HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դսեղի միակ գործող եկեղեցին վերանորոգման կարիք ունի

Վոլոդյա Հովսեփյան

Դսեղ գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին վերանորոգման կարիք ունի: «Տանիքը կաթում է, լույս չկա, ջեռուցում չկա, չի կարողանում թեկուզ երգչախումբը գա և երգի: Ունենք համապատասխան նստատեղերի խնդիր, պատարագ է լինում, երգչախումբ ունենք արդեն, մի փոքր հոսքը շատացել է դեպի եկեղեցի»,- նշում է եկեղեցու մոմավաճառ Մարինե Աղաբեկյանը:

Գյուղի տարածքում վանքեր ու եկեղեցիներ կան, բայց գործում է միայն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Այն կառուցվել է 5-7-րդ դարերում, վերակառուցվել 1900 թվականին, իսկ 15 տարի առաջ՝ հիմնանորոգվել:

Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը հեռախոսազրույցի ընթացքում ասաց, որ դեռ հստակ չէ, թե երբ կլուծվի եկեղեցու առաջային խնդիր տանիքի հարցը. «Միջոցներ ենք փնտրում, որ տանիքը փոխվի: Հաշվեհամարը դրել է մեր Երիտասարդաց միությունը, ովքեր կկամենան, ովքեր հնարավորություն կունենան, կմասնակցեն, մինչև  որ կարողանանք նորից գումար հայթայթել, որպեսզի տանիքը փոխվի»:

Մարինե Աղաբեկյանի խոսքով՝ դսեղցիք եկեղեցի քիչ են գալիս, մի քիչ անհավատ են, բայց եկեղեցին դրսից եկած այցելուների պակաս չունի: Փոխարենը քահանայի կարիք ունի: Տեր Մասիսը՝ Դսեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանան, երկու տարի է՝ հեռացել է գյուղից: «Տեր Մասիսը շատ հարցեր լուծեց, պատրաստել է մոմավաճառի սեղանը, վարագույրներն է փոխել, լուսամուտները, առանց այդ էլ շենքը խոնավ է, դրա համար ցանկալի էր, որ «եվրոպատուհան» դնեն, քանի որ փայտը շուտ  փտում և անցնում է: Էս տարի մի անգամ է եղել պատարագ, Ալավերդուց տեր Միքայելն իր երգչախմբով եկավ Ջրօրհնեքի ժամանակ և պատարագ տվեց, ջուրը օրհնեց, ժողովրդին բաժանեց»,- պատմում է եկեղեցու մոմավաճառը:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակը 5-7-րդ դարերի գերեզմանատեղի է, որտեղ ամփոփված են նաև Հովհաննես Թումանյանի զինվորական պապի և հոր՝ նույն եկեղեցու քահանա տեր Թադևոսի աճյունները: Եկեղեցու աշխատակցուհին ցավով նշեց, որ տապանաքարերի գրությունները ջնջվել են: «Ցանկալի է, որ Թումանյանի հոր և պապի գերեզմանաքարերի գրությունը վերանորոգվի: Չի կարդացվում, ոչ թիվն է երևում, ոչ անուն ազգանուն, ոչ ում գերեզմանաքարն է»:

Խնդրի վերաբերյալ Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանն իր մեկնաբանությունն ունի. «Միգուցե մեր սխալն է, որ էնտեղի պատանիներին չենք մոբիլիզացնում էդ հարցում: Համայնքն ունի սրբատեղի, ունի բազմադարյա մշակութային կոթողներ, այդ բոլորը միայն եկեղեցական իշխանության խնդիրը չէ, որ գնան մաքրեն, պահպանեն, մենք կազմակերպելու խնդիր ունենք, մեր Երիտասարդաց միությունը տարին 3-4 անգամ պարտադիր Դսեղում է լինում՝ մաքրման աշխատանքներ կատարելու համար: Կա նաև համայնքային խնդիր: Ի՞նչ է նշանակում՝ դրանք առանձնացնել, դնել մի կողմ, ասել՝ թող սա եկեղեցականները գան անեն, մեր գործը չի: Չարվեց, տեսեք՝ ինչքան ամոթ է, չեն եկել, չեն անում: Կներեք, բայց դա համայնքի խնդիրն է, եկեղեցին ի՞նչ է, եթե ոչ համայնք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter