
«Զինվոր թոռ ունեմ, բա չաշխատե՞մ, որ իմ զինվոր բալին լավ-լավ բաներ առնեմ ուղարկեմ»
Օրվա երկրորդ կեսին Արմավիրի մարզի Արեւաշատ գյուղի փողոցների տարբեր հատվածներից մարդկանց ձայներ էին լսվում: Գյուղացիներն անցել էին հողի գործերին:
73-ամյա Ջուլիետա Հակոբյանը որդու եւ հարսի հետ աշխատում էր իրենց տնամերձ հողամասում: Թեեւ պատկառելի տարիքին, երկաթյա ձողերի մի տրցակ ուսին դրած՝ նա հողամասի մի ծայրից տեղափոխում էր մյուս ծայրը: Ջուլիետա տատը փոքր ջերմոց էր պատրաստում աշնանը ցանած կանաչիները պոլիէթիլենային տոպրակներով ծածկելու համար:
Տեսնելով մեզ՝ նա կանգնեց տեղում եւ հայացքով զննեց ֆոտոխցիկը, ձայնագրիչը եւ ցածրաձայն ասաց. «Էս ի՞նչ հաշիվ ա»: Մի քանի քայլ առաջ եկավ եւ ժպտալով բարեւեց: Մտերմիկ զրույցից հետո սկսեց պատմել իր առօրյայի մասին:
«Հիմա որ չարչարվում եմ, լավ չի, բալես, բայց հեսա կանաչին կծածկեմ, այն ժամանակ արդեն լավ կլինի: Կծախենք, փող կունենանք, դա վատ ա՞: Զինվոր թոռ ունեմ, բա չաշխատե՞մ, որ իմ զինվոր բալին լավ-լավ բաներ առնեմ ուղարկեմ: Դրա համար եմ վռազում, թե չէ իմ փորի մասին չեմ մտածում»,- ասաց Ջուլիետա Հակոբյանը:
Շատերի նման նա էլ առողջական խնդիրներ ունի, երեկոյան ճնշումը բարձրանում է, մեջքն ու ոտքերը ցավում են, սակայն հաղթահարում է բոլոր ցավերը, «հիվանդությունը գրկած չի նստում»: «Հիմա մեռնել-ապրելու դար է, ով աշխատեց՝ նա կապրի, ով էլ չէ՝ միշտ բողոքելու է, որ վատ է ապրում ու սոված օր է անցկացնելու»,- ասաց Ջուլիետա տատը:
Նա մարդկանց կոչ արեց հույսները դնել իրենց վրա եւ ոչ մեկից, այդ թվում՝ կառավարությունից սպասելիքներ չունենալ:
«Որ մարդը ջիղ ունենա, կապրի, թե չէ՝ լրիվ սուտ ա: Կառավարությունը ի՞նչ պիտի օգնի, ինձ կբերի փող կտա՞, չի տա: Պարարտանյութ, սոլյարկա, էժան բերում բաժանում են, դա հերիք չի՞: Ոչ մի երկրում պետությունը չի բերում տալիս ու ասում՝ առանց աշխատելու նստի կեր, պիտի աշխատենք: Ես էլ եմ ուզում հանգիստ մնամ, նստեմ արեւի տակ ու ոչ մի բան չանեմ, բայց որ սոված մնամ, ու՞մ վրա մունաթ գամ, ո՞վ կբերի կտա ինձ: Չէ, տղա ջան, քանի ուժ ունեմ, պիտի աշխատեմ, իմ երեխեքին օգնեմ: Մեծ եմ, ես էլ իմ ուժի չափով եմ անում ու ջահելներին շախի եմ գցում»,- նշեց Ջուլիետա տատը եւ արագ-արագ երկաթյա կեռ ձողերը հրեց հողի մեջ:
73 տարեկան կինը չի հասկանում այն մարդկանց, ովքեր գյուղում են ապրում ու սոված են քնում: «Ազնվությամբ՝ ամաչում եմ, որ մեկի մոտ ասեմ՝ փող չունեմ: Ու՞մ ասեմ, պիտի ասեն՝ ձեռք ունես, ոտք ունես, հողդ մշակիր, կեր: Որ նման բան ասեն, ճիշտ կանեն, բա ինչի՞ պիտի չաշխատեմ,- ասաց Ջուլիետա Հակոբյանը եւ հրաժեշտ տվեց,- թող առողջ լինենք ու միշտ աշխատենք, աշխատանքից վատ բան չկա: Ջահել ես, քեզ գործից չկտրեմ, դու էլ գնա աշխատի»:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել