HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորից արտաքին քաղաքական կողմնորոշման մասին

Էդգար Վարդանյան, քաղաքական վերլուծաբան

Անկեղծ ասած` «Արտաքին քաղաքական կողմնորոշման մասին» հոդվածը շարադրելիս այնպիսի զգացողություն կար, որ այն կարող է չափից ավելի երկար ստացվել եւ միեւնույն է անավարտ մնալ: Այդ իսկ պատճառով որոշեցինք սահմանափակվել թեմայի վերաբերյալ մի քանի, մեր կարծիքով, հիմնական գաղափարների ներկայացմամբ: Սակայն, քանի որ պարզվեց, որ արծարծվող թեման դեռ քննարկվում է, իսկ հոդվածն էլ ակամայից «դարձել է» այդ քննարկումների մասնակիցը, գայթակղություն առաջացավ, այնուամենայնիվ, որոշ լրացումներ անել` հաշվի առնելով նաեւ խնդրի շուրջ ընթացող բանավեճերի ժամանակ հնչած նոր մտքերը:  

Թեմայի շուրջ առկա դիսկուրսում հաճախ դեպի Արեւմուտք կողմնորոշումը շատերի կողմից ընկալվում է որպես դեմոկրատացման տանող քաղաքականություն: Սակայն, հարկ է նշել, որ ոչ միշտ է դա այդպես. պատմության մեջ կան շատ օրինակներ, երբ ավտորիտար երկրները ձգտել են սերտ ռազմավարական հարաբերություններ հաստատել, դաշինքների մեջ մտնել զարգացած ժողովրդավարական երկրների հետ, եւ դա չի նշանակել, որ նրանք գնում էին դեմոկրատացման ճանապարհով: Հաճախ նույնիսկ հակառակն է եղել:  Օրինակ՝ անցյալի այդպիսի վառ օրինակներից են Պինոչետի ռազմական խունտան Չիլիում, «Սեւ գնդապետների» վարչակարգը Հունաստանում: Այսօր էլ, օրինակ, դեպի ԱՄՆ կողմնորոշվածություն ունի այնպիսի ոչ դեմոկրատական երկիր, ինչպիսին է Սաուդյան Արաբիան, որտեղ իշխանությունը պատկանում է միապետին: Նախկին Խորհրդային միության տարածքի երկրներից աշխարհի ամենաավտորիտար պետություններից մեկը համարվող Ուզբեկստանը, որը, թեեւ իրեն հռչակել է չեզոք երկիր, սակայն ավելի շատ կողմնորոշված է դեպի ԱՄՆ:

Սակայն պետք է նշել, որ դժվարանում ենք գտնել մեկ օրինակ, երբ կայացած դեմոկրատական պետությունը արտաքին քաղաքականությունում կողմնորոշված լինի դեպի որեւէ ավտորիտար պետություն կամ այդպիսի պետություններից բաղկացած դաշինք, միություն:

Ամեն դեպքում, արտաքին կողմնորոշման եւ դեմոկրատացման կապը տեսնելու համար նախ հարկ է բացահայտել, թե ամեն կոնկրետ դեպքում ինչպես է դրսեւորվում դեպի Արեւմուտք արտաքին քաղաքական կողմնորոշումը: Մի դեպքում ավտորիտար երկիրը կարող է, օրինակ, ռազմական կամ էներգետիկ բնագավառում փոխշահավետ համագործակցության ակնկալիքով կողմնորոշվել դեպի Արեւմուտք եւ չիրականացնել որեւէ դեմոկրատական բարեփոխում: Մեկ այլ դեպքում, օրինակ, կարող է այնպիսի իրավիճակ լինել, երբ ներիշխանական կուլիսային պայքարի արդյունքում «լիբերալների» իշխանության գալու հետեւանքով ավտորիտար պետությունում «վերեւից» սկսվի ազատականացման գործընթաց: Եվ դեպի Արեւմուտք կողմնորոշումը կարող է պայմանավորված լինել այդ բարեփոխումների համար աջակցություն ստանալու եւ դրանց արտաքին եւ ներքին հակառակորդների դեմ պայքարելու համար դաշնակիցներ ձեռքբերելու մղումով:

Դեպի Արեւմուտք կողմնորոշումը կարող է պայմանավորված լինել ավտորիտար պետությունում առկա ճգնաժամային իրավիճակով, երբ իշխանությունները որոշակի ռեֆորմներ կատարելու եւ միջազգային հարաբերություններում արեւմտյան շահերին չհարվածող քաղաքականություն որդեգրելու դիմաց ֆինանսական եւ այլ աջակցություն ստանալու ակնկալիքով են կողմնորոշվում դեպի Արեւմուտք: Կարծում ենք, որ եթե Հայաստանը ստորագրեր Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, կարող էր հենց այդ տեսակի կողմնորոշում ունեցող երկրի օրինակ դառնալ: Վերոնշյալ տեսակի արտաքին քաղաքական կողմնորոշման պարագայում չի կարելի ակնկալել, որ երկրում կլինեն արմատական դեմոկրատական փոփոխություններ` իշխանությունները չեն կտրի այն ճյուղը, որի վրա նստած են: Սակայն հնարավոր է, որ մասնակի բարեփոխումների արդյունքում իշխանությունների կամքից անկախ ստեղծվեն որոշակի նախադրյալներ ապագայում ժողովրդավարություն հաստատելու համար: Թեեւ, կարող է նաեւ այնպես լինել, որ մասնակի ռեֆորմները ծառայեն որպես գոլորշու դուրս գալու միջոց եւ խոչընդոտեն դեմոկրատիայի հաստատման համար մղվող պայքարին:

Հարկ ենք համարում նշել, որ դեպի ավտորիտար երկրների ակումբ կողմնորոշումը, միգուցե, լավագույն դեպքում, ժամանակավորապես լուծի որոշակի տնտեսական բնույթի խնդիրներ, սակայն քաղաքակրթական առաջընթաց որեւէ կերպ չի կարող ապահովել:  Իհարկե, չի բացառվում նաեւ, որ ավտորիտար երկրների ակումբի հետ ինտեգրումը կարող է հանրության ըմբոստության պատճառ դառնալ, որի արդյունքում հնարավոր է՝ փոխվի քաղաքական ռեժիմը:

Բոլոր դեպքերում, կարծում ենք, որ միայն լեգիտիմ իշխանությունների պարագայում պետությունը կարող է հանրության շահերից բխող լիարժեք արտաքին քաղաքականություն վարել, քանի որ ոչ լեգիտիմ իշխանություններն իրենց իշխանությունը պահպանելու համար հաճախ ստիպված են լինում ռեսուրսներ հայթայթել «դրսից» եւ կախման մեջ են ընկնում այս կամ այն ուժային կենտրոնից, դառնում են նրա աշխարհաքաղաքական շահերի սպասարկողը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter