Տրանսպորտի նախարարը եւ Իրանի դեսպանը քննարկել են «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի մանրամասները
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը փետրվարի 14-ին հանդիպեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին:
Ինչպես նշված է նախարարության մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ, հանդիպման ընթացքում կարևորվեցին տրանսպորտի ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացումը, նշվեց, որ առաջիկայում համատեղ բազմաթիվ ծրագրեր կան իրագործելու:
Անդրադառնալով «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրականացմանը՝ Գագիկ Բեգլարյանն ընդգծեց, որ Տրանսպորտի և կապի նախարարությունն անում է հնարավորինը, որպեսզի Հայաստանի համար խոշոր ռազմավարական նշանակություն ունեցող այդ նախագիծը կյանքի կոչվի:
«Երկաթուղու տեխնիկատնտեսական հիմնավորումն արդեն պատրաստ է, այն գտնվում է քննարկման փուլում»,- ասաց նախարարը:
Դեսպանը նույնպես ընդգծելով «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրագործման կարևորությունը ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի համար՝ շեշտեց, որ այն կարող է մեծապես նպաստել Սև ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ կատարվող ապրանքաշրջանառության աճին:
Նա հաստատեց իրանական կողմի պատրաստակամությունը՝ նշելով, որ երկաթուղու շինարարարական աշխատանքների մեկնարկին զուգահեռ՝ իրանական կողմը ձեռնամուխ կլինի իր հատվածում երկաթգծի կառուցմանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել