Սոցիալական ներդրումների հիմնադրամը կվերակազմակերպվի որպես Տարածքային զարգացման հիմնադրամ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Մինչեւ օրակարգային հարցերին անցնելը` փոխվարչապետը կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ հունվարի 31-ին ՀՀ վարչապետի նախագահությամբ կայացած Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստում որոշում է կայացվել ՀՍՆՀ-ն որպես Տարածքային զարգացման հիմնադրամ վերակազմակերպելու գործընթացն սկսելու մասին: Ակնկալվում է, որ մինչեւ տարեվերջ կմշակվեն ու կընդունվեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, եւ 2015 թվականից հիմնադրամն արդեն կսկսի իր գործունեությունը` նոր մոտեցումներով եւ գործիքակազմով:
Ինչպես նշված է նախարարության հաղորդագրության մեջ, փոխվարչապետը տեղեկացրել է, որ զուգահեռաբար Համաշխարհային բանկի հետ քննարկվելու են հիմնադրամի նոր ծրագրի մանրամասները, որն ակնկալվում է հաստատել մինչեւ տարեվերջ: Նա հույս է հայտնել, որ Տարածքային զարգացման հիմնադրամը կարեւոր դեր կունենա համայնքների զարգացմանը նպաստելու աշխատանքներում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել