HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեւանի ավագանին լրացուցիչ օգնություն հատկացրեց վթարային շենքի բնակիչներին

Արփինե Մինասյան

«Կառավարությունը պետբյուջեից գումար էր փոխանցել Սեւանի Նալբանդյան 36 հասցեի շենքի բնակիչներին: Նրանցից երկուսը դուրս են մնացել ծրագրից, երկուսը` չեն կնքել պայմանագրերը, 12-ը` կնքել եւ ստացել են գումարը: Քանի որ այդ գումարն ամբողջությամբ չի բավականացնում բնակարաններ գնելուն, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հետ պայամանավորվել ենք, որ օգնության կարգով բնակիչներին լրացուցիչ գումարներ տրամադրենք, որպեսզի կարողանանան բնակարաններ գնել»,- տեղեկացրեց Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը փետրվարի 18-ին Սեւանի ավագանու 2014թ.-ի անդրանիկ նիստի ժամանակ:

Խոսքը վերաբերում է Սեւանի Նալբանդյան 36 հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին: 2013թ. օգոստոսի 1-ին նրանք հավաքվելով Կառավարություն շենքի մոտ` իրենց բնակարանների դիմաց փոխհատուցում էին պահանջում: Կառավարությունը 2012թ. նոյեմբերի 22-ի 1520-Ա որոշմամբ վթարային շենքում բնակվող 14 ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու համար հատկացրել էր 57 մլն 300 հազար դրամ:

«Կառավարությունը չի կարող ամբողջությամբ վճարել նրանց բնակարանների համար: Արմեն Գեւորգյանի հետ պայմանավորվածության արդյունքում կաշխատենք այս տարվա ընթացքում այդ գումարները տալ: Հետո Կառավարությունն այդ գումարները կփոխհատուցի մեզ»,- հայտարարեց Ղուկասյանը` սպասելով ավագանու անդամների քվեարկությանը: Ավագանու 15 անդամներից ներկա 12-ը միաձայն կողմ քվեարկեց որոշմանը: 

Նիստի օրակարգն ընդգրկում էր 7 հարց: Առաջինը վերաբերում էր համայնքի` 2013թ. բյուջեի կատարման մասին հաշվետվությանը, որի մասին զեկուցեց քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Էդիկ Ղազարյանը: Վերջինս ներկայացրեց համայնքի 2013թ. տարեկան բյուջեի կատարման ցուցանիշները: «Համայնքի 2013թ. տարեկան բյուջեի եկամուտների պլանը կատարվել է 77,5%-ով, 574,7 մլն դրամ ճշտված պլանային եկամուտների դիմաց հավաքագրած եւ պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 445,8 մլն դրամ, թերակատարումը կազմել է 128,9 մլն դրամ, վարչական բյուջեի գծով 17,2 մլն դրամ, ֆոնդային բյուջեի մասով` 111,7 մլն դրամ»:

Ըստ Ղազարյանի` 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ համայնքի բյուջեն գերակատարվել է 18,9 %-ով կամ ավել եկամուտները կազմել են 71 մլն դրամ: 2013թ.-ի տարեկան բյուջեի վարչական մասի պլանը փաստացի կատարվել է 427,1 մլն դրամով, 2012թ.-ի համեմատությամբ ավել եկամուտները կազմել են 67,5 մլն դրամ: Էդիկ Ղազարյանի խոսքերով` բոլոր հարկատեսակների` հողի, գույքահարկի, տեղական ու պետական տուրքերի գծով առկա է գերակատարում: Համայնքի ֆոնդային բյուջեի եկամուտները փաստացի կազմում են 18,7 մլն դրամ: Վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են 86,3 %-ով: Բյուջեն թերակատարվել է 19 մլն դրամի չափով, որը պայմանավորված է «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի` Սեւանի քաղաքապետարանին ունեցած հողի վարձավճարը չփոխանցելով: Քաղաքապետը տեղեկացրեց, որ կառավարությանն առաջարկել են` կամ իրենց բազայից հանել «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը, կամ` ստիպել, որ կատարի հարկային պարտավորությունները:

2013թ. բյուջեի ծախսերը հետեւյալ պատկերն ունեն. վարչական բյուջեի ծախսերը փաստացի կազմել են 427,3 մլն դրամ, թերակատարումը` 17,6 մլն դրամ: Բյուջեի ֆոնդային մասի ծախսերը փաստացի կազմել են 71.7 մլն դրամ: Ֆոնդային բյուջեի ծախսերի կատարումը ապահովվել է վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 53.4 մլն դրամի չափով ֆոնդային բյուջե փոխանցելու հաշվին: Նախորդ տարվա ընթացքում համայնքի ֆոնդային բյուջեից 32,5 մլն դրամ վճարվել է ասֆալտապատման համար, 1 մլն դրամով ձեռք է բերվել 23 հատ աղբարկղ, 24 մլն դրամի չափով կատարվել են փողոցային լուսավորության ցանցի աշխատանքներ, շուրջ 4 մլն դրամով Սեւանի «Երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ը ձեռք է բերել երաժշտական նոր գործիքներ: Սեւանի քաղաքային զբոսայգու կառուցման համար բյուջետային, արտաբյուջետային, պետական բյուջեներից եւ «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության միջոցներով իրականացվել է 39,5 մլն դրամի աշխատանք: Այս պահին զբոսայգու կառուցման աշխատանքները դադարեցված են. պատճառը եղանակային պայմաններն են:

Ավագանին միաձայն կողմ քվեարկեց համայնքի 2014թ.-ի բյուջեում փոփոխություններ կատարելու թույլտվությանը, տեղական տուրքերի, վճարների տեսակները եւ դրույքաչափերը հաստատելուն:

Օրակարգային էր նաեւ Սեւանի «Թիվ 4 Գալիք» մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ի ծնողական վճարների փոփոխության մասին հարցը: Մանկապարտեզի տնօրեն Սվետա Կարապետյանի` վարձավճարը 2000 դրամով բարձրացնելու առաջարկը ավագանու անդամներից մի քանիսի մոտ մտավախություն ծնեց, որ շատ ծնողներ իրենց երեխաներին կտեղափոխեն համայնքի այլ մանկապարտեզներ: Տնօրենը եւ քաղաքապետը պատասխանեցին, որ այդ քայլով ցանկանում են ե’ւ մանկապարտեզը բեռնաթափել, ե’ւ խուսափել հաստիքացուցակի կրճատումից: Մինչ քվեարկությունը ներկաները համաձայնության եկան, որ եթե երեխաների թիվը չնվազի, այնուամենայնիվ կրճատում անելու են: Ավագանին որոշեց այսուհետ  «Թիվ 4 Գալիք» մսուր-մանկապարտեզի 5000 դրամ վարձավճարի փոխարեն սահմանել ամսական 7.000 դրամ:

Հաստատվեցին նաեւ Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի պաշտոնական դրույքաչափերը, ինչպես նաեւ Սեւան համայնքի ավագանու 2013թ. դեկտեմբերի 23-ի «Նախադպրոցական եւ արտադպրոցական ՀՈԱԿ-ների աշխատակիցների, խմբերի եւ երեխաների թվաքանակի վերաբերյալ» թիվ 59-Ա որոշման մեջ կատարված փոփոխությունները: Ավագանին որոշեց զիջել նաեւ մի քանի քաղաքացիների հողի, գույքահարկի ու այլ հարկատեսակներից առաջացած տույժ ու տուգանքները: Քաղաքապետ Ղուկասյանը հայտարարեց. «Թող իրենց հասանելիք գումարները վճարեն, տույժ ու տուգանքները կզիջվեն»: Ավագանին առանց դեմ ու ձեռնպահի, որոշեց զիջել դրանք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter