
Օրենսգիրքը պաշտպանում է մետրոպոլիտենի 3 մեքենավարներին
Մետրոպոլիտենի երեք մեքենավարները` Անդրանիկ Գևորգյանը, Սևակ Հակոբյանն ու Գագիկ Գալստյանը, շուտով կդիմեն դատարան` վիճարկելու գործատուի` իրենց աշխատանքից ազատելու հրամանը:Դատարանում նրանց շահերը կպաշտպանի «Ընդդեմ իրավական կամայականություններ» հասարակական կազմակերպությունը` ի դեմս փաստաբան Քրիստինե Գևորգյանի:
Հիշեցնենք, որ մետրոպոլիտենի մեքենավարները աշխատանքից հեռացվեցին այն բանից հետո, երբ ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ կազմակերպած բողոքի ակցիային: Մետրոպոլիտենի տնօրինությունը հերքում է, որ նրանց աշխատանքից հեռացնելու պատճառը «կուտակայինի» դեմ բողոքի ակցիային մասնակցելն էր: Մետրոպոլիտենի էլեկտրատեխնիակական մասնաճյուղի պետ Սամվել Մնացականյանը մեզ նույնիսկ առաջարկեց. «Կարող եք դուք իրենց հարցնել` արդյոք ես որևէ մեկ անգամ ասե՞լ եմ չմասնակցեք ակցիային»:
Ազատման հրամանում աշխատանքից հեռացնելու հիմք է նշված Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, այն է. «Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում»:
«Հիմա ես աշխատում եմ այն ուղղությամբ, որ ազատման հրամանը ճանաչվի անվավեր, իրենք վերականգնվեն իրենց աշխատանքում: Եվ այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում պարապուրդի մեջ են գտնվել, ստանան իրենց գումարները»,- ասաց Քրիստինե Գևորգյանը: Նա նշեց, որ դեռ չի կարող խոսել հայցապահանջի իրավական հիմքերի մասին, քանի որ նոր է ծանոթանում իր վստահորդների փաստաթղթերին:
«Անվստահելի» աշխատողները չեն կատարել վստահությունը կորցնելու` օրենսգրքով նախատեսված արարք
Մետրոպոլիտենի էլեկտրատեխնիկական մասնաճյուղի պետ Սամվել Մնացականյանը մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչպես 3 մեքենավարները հենց «կուտակայինի» դեմ բողոքի ակցիայից հետո դարձան անվստահելի աշխատողներ: Հերթական ստուգայց կատարելու ընթացքում, ըստ նրա, մեքենավարների աշխատանքում հայտնաբերվել են թերություններ:
Խնդրեցինք հստակեցնել, թե կոնկրետ ինչ թերությունների մասին է խոսքը: Ազատված աշխատակիցները թույլ են տվել հերթապահ մեքենավարի աշխատանքային պարտականությունների 3.1.1 կետի թերացում` ասաց նա. «Այն է` շարժասանդուղքը հանդիսանում է էլեկտրասարքավորում, մեքենասրահում կան էլեկտրոսարքավորումներ: Շարժասանդուղքների մեքենասրահ մուտքը թույլատրվում է միայն շարժասանդուղքների սպասարկող անձնակազմին, այլ ծառայությունների աշխատակիցների, ովքեր ունեն կարգադրագիր կամ թույլտվություն, և մետրոպոլիտենի ղեկավար անձնակազմին, ինչպես նաև տեխնիկական վերահսկողության անձնակազմից որևէ մեկին: Մեքենասրահի դռները պետք է լինեն փակված, և, մեծատառերով գրած է, կողմնակի անձանց մուտքը մեքենասրահ արգելվում է»:
Մեքենավարները կողմակի անձանց են թույլ տվել մուտք գործել շարժասանդուղքի մեքենասրահ` ըստ մասնաճյուղի պետի: Ովքեր են եղել այդ «կողմնակի անձինք»` Սամվել Մնացականյանը այսքանով հստակեցրեց. «Այլ մարդիկ, ովքեր իրավունք չունեին գտնվելու այդ սրահում»: Սա մեքենավարների աշխատանքային պարտականությունների մեկ թերացումն է ընդամենը` ավելացրեց Սամվել Մնացականյանը, իսկ երբ խնդրեցինք թվել բոլոր կետերը, պատասխանեց. «Չեմ ուզում ասել, իրենք շատ լավ գիտեն իրենց կետերը, ես իրենց զգուշացրել եմ: Տվյալ հրահանգի, հերթապահ մեքենավարի մնացած այլ կետեր, որոնք ես ունեմ նշած իմ զեկուցագրում, որը հանձնել եմ մետրոպոլիտենի ղեկավարությանը»:
Նա մեքենավարներին աշխատանքից հեռացնելու հապճեպ որոշումը համարեց խիստ անհրաժեշտ, քանի որ «կողմակի անձինք», ասենք, կարող էին պայթեցնել մեքենասրահը, «ու զոհվեին բազմաթիվ ուղևորներ»: «Ես շատ մեծ էներգիա ու լումա ունեմ, որ իրենք դարձել են մասնագետ, ինքս եմ իրենց պատրաստել, դասընթացներ եմ անցկացրել: Իրենք վատ մասնագետներ չեն: Վատը չեն, տեսեք, ես շեշտում եմ դա: Բայց իրենց ծառայողական պարտականությունները, որի ընթացքում իրենք պարտավոր են ապահովել մարդկանց անվտանգ տեղափոխումը` գումարած տեխնիկայի անխափան աշխատանքը, և դա սահմանված է իրենց աշխատանքային հրահանգի կետերով, նրանք թերացել են, դա ոչ մի կապ չունի իրենց ակցիաների հետ…», - ասաց Ս. Մնացականյանը:
Մեքենավարներից Անդրանիկ Գևորգյանը հերքեց, որ որևէ կողմնակի անձ է մուտք գործել շարժասանդուղքի մեքենասրահ: «Կողմնակի անձ ո՞վ` հայրս է, մայրս է եկել, ո՞վ է եկել: Այդպիսի բան չի կարող լինել»,- ասաց նա:
Սակայն եթե նունիսկ մեքենավարները թույլ տված լինեին կողմնակի անձանց մուտք դեպի շարժասանդուղքի մեքենասրահ, ապա, միևնույն է, դա 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նրանց աշխատանքից ազատելու հիմք չէ: «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի համահիմնադիր, «Արնի Քընսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն Արա Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ աշխատանքային օրեսգիրքը հստակ սահմանում է, թե ինչ է նշանակում կորցնել վստահությունը: Օրենսգրքի 122-րդ հոդվածում թվարկվում է հենց այն դեպքերը, երբ գործատուն կարող է կորցնել վստահությունը աշխատողի նկատամամբ.
Գործատուն իրավունք ունի սույն oրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը. 1) դրամական կամ ապրանքային արժեքներ սպասարկելիս կատարել է այնպիսի արարքներ, որի հետևանքով գործատուն կրել է նյութական վնաս. 2) ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք. 3) հրապարակել է պետական, ծառայողական, առևտրային կամ տեխնոլոգիական գաղտնիքներ կամ դրանց մասին հայտնել է մրցակից կազմակերպությանը: |
Ինչպես հուշում են թվարկած կետերը, 122-րդ հոդվածը պաշտպանում է մեքենավարներին ու նրանց համարում վստահելի` հակառակ մետրոպոլիտենի ղեկավարության:
Մեքենավարներին աշխատանքից ազատելու ընթացակարգում մետրոպոլիտենի տնօրինությունը թույլ է տվել օրինախախտում
Մեքենավարները աշխատանքից ազատվել են աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, իսկ այս դեպքում, ըստ աշխատանքային օրենսգրքի, գործատուն աշխատողից պետք է պահանջի գրավոր բացատրագիր:
Ա.Ղազարյանը նշեց, որ այս հոդվածով աշխատողին ազատելու դեպքում մետրոպոլիտենի ղեկավարությունը կարող էր գրավոր չծանուցել, օրենսգիրքը այդ հնարավորությունը տալիս է նրան, սակայն պարտավոր է գրավոր տեսքով աշխատողին պատասխանելու հարավորություն տալ: Իրավաբանը խորհուրդ տվեց միասին դիտարկել աշխատանքային օրենսգրքի 113-րդ, 223-րդ և 226-րդ հոդվածները:
Օրենսգրքի 223-րդ հոդվածի համաձայն` վստահությունը կորցնելու հիմքով (113 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ) աշխատանքային պայմանգրի լուծումը համարվում է կարգապահական տույժ: Իսկ 226-րդ հոդվածն էլ սահմանում է. «Մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց բացատրության»:
Մեքենավարներից Անդրանիկ Գևորգյանն ասաց, որ ղեկավարությունն իրենից գրավոր որևէ բացատրագիր չի պահանջել: Միայն աշխատանքից ազատվելու օրն է իմացել, որ տնօրենն իր աշխատանքի նկատմամբ անվստահություն է ձեռք բերել: «Բոլորին էլ պարզ է, թե ինչից հետո է դա եղել»,- ասաց 15 տարվա մեքենավարը:
էլեկտրատեխնիակական մասնաճյուղի պետ Սամվել Մնացականյանը հաստատեց, որ իրենք աշխատանքից հեռացված մեքնավարներից կատարած խախտման վերաբերյալ գրավոր բացատրագիր չեն պահանջել:
Մեքենավարների փաստաբան Քրիստինե Գևորգյանը նշեց, որ այս շաբաթվա ընթացքում արդեն հայցապահանջը պատրաստ կլինի: «Ես առայժմ միայն որոշ ցուցումներ եմ տվել իրենց, որ գնան իրենց ազատման հրամանները ստանան, որպեսզի կարողանան մեկամսյա ժամկետում բողոքարկել»,- ասաց նա` ավելացնելով, որ տեղյակ կպահի զարգացումներին:
Առաջին լուսանկարում` Անդրանիկ Գևորգյանը
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել