HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Ինչպե՞ս է փոխվել ֆերմերների վարքը «Հազարամյակի մարտահրավերներ»-ի կրթական ծրագրից հետո

«Մաթեմատիկա.քաղաքականության հետազոտություն» ամերիկյան կազմակերպությունը  հետազոտություն էր կատարել ԱՄՆ կառավարության «Հազարամյակի մարտահրավերներ կորպորցիայի» հովանավորությամբ Հայաստանում իրականացված հնգամյա դրամաշնորհային ծրագրի վերաբերյալ: Ինստիտուտը ուսումնասիրել էր Հայաստանում 2007-2011թթ. շուրջ 50 հազար ֆերմերների համար դրամաշնորհային ծրագրով կազմակերպված «Ջրից դեպի շուկա» դասընթացը: «Հետք»-ը ներկայացրել էր այդ հետազոտությունը` թարգմանելով հիմնականում ծրագրի արդյունքների վերաբերյալ հետազոտողների եզրակացությունները: Ուսումնասիրության գլխավոր հետազոտող Քենեթ Ն. Ֆորթսոնը արձագանքեց` նշելով, որ հոդվածում «առկա են բազմաթիվ թյուր մեկնաբանություններ»: Ստորեւ՝ «Հետքի» հարցերին պատասխանում է Քենեթ Ֆորթսոնը:

-Որպես ուսումնասիրության գլխավոր հետազոտող` Դուք պատասխանեցիք, որ «Ջրից դեպի շուկա» դասընթացը լավ է իրականացվել, և մենք հոդվածում թյուր մեկանաբանություններ ենք ներկայացրել ձեր հետազոտության վերաբերյալ: Ձեր կարծիքով՝ ո՞վ պետք է պատասխանատվություն կրի հետազոտության մեջ առկա ձեր այն եզրակացությունների համար, որոնք մենք առանձնացրել և թարգմանել ենք:  Խնդրում եմ մանրամասնեք ծրագրի այս արդյունքների պատճառները:

Հատվածներ հետազոտությունից.

  • Մենք չգտանք որևէ ապացույց, որ իր մեկնարկից երեք տարի անց վերապատրաստման ծրագիրը ազդեցություն է ունեցել համայնքային տնտեսությունների եկամուտների եւ սպառման վրա: Ուսումնասիրության ընթացքում չենք գտել որևէ վկայություն, որ համայնքային տնտեսությունները վերապատրաստման արդյունքում որդեգրել են գյուղատնտեսական նոր մեթոդներ կամ աճեցրել են նոր տեսակի մշակաբույսեր:Ֆերմերներն ավելի շատ հակված են եղել հաջորդ տարվա համար աճեցնել մշակաբույսերի նույն փաթեթը, քան ներդրում կատարել բարձրարժեք մշակաբույսերի համար: Ծրագրի իրականացման ընթացքում փորձագետները և ծրագրի անձնակազմը նկատել են, որ հայ ֆերմերներն ընդհանուր առմամբ ունեն պահպանողական մտածողություն և թերահվատ են, որ նոր մշակաբույսերը կլինեն շահութաբեր: Մանավանդ այն դեպքում, երբ այդ մշակաբույսերը պահանջել են ֆինանսական մեծ ներդրումներ:
  • Ծրագրի տրամաբանությունը թերի էր որոշ առումներով: Ամենից աչքի ընկնող թերացումն այն է, որ, օրինակ,«Ջրի ներտնտեսային կառավարում» ուսուցումը կենտրոնացած էր ջրի պահպանման վրա, բայց Հայաստանում ֆերմերները  ջրի համար վճարում են՝ համաձայն իրենց հողատարածքի չափի՝ անկախ նրանից, թե որքան ջուր են իրականում օգտագործում: Արդյունքում, չկա մասնավոր որևէ խթան ներդնել տեխնոլոգիներ՝ ջուրը խնայելու համար:
  • Ջրի ներտնտեսային կառավարում դասընթացն ընդգրկել է մի շարք տեխնոլոգիաներ, թեինչպես ջուրն օգտագործել ավելի արդյունավետ՝ սկսած տնկումից առաջ անհրաժեշտ պրակտիկաներից, ինչպիսիք են, օրինակ, հողի խոնավության չափիչ սարքերի կամ մոնիտորինգի այլ գործիքների կիրառումը… Այդ մեթոդները դասընթացի ժամանակ դասակարգվել էին խմբերի՝ հետագայում դրանց ազդեցությունը ավելի հեշտ գնահատելու համար: Այդ խմբերն էին՝ պարզ, միջին և առաջադեմ տեխնոլոգիական բարեփոխումներ: Մենք գնահատել ենք յուրաքանչյուր խմբում ընդգրկված մեթոդների ազդեցությունը: Մի քանի ֆերմերներ էին օգտագործել ՋՆԿ-ի մեթոդներից, և դրանք բոլորը պատկանում էին միայն պարզ խմբին:
  • Յուրաքանչյուր համայնքում մի շարք ֆերմերներ կիրառում են կաթիլային ոռոգումը, և հիմնվելով մեր՝ նրանց հետ ունեցած խոսակցության վրա, դա պայմանավորված է վերապատրաստման ծրագրով: Բայց ֆերմերներն այս համայնքներում արդեն իսկ ունեցել են ջերմոցներ անկախ ծրագրից և ֆինանսապես բարենպաստ դիրքում են եղել՝ գյուղատնտեսական ներդրում կատարելու համար: Ելնելով նրանց հետ հարզազրույցներից՝ մենք ենթադրում ենք, որ ազդեցություններ եղել են որոշ համայնքների վրա, բայց վերջիններս փոքր թիվ են կազմում ծրագրի նպատակային խմբում:

Ք.Ֆորթսոն- Ես այլ կերպ կբնորոշեի. ես չեմ կարծում, որ դա պատասխանատվության հարց է, ավելի շուտ՝ այստեղ ուսուցման խնդիր կա: Լավ մտադրություններ ունեցող զարգացման շատ ծրագրեր Հայաստանում լավ են իրականացվել: Որոշ ծրագրեր, թերևս, հիանալի արդյունքներ են ունեցել, շատ այլ ծրագրեր՝ ոչ: Բայց առանց խիստ գնահատման մենք չենք կարող տարբերակել կրկնելու արժանի հաջողված ծրագրերը:

ՋԴՇ վերապատրաստման ծրագրի նախագծումը համատեղ գործընթաց էր: Այն ի սկզբանե առաջարկել էր Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիան` նպաստելու բարելավված տեխնոլոգիաներով հուսալի ոռոգմամբ գյուղատնտեսական զարգացած արտադրողականության հասնելուն: 

«Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիան» և «Հազարմյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան»-ը միասին են աշխատել՝ ձևակերպելու «Ջրից դեպի շուկա» բաղադրիչի գործունեությունը, այդ թվում՝ ՋԴՇ վերապատրաստման ենթագործունեության ընդգրկուն մոտեցումը:

Այդ ընթացքում նրանք խորհրդակցել են Հայաստանի գյուղատնտեսության շատ այլ փորձագետների, ներառյալ՝ կառավարական այլ գործակալությունների ներկայացուցիչների, այլ դոնոր գործակալությունների և «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի» շահառուների խորհրդի այլ անդամների հետ: ACDI/VOCA-ն և VISTAA-ն զարգացրին այս ծրագրերը, երբ ընտրվեցին որպես ՋԴՇ վերապատրաստումն իրականացնող կազմակերպություններ:

Ինձ համար հաճելի էր հանդիպել շատ խելացի, աշխատասեր անձանց հետ, ովքեր ներգրավված էին ՋԴՇ վերապատրաստման ծրագրում: Չնայած ՋԴՇ ծրագիրը չտվեց ցանկալի երկարաժամկետ ազդեցությունները, սակայն մարդիկ, որոնց ես հանդիպել եմ, հենց այն մարդիկ են, որոնց ես կուզենայի ներգրավված տեսնել Հայաստանի գյուղական վայրերի բարօրությունը զարգացնելու նոր ուղիներն ուսումնասիրելու գործում՝ իմանալու համար, թե էլ ինչը կարող է աշխատել: Որոշ լավ գաղափարներ կարող են իրագործվել, մյուսները՝ ոչ, և մենք պետք է շարունակենք փորձարկել մինչև հաջողություն կգտնենք:

Ես փորձել եմ հարցերին պատասխանել այնքան որոշակի, որքան կարող եմ, բայց սրանցից շատերը պահանջում են մասնավոր տեղեկություններ հայտնել, որոնք հանդիսանում են սեփականություն՝ ուսումնասիրության գաղտնիության վերաբերյալ համաձայնագրերի պայմաններով:

-Խնդրում եմ թվարկել այն գյուղերը, որոնք օգուտ են քաղել վերապատրաստման ծրագրից:

Քեն Ֆորթսոն- Ինչպես վերը նշեցի, ես չեմ կարող հրապարակել այն գյուղերի անունները, որոնք ուսումնասիրվել են: Պետք է նշեմ նաև, որ այն պնդումը, որ քիչ թվով համայնքներ են շահել ծրագրից, սպեկուլյատիվ է. ես կարծում եմ, որ դա, անշուշտ, ճշմարտանման է, բայց մենք չենք կարող հաստատել, որ իրականում այդպես է եղել:

Կարո՞ղ եք նշել գյուղատնտեսական այն հաջողված տեխնոլոգիաները, որոնք ՋԴՇ ծրագրի արդյունքն են և հիմա կիրառվում են այդ գյուղերում:

Քեն Ֆորթսոն- Ջերմոցների շինարարությունն ու օգտագործումը, թերևս, տեխնոլոգիաների ամենատեսանելի փաթեթն է, ինչպես նաև մի քանի այլ պրակտիկաներ, որոնք իրականացվում են ջերմոցներում:

-Ի՞նչ եք կարծում, գումարը, որը ծախսվել է ծրագրի համար, համարժե՞ք է արդյունքներին, որքա՞ն գումար է անարդյունավետ ծախսվել:

Քեն Ֆորթսոն- Մենք կենտրոնացել ենք ծրագրի համալիր ազդեցությունների վրա. դժվար կլիներ և, հավանաբար, անհնար՝ առանձնացնել կոնկրետ ծախսերի արդյունավետությունը: Իրականացումից առաջ ենթադրում էինք, որ ծրագրի արժեքը ողջամիտ ներդրում է, որովհետև եթե ֆերմերների վարքը փոխվեր վերապատրաստման ծրագրի միջոցով, այն կունենար պոտենցիալ` ստեղծելու զգալի տնտեսական ազդեցություն ցածր գնով: Ծրագիրն իրականացնելուց հետո մենք պարզեցինք, որ մեր նախատեսածի հավանականությունը քիչ էր: Ապագա ֆինանսական միջոցները կուղղվեն այլ ներդրումների, այդ թվում՝ հավանաբար նաև վերանախագծված գյուղատնտեսական վերապատրաստման ծրագրերի:

-Ովքե՞ր էին ծրագրի դասընթացավարները: Կարո՞ղ եք նշել նրանց անունները և այն կազմակերպությունները, որտեղ աշխատում են նրանք:

Քեն Ֆորթսոն- Մենք չենք կարող տրամադրել անուններ՝ գաղտնիության նկատառումներով, բայց դուք դա կարող եք հարցնել «Վիստաա» կազմակերպությունից, եթե ունեք կոնկրետ հարցեր:

-Հարցումներ ուղարկելով մարզպետներին՝ մենք պարզել ենք, որ «Ջրից դեպի շուկա» դասընթացի մասնակիցների թիվը չի համապատասխանում այն տվյալներին, որը ներկայացնում է «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Հայաստանը»: Ըստ Ձեր հետազոտության՝ վերապատրաստված մասնակիցների թիվը (մոտ 50 հազար) համապատասխանու՞մ է իրականությանը, թե՞ ոչ:

Քեն Ֆորթսոն- Ինձ համար անհասկանալի է, թե ինչ տեղեկատվություն են հավաքել մարզերի ղեկավարները, և չեմ կարող հաստատել կամ հերքել այդ տեղեկատվությունը: Փոխարենը ես կքննարկեմ այն մոնիտորինգը, որից ես տեղյակ եմ: Մենք ինքներս հետազոտել ենք ծրագրի մասնակիցների թվի ճշգրտությունը, բայց չենք կարող ստուգել ամեն առանձին մասնակցի: Ինչպես դուք էլ կարող եք պատկերացնել, գործնականում դա անհնար կլիներ՝ հաշվի առնելով ծրագրի մասշտաբները:

Մենք ինքներս մասնակցեցինք մի շարք դասընթացների և մեր հետազոտության տվյալներով կարող էինք ստուգել ծրագրի մասնակիցներից շատերին: «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Հայաստան»-ի մեր գործընկերներից շատերը կանոնավոր հիմունքներով դաշտային այցելություններ են իրականացրել՝ պատահականության սկզբունքով ընտրելով այնպիսի համայնքներ, որտեղ իրականացվում էին վերապատրաստման դասընթացները: Այցելելով դասընթացներին՝ ստուգել են ուսուցման տարբեր ասպեկտներ: Այդ այցելություններից շատերը նախապես ծրագրված էին, մյուսներն անակնկալ այցելություններ էին: Ես չեմ կարող խոսել մարզպետների տրամադրած տեղեկությունների ճշտության մասին, ես վստահ չեմ՝ արդյոք նրանք լավ տեղեկացված են վերապատրաստման ծրագրի մանրամասներին:

Մեկնաբանություններ (2)

gyuxaci gitnakan
Halal, maqur gumar er hangist marselu hamar, 50/50 skzbunqov!
Թլկատինցի
Ագարակապան - Farmer : Հայաստանում սիրում են օտար բառեր գործածել: Մարդ կարող է միայն հինգ քառագուսի մետր ունենալ եւ կոչվել «Ֆերմեր՚»: Կարծես թէ ագարակապան լինելը նվաստացուցիչ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter