Վարդգես Ուլուբաբյան. «Անկախ լրագրությունը գրեթե անհնարին բան է՝ երազանք»
Կիմա Խաչատրյան
«Հետքի» հարցերին պատասխանում է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վարդգես Ուլուբաբյանը
Դուք մասնակցել եք Արցախի ինքնապաշտպանական մարտերին, աշխատել եք Արցախի հեռուստատեսությունում: Ի՞նչ կարծիք ունեք ներկայիս լրատվական դաշտի մասին :
Իմ կարծիքով՝ ամեն մի երկրի մամուլ համապատասխանում է տվյալ երկրի բնակչության կրթվածության աստիճանին, իշխանության՝ ժողովրդավար լինելու մակարդակին, ինչպես նաև՝ ազգային մտածելակերպին:
Իսկ որպես ընթերցող, հեռուստադիող որքանո՞վ եք Ձեզ տեղեկացված համարում:
Կարելի է ասել՝ ամբողջությամբ: Ունենք համեմատաբար ազատ և անկախ մամուլ, ինչպես նաև պրոֆեսիոնալ լրագրողներ:
Ի՞նչ եք հասկանում խոսքի ազատություն ասելով, ինչպե՞ս եք դուք այն պատկերացնում: Այսօր խոսքի ազատություն կա՞:
Մամուլի ազատությունը չպետք վերածվի ամենաթողության: Այդ ազատությունը պիտի ավելի պարտավորեցնի լրագրողին: Մեր հայ լրագրողը պետք է գիտակցի, որ իր հոդվածները, նյութերը կարդում են կամ հաղորդումները դիտում են բազմաթիվ մարդիկ՝ թե՛ երկրի ներսում, թե՛ արտասահմանում, ինչպես նաև՝ մեր երկրի ու ժողովրդի բարին չցանկացողների բանակը:
Լրագրողները որքանո՞վ են հետևում էթիկայի նորմերին:
Այսօր ամեն մեկը, ով տառերը գիտի, իրեն համարում է արդեն կայացած լրագրող, բայց նրանք մոռանում են ամենակարևորը՝ լրագրությունը մասնագիտություն է՝ շատ բարդ ու կարևոր: Բայց մենք չպետք է չարաշահենք մեր ազատությունը, հատկապես, որ այն շատ մեծ դժվարությամբ ենք նվաճել:
Վստահ եմ, որ հետևում եք նաև հայաստանյան մամուլի գործունեությանը: Ի՞նչ նմանություններ ու տարբերություններ եք տեսնում ԼՂՀ մամուլի միջև:
Չէի ցանկանա զուգահեռներ անցկացնել, բայց կփորձեմ պատասխանել: Հայաստանյան մամուլում նկատում եմ լրիվ սև կամ սպիտակ գույներ. ուրիշ գույներ շատ քիչ են երևում: Լրատվության մի մասը միայն ու միայն ներկայացնում է սևը, մյուս մասը՝ սպիտակը: Արցախում, իհարկե, չեմ համարում, որ լրագրությունն ամբողջությամբ կայացած է, բայց նաև կա միջին մակարդակը, այսինքն՝ համեմատաբար օբյեկտիվ լուսաբանում, բայց սա իմ սուբյեկտիվ կարծիքն է:
Որքանո՞վ են այսօր անկախ թերթերը, հեռուստաալիքները:
Տվյալ դեպքում անկախությունն էլ հարաբերական հասկացություն է: Մի լրատվամիջոց կախված է կառավարությունից, մյուսը՝ նյութական ինչ-որ խնդիրներից , երրորդը՝ ընդհանրապես պատվիրողից կամ գործատուից: Փաստորեն, անկախ լրագրությունը գրեթե անհնարին բան է՝ երազանք:
ԼՂՀ հանրային հեռուստատեսության վրա իշխանության կողմից ճնշումներ կա՞ն:
Քանի որ տարիներ շարունակ ես աշխատել եմ Արցախի հանրային հեռուստատեսությունում, խոհանոցին հեռվից չեմ ծանոթ, և եթե որևէ մի լրագրող միայն գովաբանությամբ է զբաղվում, դա չի նշանակում, որ նրան ճնշում են կամ պատվեր են տալիս: Ես կասեի, որ դա զուտ մարդկային բնույթ է կրում: Բայց ես այստեղ շատ լրագրողներ եմ տեսնում, որոնք ամեն մի առաջխաղացմամբ սրտանց ուրախանում են ու ամեն մի բացասական երևույթ ընդունում են որպես անձնական խնդիր:
Ի՞նչ կասեք մամուլում «սենսիացիոն» նյութերի հեղեղի մասին:
Ինձ համար շատ ցավալի է, երբ տեսնում եմ հոլիվուդյան լեզվով ասած պապարացիներ, ում մեջ չարն է գերիշխում: Իմ կարծիքով՝ այդ մարդիկ պարզապես ճիշտ մասնագիտություն չեն ընտրել:
Ի՞նչ ելք եք տեսնում երկրում ծառացած խնդիրների լուծման համար:
Ես նոր բան չեմ ասելու, այդ հարցին ամենալավ պատասխանը Գարեգին Նժդեհն է տվել, ուղղակի պիտի լինենք ուժեղ ու պատրաստ ամեն մի մարտահրավերի: Կավելացնեի կարգապահությունը, ավելի կիրթ լինելը, ֆիզիկապես և հոգեպես ավելի ամուր լինելը, ինչպես նաև շատ եմ կարևորում ներքին կուլտուրան: Այդ տեսակետից անելիքներ չափազանց շատ ունենք:
Բանակում լինում են սպանությունների եւ ինքանսպանությունների դեպքեր, ի՞նչ են մտածում մարդիկ այս մասին: Ձեր ծառայության տարիներին էլ կային նման դեպքեր:
Ինչ վերաբերում է ժողովրդի տրամադրվածությանը, ապա մեծ տարբերություն չեմ տեսնում 88-ի, 92-ի կամ 94-ի համեմատությամբ: Բանակի մասին, որքան ծանոթ եմ վիճակագրությանը, ո՛չ սպանություններն են ավելացել, ո՛չ ինքնասպանությունները: Իհարկե, դա չի նշանակում, որ մենք բավարարված ենք դրանով: Նկատվում է առողջացում բանակ-հասարակություն կապի տեսակետից: Վառ օրինակը՝ երկու օր առաջ Արցախյան ազատամարտի վետերանները վերադարձել են դիրքերից, որտեղ նրանք զինվորների հետ միասին հսկում էին սահմանը: Եվ դա արդեն ավանդույթ է դառնում:
Իմ ծառայության տարիններին, իհարկե, շատ ավելի հաճախ էին պատահում նման դեպքեր, քանի որ կարգապահական տեսակետից լրիվ տարբերվում են այդ ժամանակաշրջաններ: Եվ, վերջապես, արդյո՞ք քաղաքացիական կյանքում քիչ են լինում դժբախտ պատահարներ՝ թե՛ տանը նստած, թե՛ աշխատանքի վայրում և թե՛ փողոցում:
Վարդգես Ուլուբաբյանը ԼՂՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության պետն է, «Ազատ Հայրենիք » կուսակցության անդամ, մասնակցել է Արցախի ինքնապաշտպանական մարտերին, պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Մայրական երախտագիտություն» մեդալով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել