Ոստիկանները անցնում են ընդդիմության կողմը, Յանուկովիչը նահանջում է
Ի հեճուկս հրադադարի մասին համաձայնությունների՝ Կիևում հրաձգությունները շարունակվում են: Երկրի նախագահը էական նահանջների է գնում:
Կիևում
Քաղաքի կենտրոնում ոստիկանության և ընդդիմության բախումներն այժմ հրազենի կիրառմամբ են ընթանում: Ընդդիմադիրները որոշ ուղղությունների վրա բարիկադներ են կառուցում, իսկ դեպի կառավարական թաղամաս տանող (Գրուշևսկու և Ինստիտուցկի) փողոցներով պասիվ կերպով առաջ են ընթանում: Առաջին գծում համարյա բոլոր ընդդիմադիրները զրահաբաճկոններով են:
Այս պահին զոհերի թիվը 77 մարդ է: Վիրավորների թիվն անցել է հազարից: Գերեվարված 67 ոստիկաններին ընդդիմադիրներն ազատ են արձակել:
Եվրամայդանի հարթակից պարբերաբար ելույթ են ունենում ընդդիմության կողմն անցած ոստիկանության սպաներ: Լվով քաղաքի ոստիկանությունը քիչ առաջ ժամանեց Եվրամայդան` պաշտպանելու ընդդիմադիրներին:
Եվրամայդանի շուրջ տեղի ունեցողին կարող եք հետևել «Эспрессо TV»-ի եթերում`
Շրջաններում
Երեկ առավոտյան Անդրկարպատյան շրջանում տեղական «Բերկուտ»-ի հրամանատարը (ոստիկանության գնդապետ) քաղաքի կենտրոնական հրապարակում զորահանդեսի կարգով կանգնեցրեց իր ջոկատները և հայտարարեց, որ իրենք անցնում են ժողովրդի կողմը:
Թեև ավելի քիչ քանակով և ոչ զորահանդեսի միջոցով նույնը տեղի է ունենում արևմտյան շրջանների բազմաթիվ քաղաքներում:
Իսկ Կիև մտնող մայրուղիներն անցել են ընդդիմության վերահսկողության տակ: Ընդդիմադիրները լուրջ հենակետեր են հիմնել արևելքից մայրաքաղաք մտնող ճանապարհներին և դաժան ծեծի են ենթարկում քաղաք եկող «տիտուշկաներին» և ոստիկաններին… Երբեմն անգամ այրում են վերջիններիս տեղափոխող ավտոբուսները՝ գերեվարելով իշխանամետներին:
Բողոքի ակցիաները հասել են անգամ առավել պրոիշխանական և պրոռուսական համբավ ունեցող շրջաններ, ինչպիսին են Ղրիմն ու Դոնեցկը:
Շրջադարձ Ռադայում
Ընդդիմության կողմն անցած իշխանական պատգամավորների շնորհիվ հակակառավարական ուժերը Ուկրաինայի խորհրդարանում երեկ ստացան մեծամասնություն` 450 պատգամավորներից 238-ը:
Այդ մեծամասնությունը օգնեց ընդունելու Գերագույն ռադայի որոշումներ, որոնք հրահանգում են բոլոր ուժային կառույցներին զինաթափվել և վերադառնալ տեղակայման վայրեր: Խորհրդարանի իշխանամետ նախագահը ստիպված է եղել ստորագրել այդ որոշումները:
Իրավիճակից դրդված՝ Վիկտոր Յանուկովիչը հայտարարեց, որ այս տարի կկայանան արտահերթ նախագահական ընտրություններ: Սակայն Եվրամայդանում այդ լուրը մեծ ոգևորություն չառաջացրեց. ընդդիմադիրները պահանջում են նախագահի անհապաղ հրաժարականը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել