Ջրամատակարարման բարելավման աշխատանքներ 18 քաղաքային եւ 99 գյուղական համայնքում
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը` հայաստանյան ներկայացուցիչ Դեյվիդ Դոլի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը եւ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:
Քննարկվեցին բանկի աջակցությամբ հանրապետության համայնքներում ջրամատակարարման եւ ջրահեռացման, քաղաքային համայնքների կայուն զարգացման, կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտներում իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր:
Նշվեց, որ հաջողությամբ իրականացվում է խմելու ջրի ոլորտում ամենախոշոր ծրագրերից մեկը` համայնքներում ջրամատակարարման եւ ջրահեռացման բարելավմանն ուղղված ընթացիկ ծրագիրը, որը մեկնարկել է 2012թ. եւ կավարտվի 2017թ-ին: Նախատեսվում է, որ 18 քաղաքային եւ 99 գյուղական համայնքում կիրականացվեն ջրամատակարարման բարելավման աշխատանքներ, ինչը ենթադրում է ջրամատակարարման տեւողության ավելացում, ջրի կորուստների նվազում, ջրի որակի բարելավում, հնարավորության դեպքում` անցում մեխանիկականից ինքնահոս համակարգի: Նշվեց, որ ծրագիրն իրականացվում է ժամանակացույցի համապատասխան:
Տեղեկացնում են տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել