրանքը շրջել են դեպի անհատը: Բայց այդ գրականության մեր ըմբռնումը թերի էր լինելու, եթե չասեինք, որ մյուս կողմից էլ գնացել են իմպերիայի երկրպագությանը, ասենք Պետրոս Մեծի կամքի երկրպագությանը: Մեզանում էլ գուցե ուրիշ կերպ է արտահայտվել դա. այսօրվա մեր նոստալգիկ հայացքը Տիգրան Մեծի շրջաններին նույն հայացքն է, ինչպես ասենք պուշկինյան մոտեցումն է Պետրոսին: Ընդհանուր գծերով տես ինչ պատկեր է բացահայտվում. մի կողմից ինդիվիդումի գուրգուրանքը Արևմուտքում ծաղկեցրել է արևմտյան քաղաքակրթությունը, դարձյալ նույնքան հզոր, որ թվում է, թե այնտեղ երբևէ կոլեկտիվիստների հասարակարգ չի եղել: Ինդիվիդումների դաշնակցություն՝ այնտեղ, և զանգվածի մեջ կորած միավորների հասարակություն՝ այստեղ: Մտածելու բան է, ուրիշ առիթով դրա մասին ավելի երկար կխոսենք: Երևի թե ամեն մի երկիր իր մշակույթի զավակն է. ոչ թե մշակույթն է երկրի զավակը, այլ երկիրը իր գրականության, բանի: Սա գուցե բիբլիական «Ի սկզբանե էր բանը» արտահայտության իմ տարբերակումն է, գուցե ես թյուրիմացության մեջ եմ, բայց վերջին հաշվով բախումը փաստերի հետ մեզ հանգեցնում է այսպիսի եզրակացության: Արևմուտքը Շեքսպիրի ժառանգն է, Արևմուտքի երկրները Շեքսպիրի որդիներն են: Պողոս Առաքյալի, Սերվանտեսի և մյուս բոլորի փոխարեն Շեքսպիրի անունն եմ տալիս, Շեքսպիրի որդին է Արևմուտքը՝ Ավստրալիա, Նոր Զելանդիա, Ամերիկա, Անգլիա... որտեղ որ, ասենք, Շեքսպիրը մարդուն հնարավորություն է ընձեռել, չի պահածոյացրել, բացել է այդ հնարավորությունները՝ լեդիմակբեթորեն անկվել մինչև դժոխքի խորխորատները և համլետորեն բարձրանալ մինչև վերին ոլորտները: Իսկ երբ, ասենք, անկումի ու խոյացման խնդրին Տոլստոյն էր բախվում, այդ անկումը մերժում էր: Եվ անկումը զսպելով՝ փաստորեն մարդու գործի անպարագիծ հորիզոններն էր սահմանափակում: Ուրիշ անգամ էլ նա, բոլոր այլ ընթերցումները ժխտելով, ուրեմն, պիտի նույնիսկ Ավետարանները խմբագրեր, դարձներ մի ուրիշ բան, դարձներ մի երկիր – մի հավատ – մի Ավետարան: Սա թեմա է, եթե կարող ես՝ դու քո մեջ արծարծիր, ճշմարիտ պատասխանները գտիր, բայց իմ տպավորությունն այն է, որ մեր մեծ կոչված մշակույթի հետևանքը ի վերջո մեր երկրի այսօրվա ողբերգական վիճակն է, իսկ նրանց երկիրն էլ նրանց մշակույթի արտահայտությունն է: Ինչի՞ց սկսեցինք, թելերը գտիր...

Անհատի ոչնչացման մասին էինք խոսում, շարունակեմ, ասածս էլ կիսատ էր մնացել: Ուրեմն, մի կողմից էլ մտածում եմ, որ իրոք եկել է անհատի կործանման ժամը, «ոգու սով», որ լափում է «վերջին մոհիկաններին»: Գուցե հոռետեսություն է, բայց, չգիտեմ ինչու, կարծում եմ ելքի դռները փակվել են ու էն ազատության մեջ վազող ձիերին այլևս վերադարձ չկա, էլ բեռան տակ տնքացող Ալխոն չկա ու, թվում է, էլ չի լինելու:

– Բայց գուցե նաև այսօրվա ընթացքը, այսօրվա պահն է այնքան խավար, որ մեր հայացքը իսկապես գալիք հորիզոնների առաջ փակում է: Այդտեղ կարիք չկա տարածվելու և հուսահատվելու: Գուցե իսկապես այն անցման շրջանն է, որտեղից արդեն անհատի ծաղկման շրջանն է սկսվում: Ալխոն, մյուսը, Ակսելի մշակ մարդիկ, հայ գրականության մեջ այս կամ այն չափով կենդանացած կերպարները վաղվա մեջ գուցե գտնելու են այլ դրսևորումներ, գուցե նույնիսկ չճանաչես, որ նրանք նաև երեկ կային ու քոնն էին: Սարոյանի Ֆրեզնոյում մենք հայ ֆերմեր տեսանք, հողագործի միակ նշանը ոտքերի վրայի թեթև փոշին էր: Չորս եղբորորդու հետ անում էր ամեն ինչ՝ ծաղկած այգիներ, գործարան, համաամերիկյան մրցադիմացկունություն... Չեմ ուզում հաշտված լինել, թե այստեղից պիտի գնան, որպեսզի այդպիսին դառնան, ուզում եմ գուրգուրած լինել, որ այստե՛ղ են այդպիսին դառնալու, և հնարավորությունները այսօր բացվում են հայ նախաձեռնող մարդու առջև:

Ֆոլքներն ասում էր, թե ազգային ցնցումները դրականորեն են անդրադառնում ազգի գրականության վրա: Մեր այս ցնցումները կանդրադառնա՞ն մեր գրականության, արվեստի վրա: Դուք խոսեցիք այդ ստեղծվելիք կերպարների մասին...

– Մի ուրիշ հարցազրույցում, երբ խոսք էր գնում, թե ինչո՞ւ լռեցի, ինչո՞ւ հայ գրականությունը այսօր դիմակազրկված մի կողմ է մնացել, պատասխանը չգտա: Հիմա քո այդ ամերիկյան գրականության օրինակը ինձ օգնեց պատասխանը գտնելու: Իսկապես Ամերիկայի համար ճգնաժամային պայմաններում ամերիկյան գրականությունը ծաղկեց: Ֆոլքներ, Սարոյան, Վուլֆ, Սթայնբեք, Քոլդուել և ուրիշներ, որոնք այսօր ամերիկյան գրականության ոսկի ֆոնդն են...

Նույնն էլ լատինաամերիկյան գրականության մասին կարելի է ասել:

– Այո: Ավագների մեր սերունդը, իսկապես, անպետք դուրս եկավ շարժման մեջ և այդպես էլ պետք է լիներ: Հուսամ, որ իսկապես այնպիսի տղաներ են ծլում, ովքեր վաղվա գրականության անտառի ծառերն են լինելու: Մի անգամ ասել եմ արդեն, թե եղեռնը ինչ եղավ Չարենցի համար և ինչ՝ Թումանյանի:

Մեր ազգը նման է մարդու, որ իր տեղը չի գտնում կյանքում: Փնտրում, փնտրում է, մաքառում է, բայց չի գտնում, չի հասնում:

– Հավակնություններս, նաև քո հավակնությունները, հնարավորություններից մեծ են, և այստեղ է այդպես ողբերգական թվում: Ես էլ եմ գուրգուրում այստեղից մինչև Իզմիր ամբողջ հայ հայրենիքի կարոտը, թուրքերին չժխտելով իհարկե: Բարեկամության, փարիսեցիության, առևտրի այդ մթնոլորտն եմ ուզում: Ես էլ եմ դաժանացել, այդ ծանր հարվածների տակ ես էլ ասել եմ, որ ուղղակի մենք բոլորս Սուլթան Համիդի բճերն ենք, նրա հարկադրանքից, նրա բռնությունից ենք ծնվել: Նա է մեզ այսպիսին դարձրել: Այս պայմաններում է գոյանում մեր սրված վիճակը՝ ատամն ընդ ատաման, ակն ընդ ական... Բայց մյուս կողմից էլ կարողանում ենք մեզ իրական այս աշխարհում տեսնել, և իրական այլ հայրենիքի կերպար է կանգնում մեր առջև՝ քո ծաղկուն ամերիկյան գաղութը, Ռուսաստանում վաղվա օրով ծաղկելիք քո հայ գաղութը... Այստեղ անհատի առջև մարդու այդ հնարավորությունները բացվում են, և Ռուսաստանում վաղը ես հայրենիք ունեմ, ըստ այդմ՝ և ամբողջ աշխարհն է հայ ժողովրդի իմ հայրենիքը: Ահա այդ հայրենիքը այսօրվա արագությունների պայմաններում իրականություն է, եթե երեկվա հետիոտն աշխարհում՝ տրված ու միասնական այդ հայ հայրենիքը իրականություն էր, առավել ևս իրականություն է այսօր և վաղը, մնում է, որ իմաստուն մի կանչ ամբողջ աշխարհում մեզ բոլորիս միաժամանակ արթնացնի, մի օրոր միաժամանակ նիրհեցնի, և շատ լավ կլիներ, եթե այդ կանչը հնչեր այստեղից՝ Մասիսների ու Արագածի գոգից: Բայց նաև ես իսկապես չեմ ժխտում, ես հավատում եմ, որ այսօր չէ վաղը Էրզրումը նաև ի՛մն է լինելու, Վանը նաև ի՛մն է լինելու, վաղը իմ տղերքը, իմ երեխեքը թուրք լեռնագնացների հետ բարձրանալու են Մասիսի գագաթը: Դա լինելո՛ւ է: Ահա այսպիսի դռներ վաղվա վրա մենք պիտի բացենք, և այստեղից լույսը խփելու է, և այդ կողմով ենք գնալու:

Այսինքն՝, դարասկզբին երազվող «հոգևոր Հայաստանը» մենք էլ պիտի հետապնդենք ու էդ հույսո՞վ ապրենք:

– Քո չափ ես էլ կուզենայի, որ «հոգևոր Հայաստանի» փոխարեն նյութական մեծ Հայաստան լիներ, ոտքիս տակ հող լիներ, շներս նախիրներիս կողքին և որդիներս էլ սահմանիս վրա կանգնած լինեին: Վատ չէր լինի: Բայց եթե կյանք համարենք ոչ թե ոչնչացումը, պայթյունը, ժխտումը, որ պարապների գործն է, այլ ամենօրյա աշխատանքը, անընդհատ աշխատանքը, անընդհատ քրտինքը, թեկուզ աշխատանքը հանուն աշխատանքի, ապա մեր սերունդների համար անընդհատ ընթացքի, անկանգ գնացքի տեղ է բացվում դեպի այդ «հոգևոր Հայաստան»:

Երբ խոսում են գյուղացու մասին, չգիտես ինչու այդ գյուղացուն առանձին չեմ կարողանում ընդունել, պատկերացնում եմ՝ գյուղացին, հողը և Աստված: Հաջորդականությունը ճիշտ չեղավ: Աստված-գյուղացի-հող պետք է ասեի: Հիմա խախտվել է այս համակարգը, չկա Աստծո և գյուղացու, գյուղացու և հողի կապը:

– Մեր սահմաններից դուրս՝ մնացյալ աշխարհը բացառենք, Երկրի մասին չխոսենք կամ թե չէ՝ փառք տանք Աստծուն, որ մենակ չենք մեր դժբախտության մեջ: Ռուս գյուղացին նույնպես մեր վիճակում է: Մեզ սփոփենք այդքանով: Իսկապես մեր վիճակը նախանձելի չէ, գոնե 15 տոկոս ժողովուրդ չունենք գյուղում, գյուղացիություն չունենք: Եվ եղածի էլ տեղը տեղ չի՝ աշխարհը վստահության ու ճոխության շքերթի մեջ, դու քո աղքատ լանջերում դեռ քո բահ ու բրիչին ես: Հող չունես, անասուն չունես, ինքդ էլ երեկվա համառ մշակը չես: Բայց ծանր մի բան ասենք՝ և՛ երկրաշարժը բարեբախտություն համարենք, որ էսքան անգործիս համար աշխատանքի ճակատ բացեց, և՛ այն բարեբախտություն համարենք, որ մեր սահմաններից երբ ոտքներս դուրս ենք դնում՝ մեր քթին խփում են: Ուրեմն դառնում ենք մեր ավերված, մեր աղքատ հայրենիքին: Այս է Հայաստանը և ուրիշ Հայաստան չկա:

Այդ միտքը մի առիթով էլ, կարծեմ, ասել եք: Եթե չեմ սխալվում, այսպես եք ասել, թե մեր ժողովուրդը մենակ է թողնված և այն իր լավ կողմերն է բերում, բերում է հոգևոր անկախություն, հոգևոր ինքնավարություն: Հիմա դա բերվե՞լ է, թե՞ պիտի բերվի:

– Պիտի բերվի: Շատ հստակ մի բան, այդուհանդերձ, այս ամռանը եղավ: Նույնիսկ բարիք համարենք այն, որ գազը անջատեցին: Ցույց տվեցին, թե իրենք ով են, և մենք ով ենք, որ մենք մեր տեղը գտնենք: Մենք մեր տեղը գտնում ենք:

Կարծես թե հակասեցիք մեր զրույցի սկզբում Ձեր ասածին, որ մեզ նախ նյութականն է պետք, հիմա էլ ասում եք՝ գազը կտրեցին, դա բարիք է, այսինքն նյութականը կտրեցին, մենք մեր հոգևոր անկախությամբ պիտի դիմակայենք:

– Անվերապահ պատասխանը արի միասին գտնենք: Պաշարված միջնաբերդում կարգուկանոն և հոգևոր, մտավոր, մարմնավոր կարողությունների ճիգ է լինում, իսկ մենք հենց պաշարված միջնաբերդ ենք: Կամ թույլ կլինենք, ու համաճարակը մեզ կխժռի, կամ խելացի կլինենք ու կհաղթահարենք: Կարծում եմ, մեկ անգամ չենք հաղթել և դարձյալ կապրենք: Վաղվա մեր հացը մենք ենք ցանելու, մեր անասունը մենք ենք պահելու, մեր հողի և՛ մշակը, և՛ տերը մենք ենք լինելու:

Հասարակության հոգեվիճակի վրա, Ձեր կարծիքով, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ գեղարվեստական խոսքը: Արվեստի, գրականության մարդը ինչքանո՞վ է պատասխանատու ազգի հետ կատարվածի համար:

– Քո չափ ես էլ այն մեծ, ճառագող, ժողովրդին լավատեսության բերող խոսքի կարիքը զգում եմ: Դա այսօր, այս պահին շատ ավելի քաղաքական առաջնորդների գործն է: Մեր գրականությունը, մեր Բանը ինչ որ զորել է, տվել է, և հիմա իր արձագանքին է սպասում: Քաղաքական առաջնորդի, մեզ լավատեսությամբ համակող, ազգը հավաքող այդ առաջնորդի կարիքը ես զգում եմ: Ուզում ես Քրիստոս կոչիր այդ առաջնորդին, ուզում ես Անդրանիկ զորավար... որ ծղրտար ու առաջնորդեր:

Այսինքն այդ խոսքը գրականությա՞ն մարդը չպիտի ասի:

– Քիչ առաջ կողմնակիորեն այդ մասին խոսեցինք. որպեսզի Ջեֆերսոնը ծնվեր՝ հարկավոր էր, որ Շեքսպիրը լիներ: Ջեֆերսոնը Շեքսպիրի որդին է: Մեր գրականության և արվեստի պարտականությունը պիտի եղած լիներ այն, որ ստեղծած լիներ այն մթնոլորտը, որտեղ քաղաքական առաջնորդի կերպարը բարձրանար, միջավայրը հագեցրած լիներ այն խոսքով, որ քաղաքական առաջնորդի բերանից որպես Աստծու Բան էր հնչելու: Ինչքանով ենք թերացել, ինչքան ենք մենք տվել՝ իրենք չեն լսել, ինչքանով ենք իրենք և մենք մեր ազգային հայ կյանքով ապրում... ուրիշների զորեղ ձայները ինչքանով չեն խանգարում մեզ լսել մեր իսկ ձայնը:

Ի վերջո ստացվում է, որ այդ խոսքը պետք է լինի ժողովրդի խոսքը, և ժողովուրդը պիտի օգնի, վեր հանի իր այդ խոսքը ասողին:

– Մշակույթ-ժողովուրդ միասնորեն պիտի ստեղծած լինեին այն մթնոլորտը, որտեղից, թվում է, որպես Աստծո խոսք, պիտի քաղաքական գործիչը վերցներ ու վերադարձներ ժողովրդին:

Ասածս նորից է բերելու մեր զրույցի սկիզբը՝ բարոյազրկմանը, անհատի կործանման այդ գաղափարին: Մի բարի գործ է արվում՝ բան ու գործ թողած դրա շուրջն ենք սկսում խոսել, ինչը որ դարեր շարունակ բնական էր, այսօր ուղտի մեջքին դրած ման ենք տալիս՝ «Տեսեք, տեսեք, էս էն երեխային ժպտացող Ձմեռ պապին է»:

– Ռուսների արտահայտությամբ՝ անընդհատ պտտվում ենք մերձիմոտ: Մերձիմոտ ենք անում, բայց չենք ընկնում բուն միջուկի վրա: Դրանում ես իմ մեղքն ունեմ, որովհետև անընդհատ, այդ խոհերը իմ մեջ լինելով իսկ, սպառեցի կամ ուրիշի միջոցով արեցի, ես իմ ձեռքով չգրեցի, կամ խակ-խակ, դեռևս միտքը չհասունացած ծախսեցի, մսխեցի ինձ: Բայց դրա կարիքը ես զգում եմ: Պիտի ասվի՝ չծախսվելով, չմսխվելով: Այս նույն գաղափարը, եթե հետևել ես, հեռուստատեսությամբ, մամուլում (մեր այսօրվա մամուլն էլ, փառք Աստծո, բոլորը համարյա ճշմարիտ և ճշմարտանման են) բոլորը մսխում են, մաշում են այդ գլխավոր գաղափարը, և գլխավոր բանաձևը կարծես թե չի գտնվում: Ես նույնպես զգում եմ, որ ես էլ Մովսեսի այդ խոսքին սպասում եմ: Մովսեսը Սինայի լեռ աղմուկ տարավ և ձայն բերեց: Մեզանում էլ առայժմ այս ամբողջը դեռ աղմուկ է՝ հստակ բանաձևում չստացած: Ձայն է պետք, ես դրա կարիքը զգում եմ: Նույնիսկ ինձ եմ հանցագործ տեսնում, որ ահա ես չհուշեցի մի ուրիշին, որ իմ միտքը նրա համար շարունակելի մի բան թվար, և ինքը կարողանար ասել:

Ինչո՞ւ այսօր այսպիսի ձգտում կա դեպի եկեղեցին, դեպի զանազան դավանանքները: Գուցե նաև հենց այդ խոսքի պակասն է պատճառը, թե՞ գնում ենք դեպի մեր ակունքները:

– Մենք ոչ խրախուսելու, ոչ էլ խանգարելու ենք ժողովրդի այդ հոսքը: Դա ուխտագնացություն է երեկվա արգելված գոտի, վաղվա օրով շատ բան իր տեղը կընկնի, և այդ հոսքը այդպիսի չափեր չի ունենա: Մշակույթի մեջ կրոնը իր արժանի տեղը կգտնի, և վերջ: Նեղ ժամանակներում հոսքը դեպի Աստծո ոտը միշտ եղել է:

– Չգիտեմ ինչու, այն տպավորությունն ունեմ, որ երբ խոսք է գնում Աստծո, «Աստվածաշնչի» մասին, խուսափում եք խոսել:

– Ես մի անձնական զուտ իմ թերությունն ունեմ, երբ տեսնում եմ, որ բոլորն են մի բանի մասին խոսում՝ ես լռում եմ: Իսկ երբ բոլորի համար արգելված է՝ ես այն առաջին կտրիճն եմ, որ ոտը առաջ է գցում: Դա երեկ կվերաբերվեր Դաշնակցությանը՝ երբ արգելված, հալածվող կուսակցություն էր (իմ բոլոր քայլերը նրան բացահայտելը, նրան թույլատրելը, նրա իրավունքները արծարծելն էր... հիմա բոլորն այդ են ասում, ես այդտեղ կարծես թե այլևս անելիք չունեմ), թե Աստծուն՝ միևնույն է: Աստծու հարցին ես նայում եմ որպես մշակութային հարցի: Մեր հանձնաժողովում էլ խոսվում է այդ մասին, առաջարկներ են լինում՝ Հայաստանը դարձյալ միջնադար նետել: Բոլորի մեջ Լևոն Շանթ կա: Բայց ինքը՝ Շանթը դրամայի իրացումով («Հին Աստվածներ») ազատվում էր իր նոստալգիայից, անցյալի իր կարոտից, այսօրվանները գրական այդ շնորհքը չունեն և իրական ժողովրդով են ուզում խաղալ միջնադարի ու Աստծու մասին իրենց «հին աստվածները»: Դա ձախավերություն է: Իսկ եթե ասենք այդ մարզում մենք անելիք ունենք, ապա ուղղակի այդ մշակույթը որպես դասավանդվող առարկա դպրոցում երեխաներին տալ– կրոնի, կրոնների պատմություն– թող լայնախոհ երեխաներ ունենանք: Այդքան միայն՝ որպես մշակույթի պատմություն:

Ձեր ծնողները հավատացյա՞լ են:

– Իմ ծնողները գյուղացի հայ մարդիկ են՝ մի օր հավատացյալ են, երկու օր՝ ոչ:

Մոտ ապագայում ի՞նչ եք ներկայացնելու ընթերցողներին:

– Իմ անձի առաջ իմ անելիքն այն է լինելու, որ խորհրդարանից զատվեմ, մեկուսանամ որևէ տեղ, ընտանիքս մի վեց ամսվա հացով ապահովեմ և իսկապես կարողանամ ուղղակի մի ամիս մաքուր լռությունների տրվել, որպեսզի մոռանամ այս ամբողջը և կարողանամ ընկնել այն աշխարհը, որտեղ էի մինչև այս թոհուբոհը: Դա իսկապես աշխարհ էր, որտեղ ընկնելու համար իսկապես արժանի ջանք է պետք:

«Լուսավորիչ», 04.12.1990 թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter