
Ի՞նչ փոփոխություններ է նախաձեռնել բնապահպանության նախարարությունը
Արարատյան հարթավայրում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրներին համակարգված լուծում տալու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունը նախաձեռնել է փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում, «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին», «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքների նախագծերում: Այս օրենքներում առաջարկվող փոփոխությունների փաթեթն ուղարկվել է համապատասխան շահագրգիռ գերատեսչություններին՝ կարծիքի:
ԲՆ Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վոլոդյա Նարիմանյանը «Հետքի» հետ զրույցում պարզաբանեց, որ փոփոխությունների այս փաթեթով փորձում են հստակեցնել գաղափարները, երկիմաստ մեկնաբանությունները, ինչպես նաև նոր պահանջներ են ավելացրել: Օրինակ` եթե ջրօգտագործման թույլտվության պայմանները չկատարվեն, ապա ջրօգտագործման թույլտվությունը կարող է չեղյալ համարվել: Սա նոր փոփոխությունների հիմնական կետերից մեկն է:
«Նախկինում ջրօգտագործման պայմանները չկատարելու դեպքում մենք չէինք կարող թույլտվությունը առ ոչինչ համարել, իսկ հիմա դա հստակեցնում ենք. եթե պետությունը տալիս է քեզ ջրօգտագործման թույլտվություն այս պայմանով, բարի եղիր կատարել այդ պայմանը, եթե ոչ, մենք թույլտվությունը առ ոչինչ ենք համարում»,- մանրամասնում է Վոլոդյա Նարիմանյանը:
Փոփոխությունների փաթեթում նոր պահանջ է ավելացվել հորատման աշխատանքների կատարման վերաբերյալ: Նախատեսվում է հորատող կազմակերպությանը կամ անահատին լիցենզավորել, որպեսզի պետությունը կարողանա վերահսկել նրա գործունեությունը: «Այդ կազմակերպությունները, որոնք հորատում են կատարում, հորատման համար պետք է լիցենզիա ունենանան: Այսինքն` առաջարկում ենք լիցենզավորել գործունեությունը»,- հավելում է Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետը:
Երբ շահագրգիռ կառույցները քննարկեն և ուղարկեն իրենց կարծիքները փոփոխությունների վերաբերյալ, ըստ Վ. Նարիմանյանի, ավելի առարկայական կարելի է խոսել դրանց մասին: Կարծիքները ստանալուց հետո փաթեթը պիտի ուղարկվի ՀՀ արդարադատության նախարարություն, կառավարություն և վերջում ԱԺ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել