Կառավարությունը խնդրահարույց մեքենաների գույքահարկի պարտավորությունները զրոյացնելու մեխանիզմներ է փնտրում
ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի՝ այսօր տեղի ունեցած նիստում փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը տեղեկացրել է, որ նախարարության ուշադրության կենտրոնում են համայնքային վարչարարության կատարելագործման հարցերը: Նա տեղեկացրել է, որ ներկայումս քննարկվում է համայնքների գույքահարկի բազաների ճշգրտման հարցը, որը մարզային այցերի ժամանակ բազմիցս բարձրաձայնվել է համայնքների ղեկավարների կողմից: Խնդիրը վերաբերում է համայնքներում առկա չշահագործվող, բայց Ճանապարհային ոստիկանությունում հաշվառված եւ համայնքների գույքահարկի բազաներում ներառված ավտոմեքենաներին, որոնք կամ սեփականատերերի բացակայության կամ ժառանգությունը չձեւակերպելու պատճառներով հնարավոր չէ հանել հաշվառումից, հետեւաբար գույքահարկի գծով պարտավորությունները չեն կարող դադարեցվել: Սա իր հերթին համայնքների ղեկավարների համար խնդիրներ է առաջացնում հարկային վարչարարության տեսանկյունից:
Փոխվարչապետը տեղեկացրել է, որ փետրվարի 13-ին խնդրի լուծման հնարավոր մեխանիզմները քննարկվել են Ոստիկանության, Պետական եկամուտների կոմիտեի, շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Որոշվել է լուծումներ գտնել խնդրահարույց մեքենաների գույքահարկի պարտավորությունների մասով մինչեւ 2010թ. կուտակված ապառքների զրոյացման, ինչպես նաեւ գույքահարկի պարտավորությունների սառեցման հարցերի համար` հիմք ընդունելով վերջին տարիներին ստեղծված տեղեկատվական տարբեր բազաների տվյալները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել