Գյուղի բյուջեն ավելանում է, խնդիրները` նույնպես
Նունե Գրիգորյան
Այս տարի Կոտայքի մարզի Գողթ գյուղի բյուջեն հասավ 33 մլն դրամի: Համայնքի ղեկավար Արտավազդ Հակոբյանի ասելով` այն հնարավորություն կտա վերանորոգել գյուղի 3 կմ երկարությամբ կենտրոնական ճանապարհը, որը վերջին 15 տարիներին չի վերանորոգվել. քանդված հատվածները խանգարում են երթեւեկությանը: Համայնքի ղեկավարն ասում է, որ երկար տարիներ բյուջեի սղությունը թույլ չի տվել լուծել համայնքում առկա բազմաթիվ խնդիրները` փողոցների լուսավորություն, դաշտամիջյան ճանապարհների բարեկարգում, կոյուղու բացակայություն եւ այլն:
«Այս խնդիրները հրատապ լուծում են պահանջում, այդ իսկ պատճառով փորձելու ենք դրանց մեծ մասը լուծել այս տարի: Առաջին հերթին` փողոցների լուսավորությունը, երկրորդ` միջդաշտային ճանապարհների վերանորոգումը,- հայտնեց Արտավազդ Հակոբյանը: Համայնքապետը վստահեցրեց, որ փողոցների լուսավորության հարցը ներառված է համայնքի քառամյա զարգացման ծրագրում, եւ այս տարի 18 մլն դրամ են տրամադրելու գյուղում լուսավորություն անցկացնելու համար:
«Նախորդ տարիներին` մինչեւ 2002թ.-ը, գյուղի բյուջեի կատարողականը շատ ցածր էր, շատ քիչ գումար էր մտնում բյուջե, որովհետեւ ժողովուրդը հարկերը չէր վճարում: Նրանք չեն գիտակցում, որ դա իրենց պարտականությունն է: Տարիներ շարունակ կուտակվելով` այդ հարկերը մեծ գումար էին կազմել, եւ մարդիկ կարծում էին, թե ամեն տարի այդ ահռելի գումարը պետք է վճարեն: Բացատրական աշխատանքներից հետո հասկացան, որ եթե ամեն տարի վճարեն, այդքան շատ չի կուտակվի: Հիմա համայնքապետարանի աշխատողը շրջում է տներում եւ հարկերը հավաքում, իսկ նախորդ տարիներին այդպես չէր»,- բյուջեի մուտքերի ավելացման պատճառներն է բացատրում համայնքի ղեկավարը: Վերջինիս ասելով` հարկերի հավքագրման վրա դրական է անդրադարձել նաեւ գյուղում ծաղկի ջերմոցների հիմնումը, որտեղ բավականին մեծ թվով բնակիչներ են աշխատում:
Գեղարդ վանական համալիրի հարեւանությամբ գտնվող Գողթ գյուղը զուրկ է ենթակառուցվածքներից. գյուղը չունի մշակույթի տուն, բուժկետ, գրադարան, փոստատուն, մարզահրապարակ եւ այլն: Բուժկետը տեղակայված է համայնքի վարչական շենքում, իսկ գրադարանի 6567 կտոր գրականությունը պահպանվում է միջնակարգ դպրոցում:
Գյուղի երիտասարդությունը դժգոհում է, որ ժամանցի կազմակերպման հնարավորություններ չունեն, համայնքում չի գործում որեւէ մարզական եւ մշակութային խմբակ: «Մեր գյուղում մշակույթի տուն չի եղել ու դժվար էլ լինի»,- ասում են նրանք: Թերեւս սա է պատճառը, որ գյուղում մշակութային միջոցառումներ չեն կազմակերպվում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել