HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ինչպես է «Երկրապահ»-ում համատեղվում անհամատեղելին

Անցած շաբաթ «Երկրապահ» կամավորականների միությունն անցկացրեց իր հոբելյանական 10-րդ համագումարը: Սակայն դա ոչ այնքան «Երկրապահի» համագումար էր հիշեցնում, որքան ՀՀԿ-ի գործկոմի հերթական կամ ավելի ճիշտ հերթապահ նիստ:

Հանրապետության նախագահը համագումարում խոսում էր մեծ պաթոսով: Նա ակնհայտորեն իրեն զգում էր ինչպես սեփական տանը, յուրայիններով շրջապատված, ինչը դրդում էլ լինել հնարավորինս անկեղծ, զգացմունքային: Գուցե հենց դա էր պատճառը, որ համագումարն անցկացվեց տնավարի: Մի պահ այն վերածվեց ՀՀ նախագահի ասուլիսի: Պարզապես հարցեր տվողի դերում ոչ թե լրագրողներն էին, այլ երիտերկրապահները: Սերժ Սարգսյանը ԵԿՄ ամբիոնը պարզապես դարձրեց մի քանի ուղերձներ հղելու և հրահանգներ իջեցնելու հարթակ:

Այն, ինչ նա սովորաբար անում է ՀՀԿ-ի ամենշաբաթյա գործկոմի կամ քաղխորհրդի նիստերում` փակ ռեժիմով, արեց բաց և հրապարակային` ցույց տալով թե իրականում որ դաշտում է գտնվում ԵԿՄ-ն և ինչ դեր է վերապահվում նրան իշխանության պահպանման կառուցակարգերում: Եվ բնական է, որ նախագահի խոսքի նկատմամբ  վերաբերմունքն էլ այնպիսին էր, ինչպիսին սովորաբար լինում է ՀՀԿ-ական նիստերում, իսկ դրանից առաջ նաև կոմկուսի բրեժնևյան համագումարներում: Իսկ վերջում էլ առանց ձևի հետևից ընկնելու, ոտքի վրա, «շուլուխ» անելով կատարվեց Մանվել Գրիգորյանի վերընտրությունը միության նախագահի պաշտոնում:

Բայց այդ համագումարում ամենաաչքի ընկնողը  «Երկրապահ»-ի դիմափոխությունն է: Այս համագումարն անակնկալ կերպով բացահայտեց, թե որքան է այս կազմակերպությունը երիտասարդացել: Համագումարին մասնակցում էին երիտասարդներ, որոնցից շատերը, թերևս, ծնվել են արցախյան ազատամարտից հետո: Խնդիրն, իհարկե, զուտ տարիքը չէ, որովհետև երկրապահը ոչ այնքան կարգավիճակ է, որը ձեռք է բերվում միայն պատերազմին մասնակցության փաստագրմամբ, այլ ավելի շատ հոգեվիճակ, որն իր մեջ կրում է հանուն երկրի, ազգի ու պետության ինքնազոհողության պատրաստակամության կոդը: Իսկ վերջինս անհրաժեշտ է ոչ թե այդ պատրաստակամությունը գործողությամբ ապացուցած, պատերազմներում թրծված տղերքին, այլ նրանցից օրինակ վերցնող կամ չվերցնող նոր սերունդին:

Բայց դրան զուգահեռ երկրապահ լինելու, առավելևս երկրապահի անունից հանդես գալու իրավունքը պետք է վաստակել: Վաստակել ոչ թե ռազմի դաշտում, այլ հասարակական կյանքում, միջավայրում` սեփական վարքով ու բարքով, երկրից ինչ-որ բան վերցնելու, խլելու փոխարեն ինչ-որ բան տալու, սպառվելու ջանքով: Բայց ովքեր էին այն երիտասարդները, որոնց երկրապահ լինելու պատիվ էր տրվել, ինչով են նրանք ապացուցել այդ կարգավիճակն ունենալու իրենց իրավունքը: Եթե ապացուցել են, ապա հասարակությունն այդ մասին, առնվազն պետք է իմանար, եթե չասենք` վավերացներ:

Այս հարցերը ակտուալ չեն, եթե ԵԿՄ-ին ընդունում ենք որպես շարքային հասարակական կազմակերպություն: Բայց ԵԿՄ-ն շարքային չի եղել և դեռ տևական ժամանակ չի լինելու: Երկրի նախագահն ամեն ՀԿ-ի համագումարին չի մասնակցում ու ելույթով հանդես չի գալիս, ամեն ՀԿ-ի անդամի չէ, որ դիմում է անունով ու թերևս ճանաչում է անհատապես: Հայաստանում չկա և չի կարող լինել հասարակական որևէ կազմակերպություն, որն պետական կառավարման ու քաղաքական համակարգի վրա այնքան ազդեցություն ունենա, որքան «Երկրապահը»: Հետևաբար, խնդիրը ոչ թե ԵԿՄ-ի երիտասարդացման մեջ է, այլ այդ նոր շերտին երկրապահի դիրքերից երկրի և նրա ընթացքի վրա ազդելու իրավունք շնորհելու: Դրանից առաջ նախ պետք էր բացատրել, թե ինչո՞վ են նորեկներն ավելի երկրապահ, քան սահմանի բերանին ամենօրյա չարքաշ աշխատանքով իր տունն ու ընտանիքը պահող երիտասարդը, որն իր հողն ու ջուրը չի թողնում անգամ թշնամու գնդացրի ուղիղ նշանառության ներքո:

Երբ այս հարցերի պատասխանները չեն տրվում, ԵԿՄ-ն վերածվում է մի կառույցի, որը խնդիր է դրել իրեն փոխարինողների բանակ ստեղծել կոմսոմոլի «լավագույն» ավանդույթներով, որոնք այդքան հաջող կրկօրինակել է հայաստանյան կուսակցությունների գերակշիռ մասը: Ստացվում է այնպես, որ աստիճանաբար համատեղելի է դառնում անհամատեղելին և գործ ունենք ոչ թե երկրապահի երիտասարդացման, այլ կոմսոմոլացման պրոցեսի հետ: Իսկ դրանք սկզբունքորեն տարբեր բաներ են և տարբեր արժեքների կրողներ: Եվ դա այն անխուսափելի ընթացքն է, որին հանգեցնում է ԵԿՄ-ն իշխանական նոմենկլատուրայի ենթակայության ներքո պարտադիր պահելու վարվող քաղաքականությունը:

Սա դառնում է իրողություն, որովհետև ԵԿՄ-ն վաղուց արդեն չի ընկալվում որպես երկրապահներին միավորող, նրանց շահերն ամբողջացնող կառույց: ԵԿՄ-ն օտարվել իր նախնական արժեքներից, իսկ դրանց իրական կրողներից օտարվեց այն ժամանակ, երբ նրա լուռ հայացքով սկսեց հետևել նույնիսկ իրենց տարրական կենցաղային խնդիրների լուծման համար բողոքող երկրապահ ընկերներին ու զինակիցներին հոգեպես ու բարոյապես ճնշելու ընթացքին, երբ արհամարհեց Ազատության հրապարակում նստացույց ու հացադուլ անող իր ընկերների պահանջներն ու ակնկալիքները: Ու բնական է, որ այդ անգործության ու հարմարվողականության ֆոնին պետք է սկսվեին նրանից պոկվելու, առանձին կազմակերպություններ ստեղծելու անկասելի գործընթացները:

Այն երիտասարդները, օլիգարխիայի ներկայացուցիչները, որոնք ԵԿՄ-ի համագումարում մանդատներ էին ստացել, պետք է լրացնեին հենց այս շերտերի թափուր թողած տեղերը` նրանց ձայնը լռեցնելու համար: ԵԿՄ նորընտիր նախագահ Մանվել Գրիգորյանը հպարտորեն հայտարարում է, թե ինչպես կարելի է համագումարում արտահայտված միասնականության ֆոնին երկրապահների շրջանում ինչ-որ պառակտումներ տեսնել: Իհարկե, դա հնարավոր չէ, որովհետև զտումներն արդեն կատարված են, որովհետև կոմսոմոլաօլիգարխիկ դիմագիծ ստացած կազմակերպության ներսում միշտ լինելու է կատարյալ կամ ավելի ճիշտ զոմբիական միակարծություն, համատարած «ադաբրյամս»: Ու պատահական չէ, որ «անհնազանդների» թեման այնպիսի նրբությամբ շրջանցվեց համագումարում, կարծես այդ մարդիկ գոյություն էլ չեն ունեցել: Այս համագումարի գլխավոր առաքելությունը երկրապահությանը յուրայինների և օտարների բաժանելու հարցը գրեթե վերջնականապես լուծելն էր, և համագումարը լուծեց այն: 

Մեկնաբանություններ (2)

Arshak
Cavoq, bajc chi kareli chamadzaynvel Armen Hakobyani commenti het. Irav, Hayastan@ uni naxagah vor ktrvac e irakanutyunic. Na bacardzak chi patkeracnum Erkri vichak@ u nerkayis qaxaqakan vichak@. Ete amen inch etqan lav e @st naxagahi, apa inchu e aysaqan VAT? U cav@ ayn e, vor amboxj HHKum ev petakan aparatum mi hat hamardzak mard chka vor ajs past@ @nduni. Kataryal komunistakan hamakarg.
Mayis
Karaci hodvac@ ev meknabanutyunner@, de da arden past e: Hayastani Hanrapetutyan Naxagah@ kchi patkeracnum irakan vichak@ erkrum, inchpes najev amboxj karavarutyun@ chi patkeracnum te inch e katarvum erkri nersum. Ay sa e mer erkri himanakan xndirneric mek@, mar vor@ petq e karavari erkir@ nujnisk tarraken patkeracum chuni te inch e katarvum erkrum. Naxagahin tvum e te bolor@ urax en, erjanik u apahov. Miguce et mard@ baci u artagaxti tver@ karda, karcum em tarer@ derevs chi moracel.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter