Սուրբ Սարգսի տոնը՝ Ջավախքում
Ջավախքի գործող բոլոր եկեղեցիներում նշվեց Սբ Սարգսի տոնը՝ Երիտասարդների օրհնության օրը: Սուրբ Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:
Տոնական օրը Ախալքալաքի Սբ Խաչ եկեղեցում սկսվեց ժամերգությամբ: 2014-ի թվականի խաչքավոր Տեր և Տիկին Սվետա և Պետրոս Գրիգորյանների կողմից նվիրաբերվեց Սբ Սարգսի սրբապատկերը: Այս երկար տարիներ սպասված իրադարձությանը ջավախքցիները շատ էին սպասել, վերջապես կատարվեց երիտասարդների փափագը: Եվ Ախալքալաքի Սբ Խաչ եկեղեցում իր տեղը զբաղեցրեց Սբ Սարգսի սրբապատկերը:
Ջավախքի հոգևոր դասի կողմից կատարվեց սրբապատկերի օծման կարգ: Հավարտ երեկոյան ժամերգության Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ. Սալբիյանը իր բարեմաղթաքն ուղղեց՝ նվիրված Սբ Սարգսի տոնին և իր օրհնությունն ու գնահատանքը բերեց եկեղեցու նվիրատուին: Այնուհետև երիտասարդների բաժանվեց աղաբլիթներ, և Սբ Խաչ եկեղեցու բակում սիրահարների և նորապսակների համար Ջավախքի ընդհանուր առաջնրդական փոխանորդության կողմից օդապարիկներ բարձրացվեցին դեպի երկինք:
Ջավախքում Սբ Սարգսի տոնը բացառիկ եկեղեցական տոներից է, որը տասնյակ հազարավոր երիտասարդների համախմբում է հայ եկեղեցու շուրջ: Ընդունված ավանդույթի համաձայն՝ այդ օրը երիտասարդները հեռու և մոտիկ գյուղերից ու բնակավայրերից ուղևորվորվում են դեպի Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի Սբ Սարգիս անունը կրող եկեղեցում:
Տոնի օրը Սուրբ Սարգիս Զորավարի անունը կրող Ջավախքի բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ պատարագ: Օրվա պատարագիչներն էին՝ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը, Տեր Տաթև քահանա Մարուքյանը, Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանը և Տեր Արմաշ քահանա Պողոսյանը:
Նույն օրը Ախալքալաքի Ապագայի տանը տեղի ունեցավ մշակութային մեծ միջոցառում` նվիրված Սբ Սարգիս տոնին՝ նախաձեռնությամբ և հովանավորությամբ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հայր Բաբգէն վրդ Սալբիյանի:
Սիրահարների տոնին նվիրված հանդիսությունն ազդարարվեց Տերունական աղոթքով, որին հաջորդեց հակիրճ և բովանդակալից տեղեկություններ Սբ Սարգիս զորավարի մասին:
Այնուհետև Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության ներքո գործող նորաստեղծ թատերական խմբակը հանդես եկավ «Սբ Սարգիս- սիրահարների բարեխոս» թատերական գեղեցիկ ներկայացմամբ:
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը Սբ Սարգիս տոնից մեկ ամիս առաջ հայտարարել էր Սբ Սարգիս թեմայով շարադրության և նկարի մրցույթ, որին իրենց մասնակցություն էին բերել Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանի շուրջ 100 աշակերտներ: Փերտվարի 12-ին 4 անդամից բաղկացած ժյուրին կատարեց ընտրություն, իսկ արդեն 14-ին լավագույն տեղ զբաղեցրած մասնակիցները պարգևատրվեցին մրցանակներով:
Ախալքալաքի Սբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը նախ շնորհավորեց և իր օրհնությունե բերեց ներկաներին տոնի կապակցությամբ, ապա և հայտարարեց մրցանակակիրների անունները:
Լավագույն շարադրություն անվանակարգում առաջին տեղն զբաղեցրեց Ախալքալաքի թիվ 5-րդ դպրոցի սան Կարինե Նահատակյանը, երկրորդ տեղ գրավեց Անյուտա Տիտոյանը, իսկ երրորդ տեղում Ախալքալաքի թիվ 2-րդ դպրոցի աշակերտուհի Գոհար Ասլանյանն էր:
Իսկ նկարների մեջ համապատասխանաբար հաղթող ճանաչվեցին՝ առաջին տեղ` Տաթև Թումասյանը, երկրորդ տեղ` Լուսինե Ստեփանյանը, երրորդ տեղ` Տիգրան Տիտոյանը: Խրախուսական մրցանակներ ստացան նաև Քրիստինե Հակոբյանը, Աղավնի Նազարյանը, Օֆելյա Փալանջյանը և Նահապետ Ակճոյանը:
Մրցանակաբաշխության ավարտին Ախալքալաքի թիվ 4-րդ դպրոցի աշակերտները պատրաստել էին երաժշտական գեղեցիկ համար` նվիրված սիրահարներին: Իսկ 4-րդ դասարանի աշակերտները միջոցառման ավարտին հանդես եկան Ինգա և Անուշ Արշակյանների «Հայ - Հայ» երգով: Այս մասին տեղեկացնում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել