HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հոռոմի դպրոցի տնօրենի պաշտոնը թափուր է 2011-ից

Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Հոռոմ գյուղում փետրվարի 10-ին ընտրություններ էին: Ընտրական կրքերն այս անգամ ծավալվեցին ոչ թե համայնքապետի աթոռի շուրջ, այլ` դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի: 2011-ից Հոռոմի միջնակարգ դպրոցը տնօրեն չունի: Նախկին տնօրեն Արամ Մելիքսեթյանը սեփական դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից, թեպետ մարզում առաջին լիցենզավորվածներից էր: Թողնելով տնօրենի պաշտոնը՝ Արամ Մելիքսեթյանը շարունակել էր աշխատել նույն դպրոցում որպես պատմության ուսուցիչ:

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար 2011թ. նշանակվել էր Հենրիկ Մինասյանը, ով դասավանդում էր Արթիկի դպրոցներից մեկում եւ ուներ հավաստագիր: Հաջորդ ժամանակավոր պաշտոնակատարը Աշոտ Պասկեւիչյանն էր: Մի քանի ամիս աշխատելով որպես դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մասնակցում է ՏԻՄ ընտրություններին եւ ընտրվում Հոռոմ գյուղի ղեկավար: 2012թ. հոկտեմբերին Հոռոմի միջնակարգ դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում նույն դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Լուսիկ Դարբինյանը:

Անցած մեկ եւ կես տարվա ընթացքում ընդամենը 2 անգամ է դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարվել, որին մասնակցել են դպրոցի նախկին տնօրեն Արամ Մելիքսեթյանը, նույն դպրոցի պատմության ուսուցիչ Սարգիս Խաչատրյանը եւ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսիկ Դարբինյանը: Հայտ ներկայացրած թեկնածուներից որեւէ մեկը չի ստացել ձայների առավելագույն քանակ: Վերջին մրցույթին մասնակցած թեկնածուներից Արամ Մելիքսեթյանն ու Լուսիկ Դարբինյանը ստացել են 4-ական, իսկ Սարգիս Խաչատրյանը՝ 0 ձայն:

Ինչպես հայտնի է, դպրոցում ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց հետո եռամսյա ժամկետում պետք է տնօրեն ընտրվի, սակայն 2011-ից առ այսօր Հոռոմի միջնակարգ դպրոցում գործընթացը տապալվել է տարբեր պատճառներով: Ոչ պաշտոնական զրույցի ժամանակ իրավիճակից դժգոհում են թե՛ կառավարման խորհրդի անդամները, թե՛ թեկնածուները: «Երկու տարի է՝ էս գզվռտոցը շարունակվում է,- դժգոհում է զրուցակիցներիս մեկը՝ խնդրելով չնշել անունը,- էնքան անկազմակերպ են, որ երրորդ տարին է՝ չեն կարողանում մի տնօրեն ընտրել: Մի հատ նայեք էս դպրոցի վիճակին: Անգամ ժամանակավոր պաշտոնակատարը չի ուզում մատը մատին խփել, մի գործ անել, մինչեւ ընտրվի»:

Խորհրդային տարիներին կառուցված երկհարկանի, 2 հիմնական մասնաշենքերից բաղկացած դպրոցական շենքն անմխիթար վիճակում է: Շենքը հիմնանորոգման կարիք ունի: Ջեռուցման խնդիրն արդեն 24 տարի չի լուծվում: Զրկված լինելով լոկալ ջեռուցումից՝ դասասենյակների մի մասը տաքացվում է էլեկտրական ջեռուցիչներով, մյուս մասը՝ վառարաններով: Դպրոցի միջանցքներում այնքան ցուրտ է, որ հանգիստ կարելի է սահադաշտի ստեղծման աշխատանքներ ձեռնարկել: Հոռոմի միջնակարգ դպրոցում այս պայմաններում սովորում է 229 աշակերտ:

Դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը նշանակված էր ժամը 14:00-ին: Հայտ ներկայացրած 5 թեկնածուներից երկուսը մինչեւ մրցույթը սկսվելը ինքնաբացարկ հայտնեցին: Մրցույթին մասնակցել չցանկացող դպրոցի փոխտնօրեն Հովհաննես Կարապետյանը դիմումը գրեց անմիջապես՝ պատճառաբանելով, որ նպատակահարմար չի համարում մտնել պայքարի մեջ՝ տեսնելով մասնակիցների քանակը: «Ես գիտեի, թե մենակ ես եմ հայտ ներկայացրել,- բացատրեց Հովհաննես Կարապետյանը,- հիմա արդեն իմաստ չեմ տեսնում, քանի որ չորս թեկնածու էլ բացի ինձնից մրցելու են»:

Մյուս թեկնածուն՝ դպրոցի նախկին տնօրեն Արամ Մելիքսեթյանը, նախքան դիմում գրելը հայտարարեց, որ հրաժարվում է պայքարից, քանի որ վստահ է, որ մրցույթի ելքը կանխորոշված է: «Ես դիմումս գրում եմ, որովհետեւ չեմ ուզում մասնակցել այս շոուին,- շեշտեց Արամ Մելիքսեթյանը,- համարում եմ, որ քվեարկությունը ուղղորդված է լինելու, ուրեմն էլ ինչու՞ մասնակցեմ»:

Արամ Մելիքսեթյանն ասաց, որ իր հայտարարությունը հիմք ունի, որովհետեւ, իր կարծիքով, շոու են ոչ միայն անցկացվելիք մրցույթը, այլեւ մինչ այդ դպրոցում ծավալված իրադարձությունները: Ա. Մելիքսեթյանը պատմեց, որ երբ 2013թ. մարտ ամսին կայացած մրցույթում ոչ ոք չի ընտրվել, ապրիլին կառավարման խորհուրդը հանկարծակի լուծարվել է: Անդամներից չորսը միաժամանակ դիմում են ներկայացրել. մեկը` մանկավարժական խորհրդից, մյուս երեքը` մարզպետարանի ներկայացուցիչներն են եղել: Նոր խորհուրդը ձեւավորվել է միայն ութ ամիս անց՝ 2013թ. դեկտեմբերին: «20-օրյա ժամկետում պիտի ձեւավորվեր կառավարման նոր խորհուրդը, բայց տեղի է ունեցել օրենքի խախտում»,- ասաց պրն Մելիքսեթյանը:

Երեւանից մրցույթի ընթացքին հետեւելու համար Հոռոմ հասած ԿԳ նախարարության գլխավոր մասնագետ Ռուզաննա Հարությունյանը համաձայն չէր Արամ Մելիքսեթյանի արտահայտած մտքերի հետ: «Չկա էդպիսի կարգ, որի համաձայն՝ կառավարման խորհուրդը պիտի ձեւավորվի 20 օր հետո: Մանկավարժական եւ ծնողական խորհրդի կողմից լիազորված, մարզպետի կողմից լիազորված անձանցից է կազմվում խորհուրդը: Տվյալ դեպքում, երբ չորս հոգի հրաժարական է տվել, խորհուրդը լուծարվել է, իսկ պրն Մելիքսեթյանի ասածը վերաբերում է խորհրդի մեկ անդամի փոփոխությանը, որը պիտի կատարվի 20 օրվա ընթացքում»,- նշեց Ռուզաննա Հարությունյանը:

Վերջինս դժվարացավ ասել, թե արդյոք օրենքի սահմաններո՞ւմ է լուծարումից միայն 8 ամիս անց կառավարման նոր խորհրդի ձեւավորումը: «Ես այսպես, օդի մեջ չեմ կարող ձեզ պատասխանել, պետք է ուսումնասիրեմ երեւույթը: Պարոն Մելիքսեթյանն այս հարցով նախարարություն էր եկել եւ, որքան գիտեմ, նրան պատասխանել են: Թե ինչու այսօր նա այդ հարցը կրկին բարձրացրեց, չհասկացա»,- նկատեց զրուցակիցս:

Մրցույթը մեկնարկեց երեք թեկնածուով՝ ժամանակավոր պաշտոնակատար Լուսիկ Դարբինյանի, փոխտնօրեն Անահիտ Գալստյանի եւ պատմության ուսուցիչ Սարգիս Խաչատրյանի մասնակցությամբ: Սահմանված կարգի համաձայն` երեք թեկնածուն էլ նախ ներկայացրեցին դպրոցի զարգացման հնգամյա ծրագիրը: Մրցույթի 2-րդ փուլում թեկնածուները պատասխանեցին ներկայացված 100 հարցից կամայականորեն ընտրված հինգ հարցի:

Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում Լուսիկ Դարբինյանը եւ Անահիտ Գալստյանը ստացան 3-ական, իսկ Սարգիս Խաչատրյանը՝ 0 ձայն: Կրկնակի քվեարկությունը եւս որեւէ բան չփոխեց: Կառավարման խորհրդի 6 անդամները կրկին հավասար քանակությամբ բաշխեցին իրենց ձայները՝ այս անգամ երկու թեկնածուի միջեւ:

Փետրվարի 10-ին Հոռոմի միջնակարգ դպրոցում տնօրենի պաշտոնը կրկին մնաց թափուր: Մարտի 28-ին նշանակվել են նոր ընտրություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter