HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատության մեջ ապրելն ինքնին երջանկություն է

Մհեր Ենոքյան

«Հետք»-ի թղթակիցը բանտում

Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի դասախոսներն այցելեցին ինձ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղ հանձնեցի 1-ին կուրսի ավարտական  քննությունները: Անչափ շնորհակալ եմ ռեկտոր պարոն Ա.Դարբինյանին, քաղաքագիտության և իրավունքի իստիտուտի տնօրեն տիկին Լ.Ալավերդյանին, բուհի դասախոսներին և այն աշխատակիցներին, ովքեր հնարավորություն ընձեռեցին իրավագիտության ֆակուլտետում սովորելու և ապահովում են ուսման ընթացքը՝ հաշվի առնելով այն, որ գտնվում եմ բանտում: Մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում ուսմանը և կշարունակեմ արդարացնել վստահությունը՝ հույսով, որ բուհը կավարտեմ արդեն Ազատության մեջ, և ինքս կկարողանամ գալ ավարտական քննությունները հանձնելու:

Երկրորդ կուրսում արդեն առավել մասնագիտական առարկաներ պիտի ուսումնասիրեմ՝ քրեական, քաղաքացիական ու սահմանադրական իրավունք: Մինչ այդ ասեմ, որ առաջին կուրսի առարկաները հետաքրքիր էին, և տարբեր թեմաների շուրջ ցանկանում եմ զրուցել ընթերցողի հետ:

 Գիտնական իրավագետները գրում են, որ ի սկզբանե եղել է բարոյականությունը և հետո է առաջ եկել իրավունքը: Արդյո՞ք այդպես է: Չէ՞ որ բարոյականության չափանիշները հազարամյակների ընթացքում հազար անգամ տրանսֆորմացվել են: Օրինակ՝ մարդկության քաղաքակրթության սկզբնական փուլում օրինաչափ էին մարդակերությունը, սեռական հարաբերությունները մերձավոր հարազատների հետ, զանգվածային սպանությունները: Բայց երբ մարդն սկսեց գիտակցել, թե ինչն է վտանգավոր ցեղի պահպանման, անվտանգության համար, սկսեց սահմանել տաբուներ, որոշել՝ ինչն է կարելի, ինչը՝ ոչ: Այսինքն՝ ծնվեց իրավունք հասկացողությունը:

Իմ կարծիքն այն է, որ իրավունքն է եղել սկզբում: Հավի ու ձվի առաջացման պատմության մեջ չընկնելով՝ գտնում եմ, որ միայն առաջին հայացքից է թվում, թե բարոյականության պահանջով է ծնվում իրավունքը: Գանք մեր օրերը, որ ավելի հեշտ լինի օրինակներով խոսել: Իշխանությունների լուռ համաձայնությամբ, հաճախ առանց հակազդելու, թեև երբեմն ոչ պաշտոնապես կանաչ լույս է վառվում մեր հասարակությանը խորթ դրսևորումների համար (կրոնական տարբեր կազմակերպությունների մուտք, հոգեորսություն, միասեռականների իրավունքների պաշտպանություն և այլն): Այսինքն՝ սկզբում իրավունք է տրվում հասարակությանը անծանոթ չգրված նորմերին, ապա դրանք ստանում են գրված նորմի ուժ՝ ձևավորելով նոր «բարոյականություն»: Այս ամենը հեշտությամբ է կատարվում, երբ ազգի, հասարակության իմունային համակարգը՝ հակազդելու օտար նորմերին, թուլացած է լինում ու չի կարողանում պայքարել արտաքին աշխարհից ներմուծված «վիրուսի» դեմ: Կարդացել եմ Հեբելսի հրեշավոր պրոպագանդայի մասին, որի միջոցով ձևավորվում էր հասարակական բարենպաստ կարծիք, թե Հիտլերի ղեկավարման տարիներին ամեն ինչ ռեֆերենդումների միջոցով էր իրականացվում, ուրեմն ժողովուրդի ձայնը լսելի էր:

Այս ամենը հրաշալի իրագործվում է նաև մեր հասարակության պարագայում՝ քարոզչամեքենայի միջոցով, որը իշխանության հսկողության տակ  է (ժամանակակից աշխարհում ամենամեծ քարոզչական գործիքը դեռ մնում է հեռուստատեսությունը): Կարճ ժամանակ անց օտար տարրերը հանկարծ դառնում են ընկալելի ու նորմալ, հասարակությունն էլ՝ զոմբիացած, կերակրված անորակ «ուտելիքով», ինքնուրույն, համարձակ միտք արտադրելու կարողությունից զուրկ, հեշտ կառավարելի: Բայց համացանցի հնարավորությունները եկան հակակշռելու այս դիսբալանսը: Ցավոք, ինտերնետային տեղեկատվություն մենք՝ դատապարտյալներս, չենք կարող ստանալ: 21-րդ դարում հայաստանյան քրեակատարողական համակարգը արգելում է ազատազրկման վայրում գտնվողներին օգտվել ինտերնետից՝ այն համարելով կապի միջոց:  

Հեռուստացույցը ցմահ դատապարտյալների խցերում հայտնվեց 2003-ից հետո, երբ Հայաստանը դարձավ ԵԽ անդամ երկիր: Այն այսօր էլ փրկություն է շատերի համար, որպեսզի չխելագարվեն ամեն օր նույն դեմքերը տեսնելով: Մեր խցում հեռուստացույցը միացվում է միայն երեկոյան ժամերին: Իսկ երբ վերադառնամ ֆիզիկական ազատություն, կարծում եմ, առհասարակ չեմ միացնի այդ գործիքը (ունեմ ընկեր, ով Ողջերի աշխարհում է, բայց նամակի մեջ գրել էր, որ տանը հեռուստացույց չունի, որ հատուկ չի գնում հեռուստացույց արդեն երկար տարիներ): 

Գիտեք, որ գույներ բանտում չեն թույլատրվում: Իսկ ես խոստացել էի նկարներ ուղարկել նամակներիս հետ: Փորձել եմ պատկերել Ազատության ու անԱզատության սահմանագծում հայտնված մարդու հոգեվիճակը: Մարդի՛կ, վայելե՛ք կյանքը, բնությունը, շոշափեք այն, գնացեք ընկերների հետ հանդիպման, շատ ժամանակ նվիրեք սիրելիներին, TV նայելու փոխարեն: Չէ՞ որ Ազատության մեջ ապրելն ինքնին երջանկություն է:  

Հ.Գ. Շնորհակալություն կայքի խմբագիր Էդիկ Բաղդասարյանին, ով ինձ է ուղարկել հետաքննական լրագրության մասին իր հեղինակած գիրքը, անպայման կկարդամ: Շնորհակալությունս նաև «Օրանժ» ընկերության «Գրքի մրցույթի» կազմակերպիչներին ու ժյուրիին, քանի որ իմ «Դեպի ցմահ Ազատություն» պատմվածքը լավագույն եռյակում է հայտնվել, ու շուտով այն ևս կտեղադրվի ինտերնետում՝ ժողովրդական քվեարկության համար:  

Մեկնաբանություններ (2)

silva
hpart em keznov txas pind exir
ՄԱՐՏԻ 1
երբ մեր արդարադատությունը ընդունի իր անցյալի սխալները, այս տղային արդարացնի ու նա դուրս գա, կարելի է հավատալ, որ Հայաստանում վերջապես ինչ որ դրական փոփոխություններ են կատարվում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter