
Բանակցություններ` հասարակության թիկունքո՞ւմ
Հայ ազգային կոնգրեսն ու իշխանությունը վերջապես հստակեցրին այն հարցերը, որոնց շուրջ կայանալու են սկսված բանակցությունները: Եվ վերջնականապես պարզ դարձավ, որ նրանց քննարկման միակ առարկան ընտրությունների անցկացումն է:
Բանակցություններն ընթանալու են միայն այն հարցերի շուրջ, թե որքանով է հնարավոր արտահերթ ընտրությունների անցկացումը Կոնգրեսի պահանջած ժամանակահատվածում` մինչեւ այս տարվա հոկտեմբեր, նպատակահարմար է անցկացնել արտահերթ նախագահակա՞ն, թե՞ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ի՞նչ մեխանիզմերով են ապահովվելու դրանց օրինականությունը, թափանցիկությունն ու արդարությունը: Այսինքն՝ ինչպիսի կոմբինացիա էլ որոշվի, այն բացառապես վերաբերելու է ընտրություններին եւ բխելու է առաջին հերթին իշխանության եւ Կոնգրեսի շահերից:
Անկախ նրանից` խոսքը որ ընտրություններին է վերաբերում, այն առնչվում է քաղաքական դաշտի անխտիր բոլոր ուժերին: Եվ այսպես թե այնպես, իշխանության եւ Կոնգրեսի միջեւ այս բանակցությունների արդյունքները, որոշումները, ուզեն, թե չուզեն, տարածվելու են գործընթացից ինքնաբերաբար օտարված մյուս ուժերի վրա: Ստացվելու է, որ իշխանությունը եւ առանձին վերցրած Հայ ազգային կոնգրեսը փակ ռեժիմով խաղի կանոններ են մշակելու բոլորի համար: Ակնհայտ է, որ նման մոտեցումը չի կարող վստահություն ներշնչել ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքական շրջանակներին: Սակայն, մեծ հաշվով, ստեղծված իրավիճակի համար առաջին հերթին մեղավոր են հենց այդ՝ փաստացի մարգինալացված ուժերը, որոնք երկխոսության այլընտրանքային ձեւաչափեր եւ օրակարգեր առաջարկելու փոխարեն 7 ամիս շարունակ դիտորդի կարգավիճակով հետեւում ու կողքից ընդամենը բամբասում էին սկսված հեռակա երկխոսության շուրջ:
Բայց խնդիրը ոչ այնքան այդ ուժերի մեջ է, որքան հասարակության: Ի վերջո, ընտրողը, իշխանություն ձեւավորողը հասարակությունն է: Եվ հարց է առաջանում` այս բանակցությունները որքանո՞վ են բխում հասարակության շահերից: Ըստ էության, գործընթացը գտնվում է հասարակության տեսադաշտից ու դրանով պայմանավորված` նաեւ վերահսկողությունից դուրս: Եթե բանակցողները օրակարգ ձեւավորեին այնպիսի հարցերի շուրջ, որոնք վերաբերում են բացառապես իրենց եւ շոշափում են իրենց շահերը, այս հանգամանքն այդքան էական չէր լինի: Մինչդեռ երկու կողմերն էլ իրենց քայլերը պայմանավորում են հասարակության շահերով, թեեւ նախընտրում են գործել փաստացի նրա թիկունքում: Այս պարագայում ընտրությունների հետ կապված ինչպիսի որոշում էլ կայացվի, ներհասարակական անվստահությունը չի հաղթահարվելու, որովհետեւ հնարավոր գործարքի շուրջ կասկածները շարունակելու են հետապնդել:
Դա առաջին հերթին չի բխում Հայ ազգային կոնգրեսի շահերից, որովհետեւ նա է փորձում իրեն ներկայացնել իբրեւ ողջ հասարակության շահերի սպասարկու: Առաջին հերթին հենց ՀԱԿ-ը պետք է շահագրգռված լիներ, որպեսզի ընտրությունների հետ կապված բանակցություններում կամ երկխոսության մեջ հասարակական-քաղաքական հնարավորինս լայն շերտեր ու շրջանակներ ներգրավված լինեին, ինչը զգալիորեն սահմանափակելու էր իշխանության` ժամանակ ձգձգելու, մանեւրներ կատարելու հնարավորությունները: Տարօրինակ էր հատկապես այն իրողությունը, որ Կոնգրեսը բանակցությունների հրապարակայնության ապահովման ավելի գործուն եւ խելամիտ տարբերակներ չառաջարկեց, իսկ առաջարկածներն էլ որպես պարտադիր կատարման ենթակա պահանջներ չներկայացրեց: Այսինքն՝ ընդամենը հրապարակայնության ապահովման հարց բարձրացնելով` նա իրեն ապահովագրեց դրա շուրջ հետագա քննադատություններից եւ հիմա պետք է արդարանա, որ այդ հարցը չլուծվեց` իշխանության դեմ լինելու պատճառով, իսկ դրա հետ կապված պահանջներ ներկայացնելն ընդամենը կխոչընդոտեր երկխոսության ընթացքին:
Չի կարելի բացառել, որ Կոնգրեսին անընդհատ ընդառաջելու՝ իշխանության մարտավարությունն ուղղված է ՀԱԿ-ի նկատմամբ հասարակական անվստահության խորացմանը: Կոնգրեսում եւս հասկանում են, որ անկախ նրանից` իշխանությունը հետապնդու՞մ է նման նպատակներ, թե՞ ոչ, այս տրամաբանությամբ գործընթացի շարունակումը ուղղակի փոշիացնելու է իր պոտենցիալ ընտրազանգվածը: Դրանով է պայմանավորված հոկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու եւ այդ հարցի շուրջ մինչեւ սեպտեմբեր համաձայնության հասնելու առաջարկը:
Սակայն չի բացառվում նաեւ, որ կողմերն, այնուամենայնիվ, լրջորեն դիտարկեն արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը: Իշխանությունն արդեն երկու շաբաթ է` ոչ միայն չի բացառում, այլեւ հաստատում է, որ նման ընթացքները բացառված չեն: Մանավանդ որ երկխոսության իր օրակարգային առաջակում ընտրություններում քաղաքակիրթ հարաբերությունների ձեւավորման մասին խոսում է` առանց կոնկրետացնելու՝ խոսքը արտահե՞րթ, թե՞ հերթական ընտրությունների մասին է:
Սակայն, անկախ Կոնգրեսի սուբյեկտիվ մոտեցումներից, իշխանության գալու նկրտումներից, այսօր արտահերթ ընտրությունների հեռանկարը չբացառող առնվազն երկու քաղաքական նախադրյալ կա: Առաջինը` Ղարաբաղյան հարցում ստեղծված աննախադեպ իրավիճակը, երբ միջազգային հանրությունն այլեւս չի թաքցնում, որ կարող է հիմնարար սկզբունքները ստորագրելու համար կողմերի նկատմամբ անուղղակի հարկադրանք կիրառել: Ընդդիմության հետ բանակցություններով երաշխավորված արտահերթ ընտրությունները կարող են առնվազն ժամանակ ձգելու եւ այդ ճնշումներին դիմակայելու հարց լուծել: Եվ երկրորդ` Կառավարության տնտեսական անարդյունավետ քաղաքականությունը, որը հանգեցրել է կիսամյակային կտրվածքով բյուջեի թերակատարման եւ երկրից անվերահսկելի դարձող արտագաղթի: Սակայն ամբողջ խնդիրն այն է` արդյո՞ք Սերժ Սարգսյանը կգնա նախագահական ընտրությունների: Ամենայն հավանականությամբ, նրանք ձգտում են ծայրահեղ դեպքում համաձայնության հասնել «արտահերթ խորհրդարանական, հերթական նախագահական ընտրություններ» բանաձեւի շուրջ: Ուշագրավ է այն փաստը, որ ՀԱԿ-կոալիցիա պատվիրակությունների երկրորդ հանդիպումից հետո Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը սկզբում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ համաձայնության գալու հնարավորության վերաբերյալ հարցադրմանն ի պատասխան՝ հայտարարել է. «Մենք դեռեւս ոչինչ չենք քննարկել, մենք մեր ժամանակը նվիրել ենք միայն օրակագի ձեւավորմանը»: Այսինքն՝ նա գոնե տեսականորեն չի բացառել այդ տարբերակի շուրջ քննարկումների ծավալումը: Իսկ այդ տարբերակի իմաստն այն է, որ անցկացվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապահովվում Կոնգրեսի որակական ներկայությունը խորհրդարանում, Կառավարությունը ցրվում է եւ, պորտֆելները կիսելով, ձեւավորվում է նոր, ազգային համաձայնության Կառավարություն: Փոխարենը նախագահը շարունակում է պաշտոնավարել մինչեւ իր ժամկետի ավարտը: Սակայն քաղաքականից բացի, դրա համար անհրաժեշտ է նաեւ իրավական, սահմանադրական նախադրյալ, որն այս պահին, գոնե առերեւույթ, չկա, թեեւ դա չի նշանակում, թե չի էլ կարող լինել կամ գտնվել:
Այնպես որ, տարբերակներ կան, եւ բանակցություններն ընթանալու են հենց այդ տարբերակների շուրջ:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել