
Հայաստանի արտաքին առևտրի տարօրինակությունները
Հայաստանի արտաքին առևտրի աշխարհագրությունը որոշ տարօրինակ անուններ է պարունակում: Եթե հավատալու լինենք մաքսային մարմինների կողմից հրապարակած արտաքին մաքսային վիճակագրությանը՝ Հայաստանը բավական ակտիվ առևտուր է անում … Հայաստանի հետ:
Օրինակ՝ 2013 թ. Հայաստանից Հայաստան արտահանվել է 6.2 մլն դոլարի ապրանք, ու դատելով վիճակագրությունից՝ նախորդ տարվա համեմատ այդ առևտուրն աճել է: Միևնույն ժամանակ Հայաստանից Հայաստան ներկրվել է 1.5 մլն դոլարի ապրանք: Արտահանվող հիմնական ապրանքն ալկոհոլային խմիչքն է, թեև ապրանքների տեսականին բավական լայն է, ներառում է նույնիսկ մարդատար ավտոմեքենաները: Եթե մի պահ ընդունենք, որ «Հայաստանից Հայաստան» կոդի տակ Լեռնային Ղարաբաղի հետ առևտուրն է, ապա հարց է առաջանում՝ ինչու՞ չի կարելի ԼՂՀ-ն նշել առանձին տողով: Օրինակ՝ Աբխազիան ունի առանձին կոդ, ու այդ չճանաչված հանրապետության հետ Հայաստանը 2012 թ. առևտուր է իրականացրել, ճիշտ է՝ շատ փոքր ծավալով: Սակայն կարևորը ծավալը չէ, այլ այն, որ Աբխազիան մաքսային վիճակագրության մեջ առանձին տող ունի, իսկ ԼՂՀ-ն չունի: Հատկանշական է, որ 2013 թ. Աբխազիայի հետ առևտուրը դադարեցվել է, հավանաբար այստեղ դեր է խաղացել Վրաստանում Բիձինա Իվանիշվիլու իշխանության գալն, ու հայ-վրացական հարաբերությունների որոշ ջերմացումը:
Սակայն սրանով Հայաստանի արտաքին առևտրի տարօրինակությունները չեն ավարտվում: Պարզվում է՝ մեր արտաքին առևտրում կա նաև «անհայտ երկիր» կոդը: Այդ անհայտ երկրին վաճառել ենք 2.8 մլն դոլարի ապրանքներ, ներմուծում չենք իրականացրել: Վաճառված ապրանքների մեծ մասը, որքան էլ տարօրինակ է, բնական գազն է: Ըստ երևույթին՝ սա ևս ԼՂՀ-ի հետ առևտուրը քողարկելու ձև է, ուղղակի պարզ չէ, թե ումից ե՞նք այն քողարկում: Բոլորի համար էլ պարզ է, որ ԼՂՀ-ն այլ ճանապարհ չունի արտաքին առևտուր իրականացնելու, քան Հայաստանը: Եթե խնդիրը ծավալները քողարկելու մեջ է, ապա հազիվ թե այն դժվարություն ներկայացնի ԼՂՀ կոդն առանձին նշելու պարագայում:
Առավելևս, որ Հայաստանի արտաքին առևտրի մեջ ինքնուրույն դասակարգվում են այնպիսի հեռավոր տարածքներ, որոնք որպես պետություններ ճանաչված չեն: Օրինակ՝ Ծննդյան կղզին (Ավստրալիայի ներքին տարածք է), Փիթքերն կղզիներ (Մեծ Բրիտանիայի արտերկրյա տարածք է) և այլն: Ծննդյան կղզիներից 2013 թ. ներկրել ենք 10 կտոր հագուստ՝ 400 դոլար արժեքով: Բայց ամենաարտառոցը Փիթքերնից 2012 թ. ներկրված 80 կգ ալյումինե նրբաթիթեղն է: Մեր զբոսաշրջիկներն, ինչպես երևում է, աշխարհի ոչ մի երկրում բաց չեն թողնում խանութները սրբելու սովորությունը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել