
Փնտրվում է քավության նոխազ
Արդեն մի քանի օր է` ԱԺ ոչ իշխանական 4 ուժերը քննարկում են Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը ԱԺ-ում բարձրացնելու խնդիրը: Նրանցից յուրաքանչյուրը ներկայացրել է անվստահություն հայտնելու գործընթաց ձեռնարկելու սեփական նախագիծը, ինչը նշանակում է, որ նրանցից յուրաքանչյուրը յուրովի է պատկերացնում` ինչպես դա անել և որ շատ ավելի էական է` հիմնավորումների ինչ փաթեթով:
Առայսօր նրանք կառավարությանը և վարչապետ Տիգրան Սարգսյանին մեղադրում էին մեկ ընդհանուր լեզվով և միևնույն մեղքերի մեջ: Ըստ պարզագույն տրամաբանության` անվստահության պահանջը ևս պետք է որ բանաձևվեր մեկ ընդհանուր հայեցակարգի հիման վրա: Չորս նախագծի համաժամանակյա առաջադրումը, ըստ այդմ, մատնում է ոչ այնքան իրապես Տիգրան Սարգսյանին հեռացնելու նրանց վճռականությունը, որքան այդ պրոցեսը ծավալելու նպատակահարմարության հարցում ունեցած դիրքորոշումների տարբերությունը:
Խնդիրը նրանում չէ, որ հոգու խորքում այդ ուժերը համոզված չեն կառավարությանը հեռացնելու անհրաժեշտության հարցում, այլ նրանում, որ չեն պատկերացնում, թե դա ինչ է իրենց տալու: Եվ դա ունի մի քանի պատճառ:
Նախ` նրանցից յուրաքանչյուրը հասկանում է, որ այս պարագայում կառավարությանը պարզապես դարձնում են քավության նոխազ: Իր իսկ սահմանած ծրագրերի մեծ մասի ձախողման, երկրում սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման առաջին պատասխանատուն, բնականաբար, կառավարությունն է: Բայց այս կառավարությունը շարունակում է գործել, որովհետև այդպես է ցանկանում իշխանության հիմնական կրողը` նախագահ Սերժ Սարգսյանը և նրա խամաճիկը հանդիսացող խորհրդարանական մեծամասնությունը: Որքանով նրանք աջակցում ու պաշտպանում են նման կառավարությանը, այնքանով դառնում են այդ ձախողումների համապատասխանատուն:
Այսինքն` որպեսզի չլինի այս կառավարությունը, կամ չպետք է լինի նաև այս նախագահը, կամ առնվազն պետք է հասնել նրան, որ վերջինս այլևս չվստահի Տիգրան Սարգսյանին: Բոլոր դեպքերում իրական թիրախը ոչ թե կառավարությունն է, այլ նախագահը և նրա քաղաքական հենարանը հանդիսացող ԱԺ կոալիցիոն մեծամասնությունը: Անտեսել նրանց դերակատարությունը և թիրախավորել միայն կառավարությանը, առնվազն նշանակում է խեղաթյուրել իրականությունը կամ գլուխը ջայլամի նման մտցնել ավազների մեջ: Դա նշանակում է նաև խոստովանել, որ ուժը հերիքում է միայն վարչապետից` քաղաքական իմաստով բոլորովին էլ ոչ առաջին ու ոչ էլ անգամ երկրորդ դեմքից, «հաշիվ պահանջելուն»:
Երկրորդ` Հանրապետական կուսակցությունը բազմիցս է հայտարարել, որ իշխանության օրակարգում կառավարության հրաժարականի հարց չկա դրված, ինչը գործադիրի նկատմամբ նախագահի անվերապահ հավատի արգասինքն է: Բայց դա նշանակում է, որ անգամ եթե իրենց ողջ կազմերով ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն» և ՀՅԴ խմբացկությունները ստորագրեն կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը արտահերթ քննարկման առարկա դարձնելու նախագծի տակ, միևնույն է, այն դատապարտված է ձախողման:
ԱԺ մեծամասնությունն այդ նախաձեռնությունը խեղդելու է այն նույն ջերմեռանդությամբ, որով տապալեց թե ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար արտահերթ նիստ հրավիրելու, թե գազի մատակարարման ոլորտում ուսումնասիրություններ կատարելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունները: Առավելևս, որ երկու տարի առաջ ՀՅԴ-ն ԱԺ-ում կառավարությանն անվստահություն հայտնելուն ուղղված նման մի անհաջող փորձ ձեռնարկել էր: Պարզ է, որ ԱԺ մեծամասնությունը, անգամ նրանք, ովքեր վարչապետի գործունեությունից գուցե ավելի շատ են դժգոհ, քան ընդդիմադիրները, երբեք կողմ չեն քվարկելու դրան:
Պարզ է, որ այդքանը հրաշալի հասկանում են նաև ոչ իշխանական ուժերը: Բայց եթե հասկանալով հանդերձ, այնուամենայնիվ, ձեռնարկում են այս պրոցեսը, նշանակում է` հետապնդում են բոլորովին այլ մարտավարական նպատականեր: Հնարավոր է, որ նրանք հույս ունեն, թե Տիգրան Սարգսյանից դժգոհ հանրապետականները կարող են թաքուն աջակցել իրենց, այսինքն` իրականացնել մի փոքրիկ հեղաշրջում: Դրա համար անհրաժեշտ է, որ ՀՀԿ-ից և ՕԵԿ-ից այս նախաձեռնությանը միանա ընդամենը 10 պատգամավոր:
Բայց դա գործնականում հնարավոր չէ: Ոչ իշխանական ուժերը, փաստորեն, ՀՀ-ականներից թեթև առնետավազք են ակնկալում, ինչը իրատեսական է միայն այն դեպքում, եթե կուսակցությունում հստակ համոզվածություն լինի, որ իշխանության ներսում ուժերի հարաբերակցություն է փոխվել և Սերժ Սարգսյանն առնվազն չի տիրապետում իրավիճակին: Իսկ որպեսզի վերջինս տեղի ունենա, անհրաժեշտ կլինի, որ նախագահը զրկվի ուժային համակարգի և օլիգարխիայի աջակցությունից: Մինչդեռ ներկայումս անգամ դրա տեսական հնարավորությունը չկա: Այս իմաստով ՀՀԿ-ականներից խղճով առաջնորդվելու ակնկալիքը պարզապես պարապ վախտի խաղալիքի է նման:
Կամ էլ ոչ իշխանական ուժերն իրենց այս նախաձեռնությամբ յուրօրինակ առաջարկ են անում նախագահ Սերժ Սարգսյանին` փոխել իշխանության կառուցվածքը և կենսագործել այսպես կոչված «ազգային կառավարություն» ձևավորելու` նախկինում բազմիցս շրջանառության մեջ դրված գաղափարը: Իսկ դրա ողջ իմաստը նոր կառավարության ձևավորումն է` ներկայիս ոչ իշխանական ուժերից ոմանց մասնակցությամբ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ԲՀԿ-ին, որը դեռ 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո էր առաջադրել վարչապետի պաշտոնն իրեն վերապահելու դիմաց կոալիցիա մտնելու տարբերակը:
Բայց սա էլ իրատեսական չէ առնվազն մինչև այս տարվա կեսերը` այսինքն` մինչև Մաքսային միությանը Հայաստանի վերջնական անդամակցության հարցի լուծումը, որին ուղղված աշխատանքներում Տիգրան Սարգսյանի կառավարությունն իրեն պահում է գերգերազանցիկ աշակերտի նման: Իսկ ինչպես ասում են, գետն անցնելիս ձիերին չեն փոխում: Սակայն բոլոր դեպքերում չի էլ կարելի բացառել, որ այս նախաձեռնության ներքո Սերժ Սարգսյանը կարող է որսալ իրեն արվող առաջարկը և դա նկատի առնել իշխանության հետագա վերաձևումների համատեքստում:
Սակայն այս ամենի ողջ «հմայքն» այն է, որ հասարակության և հանրային պահանջմունքների հետ որևէ կապ չունի: Հասարակությանն այլևս չի հետաքրքրում` կփոխվի՞ կառավարությունը, թե՞ ոչ, կուլիսային կամ անդրկուլիսային մակարդակներում իշխանականների հետ ոչ իշխանակնները համաձայնությունների կհասնե՞ն, թե՞ ոչ: Որովհետև այս ամենից լիովին կուշտ քաղաքացիներն արդեն գիտեն, որ դրանից իրենց կյանքը որևէ ձևով չի փոխվելու: Այստեղ լավագույն դեպքում ընդամենը պտուտակներ փոխելու հարց է լուծվում: Մինչդեռ խնդիրը պտուտակների մեջ չէ, այլ համակարգ կոչվող այն անսարք մեքենայի, որը չխկչխկալով շարունակում է շարժվել լրիվ անհասկանալի ուղղությամբ:
Մեկնաբանել