HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի հիշատակ կացնահարվածների

Ռազմիկ Մարկոսյան

Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի հարակից այգում մի խաչքար-հուշարձան կա` «1921թ. փետրվարի 18-ին Երևանի բանտում բոլշևիկների կողմից կացնահարվածների հիշատակին» մակագրությամբ: Խաչքարի տեղը պատահականորեն չի ընտրված: Ժամանակակիցների վկայությամբ` այդ վայրում են հանգչում բոլշևիկյան Հայաստանի ղեկավարության կողմից բանտարկված և 1921-ի փետրվարի 17-ի, լույս 18-ի գիշերը նրանց ձեռքով կյանքից զրկված 21 հայ ազգային  գործիչների, այդ թվում` Սարդարապատի հերոսների, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրների մասունքները: Խմբապետ Համազասպի, Նիկոլայ Ղորղանյանի (Կորգանով) նման նվիրյալների անձնուրաց ջանքի պտուղները քաղող բոլշևիկները նոր Հայաստանի համար վտանգավոր էին համարում ազգային շահը մնացյալ բոլոր արժեքներից գերադասողներին:

Երևանի բանտի փետրվարյան կեսգիշերի աղմուկ-իրարանցումից հետո արյան գետեր հոսեցին: Իսկ օրեր անց թատերական զբոսայգու չհայտարարված եղբայրական գերեզմանոցի վրա երեք անտաշ ժայռաբեկորներ հայտնվեցին` ժամանակի խղճի քարերը, որոնք հետո, խղճի խայթոցների պես, հերթով անհետացան: Այն ժամանակվա երիտասարդները պատմում են, որ մեծահասակներն իրենց թույլ չէին տալիս այդ վայրում խաղալ ու աղմկել` ասելով, որ այդ հողի տակ հերոսներ կան թաղված:   

Խորհրդային Հայաստանը, հասարակարգին բնորոշ պահվածքով, այդպես էլ երբեք չխոստովանեց ու չապաշխարեց: Ոչ պատահական զուգադիպությամբ (հավանաբար՝ պատմական անցքերը կոծկելու նպատակով) այս նույն վայրում էին թաղվել նաև Մայիսյան ապստամբության զոհերը: Խորհրդային Հայաստանը նրանց հիշատակն անմահացրել էր` հուշաքար տեղադրելով:

Բայց բարեբախտաբար և Աստծո կամոք եղան բարեխիղճ մարդիկ, ովքեր իրենց վրա վերցրին պատմական ճշմարտությունը վեր հանելու գործը: Նրանցից մեկին անպայման պիտի առանձնացնեմ: Ազգային զարթոնքի օրերին մեր մայրաքաղաքում ռուսական տանկերի առաջին ներկայության օրերին Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ առաջին պարետային ժամի մասին հայտարարությունը կարդալուց հետո լրատվական  տեքստը եթերում բարկությամբ հաղորդավարական սեղանին շպրտողը մեր հանրության կողմից շատ սիրված, ոգեղեն հաղորդավարուհի Աիդա Ներսիսյանն է:

Աիդան խորությամբ ուսումնասիրեց «կացնահարվածների» գործը, եղավ անգամ թբիլիսյան արխիվում, վեր հանեց շատ մանրամասներ: Նրա ջանքերով էր, որ 1993-ին Սունդուկյանի անվան թատրոնի հարակից այգում` 1921-ին կացնահարվածների եղբայրական գերեզմանոցի տեղում, հուշաքար տեղադրվեց: Բայց, ցավոք, որոշ ժամանակ անց հուշաքարը սկսեց ճաք տալ ու քայքայվել: Աիդա Ներսիսյանը ձեռնամուխ եղավ մեր պատմության ցավալի հետքը փոքրիշատե մեղմացնող այդ հուշաքարի նորոգման կամ այն նորով փոխարինելու գործին:

Բայց այնպես պատահեց, որ այդ գործն ինքս ձեռնարկեցի, և 2008-ին նախկին հուշաքարի տեղում տեղադրվեց այսօրվա խաչքար-հուշարձանը: Գուցե ես կարողանայի հպարտանալ իմ ձեռնարկմամբ, բայց պատմական միջադեպի անհեթեթությունը դրա հնարավորությունը չի տալիս: Չէ՞ որ 1921-ին կացնահարվածների այս հուշարձանը նաև մեր ամոթի հուշարձանն է: 

Հայ մարդու համար խաչքարը հավերժական ու բարի հիշատակի մարմնավորումն է: Այս խաչքարն իր մեջ կրում է նաև պատգամ` ուղղված այսօր ու վաղը ապրողներին. ցանկացած պարագայում եղբայրասպանությունը մերժելու, բացառելու պատգամ: Որպեսզի հայ մարդը երբեք խաչքարի առաջ չկանգնի` նաև ամոթը սրտում:

Երկրորդ լուսանկարում` Աիդա Ներսիսյանը և Ռազմիկ Մարկոսյանը 

Մեկնաբանություններ (2)

Aida Nersisyan
Xorin chnorhakalutyn azgayin gortsich, ankaxutyan gaghapari nviryal RAZMIK MARKOSYANIN, um ajakcutyamb u barerarutyamb kangnecvec ays geghecik xachqar-huchardzan@ . Qandakagortsn e VACHE PETROSYAN@.
Աիդա Ներսիսյան
Մի փոքրիկ հավելում` սիրելի Ռազմիկ Մարկոսյանի խոսքին: Երևանի բանտում կատարված ոճրագործության վերաբերյալ տեղեկություններ հավաքելու, կացնահարվածների թաղման վայրը գտնելու որոնողական աշխատանքներում ինձ մեծապես օգնել է հետուստատեսության նախկին օպերատոր Մինաս Զաքարյանը, ում ևս իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter