
Հայաստանի հարավային երկաթուղին ամենակարճ ճանապարհով Ասիան կկապի Կենտրոնական Եվրոպային
Դեռևս 2013թ.-ի տարեսկզբին մեկնարկած «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրագործելիության ուսումնասիրությունը (տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը) և նախնական ծրագիրը, որը կանցնի Սյունիքի, Եղեգնաձորի և Գեղարքունիքի մարզերով, արդեն պատրաստ է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի և «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկու միջև 2012թ.-ի հուլիսի 28-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի համաձայն (գործունեության ժամկետն է 30 տարի)՝ շինարարության ավարտից հետո, ընկերությունն իրականացնելու է Հայաստանի հարավային երկաթուղու նախագծումը, ֆինանսավորումը, կառուցումը և շահագործումը` բացառապես ընկերության կողմից ներգրավված միջոցների հաշվին:
Երկաթգծի երկարությունը կկազմի շուրջ 300 կմ, այն բաղկացած կլինի կամուրջներից, թունելներից, բարդ կառույցներից և կունենա 27 կայարան: Ակնկալվում է, որ շինարարությունը կտևի մինչև 6 տարի:
«Ռասիա ՖԶԷ» ընկերությունը սեփական միջոցներով է իրականացրել պայմանագրով նախատեսված երկաթուղու կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումը, որի արդյունքների հիման վրա հետագայում նախատեսվում է կոնցեսիոն եղանակով իրականացնել նաև շինարարական աշխատանքները և հետագա շահագործումը:
Նախագծերի իրագործելիության ուսումնասիրության տեխնիկական առաջադրանքը ստորագրվել է 2012 թվականի նոյեմբերի 10-ին Երևանում՝ ՀՀ տրանսպորտի և
կապի նախարար Գագիկ Բեգլարյանի և «Ռասիա ՖԶԷ» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկու կողմից:
Իրագործելիության ուսումնասիրության շուրջ կապալառուի կողմից աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2012թ. դեկտեմբերին և տևեցին շուրջ 1.5 տարի: Այն մշակելու նպատակով «Ռասիա ՖԶԷ» ընկերությունը ներգրավել է միջազգային ասպարեզում երկաթուղիների, արագընթաց ճանապարհների, ճանապարհային կոնստրուկցիաների կառուցմամբ մասնագիտացած, մեծ փորձ ունեցող «Չինաստանի հաղորդակցային ընկերությանը» (CCC-Co.ltd):
Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման իրագործելիության ուսումնասիրությունը ներկայացվել է նաև ՀՀ կառավարության քննարկմանը:
«Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագիրը, որպես «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի պակասող առանցքային օղակ, դառնալու է
Սև ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ կատարվող փոխադրումների ամենակարճ ուղին:
Տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել