
Սերժ Սարգսյանի հայտարարությունն ու դրան հակասող զուգադիպությունը
Այսօր Սերժ Սարգսյանը քաղաքաշինության նախարարություն կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը կտրուկ գնաճի չի հանգեցնի:
Իսկ այդ ժամանակ ՄՄ-ում
Զավեշտալի զուգադիպությամբ անցած շաբաթ Ղազախստանում և Ռուսաստանում տեղի ունեցավ ազգային արժույթների` տենգեյի և ռուբլու 18 տոկոսանոց դեվալվացիա, այսինքն` 18 տոկոսանոց գնաճ:
Այո, այո: Մեկ շաբաթում` 18 տոկոս գնաճ: Ընդ որում, Ղազախստանում այդ արժեզրկումը տեղի ունեցավ արհեստական` ռուսական ռուբլու դեվալվացիայի արդյունքում: Մասնավորապես, ՌԴ-ից կապիտալի արտահոսքը հանգեցրեց ռուբլու նկատմամբ պահանջարկի նվազեցմանը, ինչն իր հերթին հանգեցրեց արժեզրկմանն ու գնաճին:
Ղազախստանը ՄՄ անդամ երկիր է և, ուստի, հիմնական առևտուրն անում է հենց Ռուսաստանի հետ: Ռուսական ռուբլու անկումը մեծ վնաս կհասցներ ղազախական էքսպորտին, և այդ երկրի իշխանությունները արհեստական կերպով 18 տոկոսանոց դեվալվացիա իրականացրեցին:
Այսինքն, քանի դեռ Սերժ Սարգսյանը մեզ վստահեցնում է, որ Մաքսային միությանն անդամակցելը գնաճի չի հանգեցնի, Ղազախստանը նույն միության պատճառով մեկ օրում 18 տոկոսանոց դեվալվացիայի ենթարկվեց: Դրանից ավելի կտրուկ գնաճ դժվար է պատկերացնել:
Խոսքի կշիռը
Մենք դեռ մանրամասն կանդրադառնանք ՄՄ անդամակցության հետևանքներին: Սակայն, արդեն ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի այսօրվա հայտարարությունը հիմնազուրկ է: Սերժ Սարգսյանի դեպքում առաջինը, և, հավանաբար, վերջինը չէ:
2008 թվականին վարչապետ Տիգրան Սարգսյանը բոլորին վստահեցնում էր, որ ճգնաժամը չի կարող վնասել Հայաստանի տնտեսությանը: Սակայն տեղի ունեցավ հակառակը, և առայսօր նույն Տիգրան Սարգսյանը մեր դժբախտությունների մեծ մասի մեղքը գցում է ճգնաժամի վրա:
Հեռու չգնանք: Անցյալ տարվա մարտ ամսին Սերժ Սարգսյանը այսօրվա հայտարարությունից էլ ավելի վստահ դեմքով պնդում էր, որ գազը չի թանկանալու: Հայաստան մտնող գազի գինը արդեն թանկացել էր:
Եղել են նաև բազմաթիվ այլ հայտարարություններ` տրանսպորտի գին, նոր ատոմակայան, Իրան-Հայաստան երկաթուղի և այլն:
Այսինքն՝ թե թվարկված և թե այսօրվա հայտարարությունները ունեն մի նպատակ` այսօր, այս պահին որևէ կերպ հիմնավորել հանրության շահերին հակասող գործողությունները, իսկ «մեզանից հետո` թեկուզ ջրհեղեղ»:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել