Ավագանու նիստին չեն թույլատրել մասնակցել Տիգրան Մեծի 5 շենքի բնակիչներին
Փետրվարի 11-ին կայացած Գյումրու ավագանու նիստին մասնակցելու ցանկություն հայտնած երեք քաղաքացու քաղաքապետարանի աշխատակիցները չեն թույլատրել բարձրանալ 3-րդ հարկ՝ պատճառաբանելով, թե նրանք պիտի նախօրոք գրանցվեին: Տիգրան Մեծի 5 վթարային շենքի բնակիչներ Գայանե Մանուկյանը, Ժաննա Գալստյանը եւ Սեդա Աղեկյանը որոշել էին մասնակցել ավագանու նիստին եւ հնարավորության դեպքում բարձրաձայնել իրենց խնդրի մասին:
«Ուզում էինք կրկին անգամ դիմել տանիքի վերանորոգման հարցով, բայց մեզ ներս չթողեցին,- «Հետքին» փոխանցեց Ժաննա Մանուկյանը,- առաջին հարկում հերթապահող տղաներից ասին, թե դուք պիտի շուտ գայիք ժամ վերցնեիք, մենք կտրոն կտայինք, որ գրանցված եք: Մեզ ասին, որ պիտի նախօրոք քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի հետ համաձայնության գայինք, իր մոտ գրանցվեինք, որ կարողանայինք մասնակցել ավագանու նիստին»: Բնակիչները մոտ կես ժամ սպասել են քաղաքապետարանի առաջին հարկում՝ հուսալով, որ որեւէ մեկի միջնորդությամբ ի վերջո իրենց կհաջողվի մասնակցել նիստին, սակայն անարդյունք:
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14 հոդվածի համաձայն`«համայնքի ավագանու նիստը դռնբաց է: Առանձին դեպքերում ավագանու նիստին ներկա անդամների երկու երրորդ ձայների որոշմամբ այն կարող է անցկացվել դռնփակ»: Գյումրու ավագանու փետրվարի 11-ի նիստը դռնբաց էր:
Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց ավագանու նիստերին մասնակցելու ցանկություն հայտնող քաղաքացիների գրանցման կարգի մասին տեղեկությունը՝ նշելով, որ լրատվամիջոցների ու հ/կ-ների ներկայացուցիչները մշտապես ներկա են նիստերին: «Հնարավոր է 200 հոգի էլ ուզենա մասնակցել այդ նիստին, մենք պետք է նախօրոք իմանանք, գրանցումը դրա համար է»,- ասում է Զոհրապ Եգանյանը: Հարցին, թե ի՞նչ նկատի ունեն քաղաքապետարանի պաշտոնյաներն՝ ասելով «նախօրոք» եւ արդյոք հնարավո՞ր չէր նիստից 20 րոպե առաջ քաղաքապետարանի շենքում գտնվող 3 բնակիչներին թույլատրել ներկա գտնվել ավագանու նիստին, Զոհրապ Եգանյանը պատասխանեց, որ գերադասելի է բնակիչները մասնակցության հայտ ներկայացնեն մեկ օր առաջ:
Գյումրի քաղաքի ավագանու 2012 թ.-ի նոյեմբերին ընդունած կանոնակարգի 70 կետի համաձայն` «Բնակչությունը իրավունք ունի մասնակցելու ավագանու նիստերին: Համայնքի ղեկավարը պարտավոր է ապահովել պայմաններ բնակչության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ լրատվամիջոցների մասնակցության համար: Ցանկացած անհատ կամ խումբ, ով ցանկանում է դիմել ավագանուն հերթական նիստի ժամանակ օրակարգային հարցերի վերաբերյալ, պետք է իր հարցադրումը գրավոր ներկայացնի աշխատակազմի ղեկավարին նախքան նիստը սկսվելը: Սակայն, ավագանին ինքն է որոշում անհատին կամ խմբին լսելու հարցը»:
Ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանն համարում է, որ եթե վաղօրոք քաղաքապետարանը հայտարարություն չի տարածել նիստին մասնակցելու ցանկություն ունեցող բնակիչների գրանցվելու վերաբերյալ, ապա իրավունք չունի արգելելու նրանց մասնակցությունը նիստին: Այս դեպքում Տիգրան Մեծի 5 շենքի երեք բնակիչները եկել էին ընդամենը մասնակցելու ավագանու նիստին, որը դռնփակ չէր:
«Պետք է ամենամատչելի տարբերակներով ողջամիտ ժամկետներում իրազեկում կատարվի,- նշում է Լեւոն Բարսեղյանը,- պաշտոնական կայքում դրվում է օրակարգը, սակայն կա՞ այնտեղ ծանուցում գրանցման կարգի վերաբերյալ: Պետք է տարբերակներ գտնել, որպեսզի բնակիչն այդ մասին չտեղեկանա քաղաքապետարանի շենքում, այն էլ անվտանգության աշխատակիցներից: Իրազեկման համար կա թերթ, կա ռադիո, հեռուստատեսություն, այն բոլոր միջոցները, որոնք այսօր ավելի մատչելի են սովորական քաղաքացիներին»:
Լեւոն Բարսեղյանն առաջ քաշեց նաեւ նիստերի ավարտին լրացուցիչ հարցերի քննարկման խնդիրը, որոնք օրակարգային չեն եւ հիմնականում չեն էլ հրապարակվում: «Շատ հնարավոր է, որ օրակարգային 22 հարցին ավելանան եւս 2-ը կամ 3-ը լրացուցիչ ու ասենք 24-րդ հարցը լինի հենց տվյալ բնակչին հուզող հարցը, ում չեն թույլատրել ներկա գտնվել ավագանու նիստին,- օրինակ է բերում Լեւոն Բարսեղյանը,- ինչպե՞ս պետք է այդ դեպքում բնակիչը տեղեկանա այդ մասին, եթե լրացուցիչ հարցերը քննարկվում են նիստի ավարտին»:
Գյումրու ավագանու անդամը 2012 թ.-ի դեկտեմբերին կայացած ավագանու նիստի ժամանակ անգամ ստիպված է եղել բոյկոտել լրացուցիչ հարցերի քննարկումը: «Ես հրաժարվեցի մասնակցել լրացուցիչ հարցերի քվեարկությանը, քանի որ դրանց չէի հասցրել ծանոթանալ: Հարցերը, կարելի է ասել, հենց այդ պահին էին մտցրել օրակարգ ու ես չէի հասցրել «մարսել» ողջ ինֆորմացան, որ կարողանայի դիրքորոշում հայտնել,- պատմում է ավագանու անդամը,- ինչ վերաբերում է տեղ լինել-չլինելուն, ապա համայնքապետարանը պարտավոր է այդ խնդիրը եւս կարգավորել»:
Կան լայն հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնց քննարկմանը կարող է ցանկություն հայտնել ներկա գտնվելու 100 հոգուց ավելի մարդ: Ըստ Լ. Բարսեղյանի, որեւէ մեկը իրավունք չունի փակել դռներն ու ասել, տեղ չկա, մանավանդ, եթե պարզվի, որ 100 հոգին էլ նախօրոք գրանցվել են: Ուրեմն ի՞նչ պետք է անել: Նման դեպքերում, ավագանու անդամն առաջարկում է մեծ դահլիճ վարձակալել, եթե համայնքապետարանում չկա համապատասխան տարածք: Քաղաքացիների մասնակցությունը ապահովելու հարցը եւս ՏԻՄ օրենքով համայնքապետ պարտավորությունն է:
«Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի անդամ է Հայաստանի Հանրապետությունը եւ անցած տարի դրա հիման վրա Ազգային ժողովին ստիպեցին, մի քանի լրացումներ կատարել ՏԻՄ օրենքում: Դրանք շատ արժեքավոր են: Օրինակ, ոչ ոք չգիտի, որ Գյումրի քաղաքի բնակչության 1 տոկոսը՝ 1200 հոգի, եթե ստորագրի որեւէ հարցի տակ, դա ինքնըստինքյան կհայտնվի ավագանու նիստի օրակարգում: Նախկինում, եթե հարց պիտի առաջ քաշեր կամ ավագանին կամ համայնքապետը, հիմա իրենց հետաքրքրող խնդիրները քննարկման կարող են դնել բնակիչները: Ավագանին կարող է դեմ քվեարկել, կարող է կողմ քվեարկել, բայց կարեւորն այն է, որ այն կմտնի օրակարգ ու կապահովի քաղաքացիների մասնակցությունը»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել