HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀԿ եւ ՕԵԿ կուսակցություններին պատվիրվեց իրենց նախընտրական խոստումները կարդալ 3 մլն անգամ

Արսեն Վարդանյան

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ներդնելուց հետո մայրաքաղաքում եւ հանրապետության մի շարք քաղաքներում սկիզբ են առել քաղաքացիական նախաձեռնություններ, իսկ Գյումրին մինչ երեկ լռում էր: «Գյումրին մեր տունն է» քաղաքացիական նախաձեռնության անդամների համոզմամբ` խնդիրը միայն պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը չէ, այլ իշխող կուսակցության վարած այն քաղաքականությունը, որը տարիների ընթացքում ոչ միայն չի բարելավում երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, այլեւ ավելի է բարդացնում հասարակ քաղաքացու կյանքը:

Շիրակի մարզի քաղաքացիական ակտիվիստների երթն սկսվեց մարզպետարանի շենքից, այնուհետեւ ուղեւորվեց դեպի ՀՀԿ Շիրակի մարզային գրասենյակ, որտեղ գիրք նվիրելու օրվա առթիվ՝ ՀՀԿ գրասենյակին փոխանցվեց 2012թ.-ի ԱԺ ընտրություններից առաջ ՀՀԿ նախընտրական ծրագրերի գիրքը, որտեղ կետ առ կետ նշվել էին այն ոլորտները, որոնց ուղղությամբ ՀՀԿ-ն պատրաստվում է աշխատանքներ իրականացնել առաջիկա 5 տարիների ընթացքում:

«Գյումրին մեր տունն է» քաղաքացիական նախաձեռնության անդամները կարմիր գրիչով առանձնացրել էին այն բոլոր կետերը, որոնց հետ կապված նկատել էին թերացումներ եւ գրքում գրառեցին հետեւյալ տողերը. «Գիրք նվիրելու օր: Նվիրվում է ՀՀԿ եւ ՕԵԿ կուսակցություններին: ՀՀԿ նախընտրական խոստումները կարդալ նվազագույնը 3.000.000 անգամ: Ամեն հայի տված խոստումը մեկ անգամ»:

Գիրքը փոխանցվեց ՀՀԿ Շիրակի մարզային գրասենյակի կազմակերպիչ Համազասպ Խաչատրյանին, ով անակնկալ այցին պատասխանեց այսպես. «Մենք ունենք մարզային խորհուրդ, մարզային խորհրդի նախագահ, տեղակալներ, որոնք զբաղվում են այդ հարցերով: Մենք մեր աշխատանքը կատարում ենք բարեխիղճ եւ գիտենք մեր գործը: Եթե դեմ եք, ապա դա ձեր պրոբլեմն է»: «Հետեւաբար, մենք էլ կլուծենք մեր խնդիրները»,- ի պատասխան հայտնեց քաղաքացիական ակտիվիստ Աղասի Գյուրջօղլյանը:
Հաջորդ հանդիպումը ՀՀԿ Գյումրի-2 տարածքային գրասենյակում էր, որտեղ երիտասարդներին ընդունեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Սուքիաս Ավետիսյանը:

Ավետիսյանը, լսելով երիտասարդներին, ավելացրեց, որ արդեն 10 տարի է՝ այս ոլորտում բարեփոխումներ կատարելու համար քննարկումներ ու ուսումնասիրություններ են տարվում: Ուսումնասիրվել է տարբեր երկրների փորձը եւ հիմա այս պահի համար Հայաստանին հարմար է հենց այս մոդելը, այդ իսկ պատճառով նախընտրել են կողմ քվեարկել օրենքի նախագծին: Լսելով երիտասարդների ներկայացրած հակափաստարկները՝ նվազագույն աշխատավարձ ստացողների կեսնական կարիքների ոչ լիարժեք բավարարման օրինակները, Սուքիաս Ավետիսյանը համաձայնեց, որ մարզում իսկապես աղքատության բարձր ցուցանիշ է գրանցվում ամեն տարի, աշխատատեղերը քիչ են, դժվար է նույնիսկ նվազագույն աշխատավարձով ընտանիք պահել եւ հավելեց, որ այս հանդիպման ընթացքում հնչած բոլոր մտահոգությունների մասին հայտարարությամբ հանդես կգա հաջորդ ԱԺ նստաշրջանի ընթացքում:

Երթին մասնակցող քաղաքացի Վովա Հակոբյանի կարծիքով` այս օրենքը տեղին կլիներ այն դեպքում, երբ երկրում ունենայինք բավարար չափով բարձր վարձատրվող աշխատատեղեր: Այս պայմաններում, երբ հատկապես մարզերում գործազրկությունը մեծ չափերի է հասնում, եղածներն էլ ցածր վարձատրվող աշխատանքներ են, օրենքը չափազանց ծանր է անդրադառնում յուրաքանչյուր երիտասարդի վրա: Առանց այն էլ մարդիկ մի կերպ են հոգում իրենց ընտանեկան հարցերը եւ սրան էլ գումարել եւս մեկ հարկատեսակ, կարծում եմ, չափազանց է:

«Բացի այդ՝ մարդիկ վաղվա օրվա վստահությունը չունեն, քանի որ իշխանությունները բազմիցս առիթ տվել են չվստահելու իրենց: Գումարները, որոնք տնօրինելու են արտասահմանյան կառավարիչները, ամենայն հավանականությամբ, կներդրվեն Հայաստանի տարածքից դուրս գտնվող ընկերություններում, իսկ մեր երկրի կարեւորագույն խնդիրներից է նաեւ ներդրումների հարցը: Երկիր, որտեղ աղքատությունը մեծ չափերի է հասել, մարզ, որտեղ աղքատ է յուրաքանչյուր երկրորդ բնակիչը, այդտեղ նմանօրինակ օրենք ընդունելը, կարծում եմ, նվազագույնն անընդունելի է: Այս օրենքով մենք ավելի ենք խորացնում աղքատությունը, ինչու չէ նաեւ առկա առանց այն էլ մեծ չափերի հասնող ստվերը»,- ասաց Վովա Հակոբյանը:

Ախուրյան համայնքի երիտասարդ ակտիվիստ Ստեփան Կակոսյանի համոզմամբ` խնդիրն ավելի խորքային է եւ այլ ուղղությամբ պետք է մղել պայքարը. «էսօր ես մենակ էն հասկացա, որ օրենքի ընդունման դեմ էլ ոչինչ անել հնարավոր չէ, եւ պետք է պայքարել, որ գոնե եւս մեկ մարդ աշխատանք ունենա Գյումրիում:

Մեկ այլ քաղաքացիական ակտիվիստ՝ Նարեկ Խաչիկյանը, կարծում էր, որ սա քայլերից մեկն է եւ պայքարը դեռ առջեւում է: Հետագա զարգացումների համար այս քայլը կարող է եւ ոգեւորիչ օրինակ հանդիսանալ եւ նոր մարդիկ ընդգրկվեն պայքարի մեջ:
Գոռ Թորոսյանը հույսը դնում է միայն իր վրա. «Ես հասկացա, որ իշխանությունը ինչպես միշտ ոչինչ չի անելու ժողովրդի համար ու մնում է միայն պայքարել՝ իրենց հետ պետք է իրենց իսկ լեզվով խոսել: Պետք է բոլորն իմանան, որ գյումրեցին չի հանդուրժի հանրապետականների կամայականությունները: Հույս ունենք որ այս ակցիայից հետո ժողովրդի մեջ ակտիվություն կնկատվի եւ իշխանությունները կտեսնեն, որ բոլոր քաղաքներն են դեմ այս օրենքին: Ակցիաները նաեւ շարունակական են լինելու»,- ասաց նա` կոչ անելով բոլոր շահագրգիռ անձանց միանալ իրենց:

Երկու կուսակցությունների գրասենյակների արտաքին եւ ներսի պատերին «ԴԵՄ ԵՄ» եւ «ՉԵՄ ԱՐՏԱԳԱՂԹԵԼՈՒ» թռուցիկները փակցնելուց հետո երթի մասնակիցները բաժանվեցին: Հաջորդ ակցիաների եւ քայլերի մասին երիտասարդները լռում են, ասում են` անակնկալներ են լինելու:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter