HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Կմասնատվի՞, արդյոք, Ուկրաինան

Ուկրաինական Եվրամայդանն անցած տարվա նոյեմբերին մեկնարկեց իշխանությունների կողմից Եվրամիության ասոցացման համաձայնագիրը վավերացնելուց հրաժարվելու պատճառով: Այսօր, սակայն, դրա մասին հիշում են ամենավերջում: Կիևի փողոցներում անցած երկու օրերին տեղի ունեցած սահմռկեցուցիչ, արյունալի իրադարձություններից հետո, որոնց ժամանակ պաշտոնական տվյալներով մոտ 80 մարդ զոհվեց, Եվրամայդանն առաջնորդող երեք կուսակցությունների ղեկավարները Լեհաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարների, ինչպես նաև Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպանի և դեսպանի միջոնրդությամբ նախագահ Յանուկովիչի հետ քննարկում են հարցերի շատ ավելի լայն օրակարգ` սահմանադրական փոփոխություններ, վաղաժամկետ նախագահական ընտրություններ, կոալիցիոն կառավարության ձևավորում: Նրանք Ուկրաինայի նախագահի հետ փաստացի քննարկում են իշխանությունն աստիճանաբար հանձնելու «ճանապարհային քարտեզը»:

Առաջին հայացքից թվում է, թե սա Ուկրաինայի ժողովրդի հաղթանակն է: Բայց սա պյուռոսյան հաղթանակ է, որովհետև եվրամայդանական այս խաղում շահելու են բոլորը, բացի Ուկրաինայից և ուկրաինացիներից:

Արևմտյան սցենարը

Իրականում Յանուկովիչին այդ պայմանները թելադրվում են երկկողմանի` Արևմուտքից  և Ռուսաստանից միաժամանակ: ԱՄՆ նախագահը զուգահեռներ է անցկացնում Սիրիայի և Ուկրաինայի միջև, իսկ այդ երկրի դեսպանն իրեն իրավունք է վերապահում Գերագույն Ռադայի պատգամավորներից ոչ ավել, ոչ պակաս պահանջել ճգնաժամի հաղթահարման ուղիներ գտնել: Այն րոպեներին, երբ դիպուկահարները երկու ճամբարներից ուղղակի հունձ էին կատարում Կիևի կենտրոնական փողոցներում, և անմեղ մարդկանց արյուն էր հեղվում, ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի ցինիզմը բավականացնում էր հայտարարելու, թե Բրյուսելն այս պահին էլ պատրաստ է Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը: Թե՛ Օբաման, թե՛ Էշթոնը Յանուկովիչին պարզ երկընտրանք են առաջադրում. կամ Կիևը շուտափույթ ստորագրում է Ասոցացման համաձայնագիրը, կամ համաձայնում է իշխանությունն աստիճանաբար հանձնելու` ընդդիմության շուրթերով ներկայացվող իրենց պայմաններին: Երրորդ տարբերակը Եվրամայդանի նոր հարձակման անցնելն է, բախումների վերսկսումը, որի հետևանքների ողջ պատասխանատվությունը բարդվելու է անձամբ Յանուկովիչի վրա` անկախ բոլոր հանգամանքներից: Սա գրեթե նույն սցենարն է, որով խաղարկվեցին լիբիական, եգիպտական և վերջապես սիրիական հեղափոխությունները:

Ուկրաինայի ընդդիմությունը` ի դեմս Եվրամայդանն առաջնորդող երեք կուսակցությունների` «Ուդառ»-ի, «Բատկիվշչինա»-ի և «Սվոբոդա»-ի, ընդամենը մարիոնետ են Արևմուտքի ձեռքին: Այս ուժերն այլևս չեն վերահսկում Եվրամայդանը, նրա վրա որևէ ազդեցություն չունեն, ու ոչ մի նշանակություն չունի այն հանգամանքը, որ հենց այդ ուժերն են ներկայումս բանակցում իշխանությունների հետ: Գործընթացներ գեներացնողը, իրական շարժիչը ռազմական հակամարտության մեջ մտնելու համար բոլոր տեսանկյուններից պատրաստ աջ լիբերալ ծայրահեղականներն են` ի դեմս «Աջ սեկտոր» կազմակերպության, որոնք արդեն իսկ հայտարարել են, որ չեն ենթարկվում որևէ ուժի, չեն ճանաչում Ուկրաինայի իշխանությունների հետ վարվող բանակցությունները և անելու են այն, ինչ իրենք են ճիշտ համարում: Եվրաչինովնիկների ձեռքին հենց այս ուժերն են Յանուկովիչի վրա ճնշում գործադրող հիմնական գործիքները, որոնց խնդիրն է պարզապես անհրաժեշտության դեպքում հեղափոխության միջոցով իշխանությունը հանձնել այդ երեք՝ Արևմուտքի համար լիովին ընդունելի քաղաքական կուսակցություններին:

Այս տեսակետից Բրյուսելն այլևս չի թաքցնում, որ ԵՄ Ասոցացման համաձայնագիրը մասնավորապես, և Արևելյան գործընկերության ծրագիրն ընդհանրապես իրականում Ուկրաինան իր ամբողջականությամբ Ռուսաստանից խլելու թաքնված ռազմավարական պլան էր, որի ձախողման պարագայում հիմա անցնում է այսպես կոչված «պլան Բ-ին»` բաց ու անթաքույց գործողությունների: Հիմա ամբողջ խնդիրն այն է, թե արդյոք Բրյուսելը Եվրամայդանի ռոմանտիզը շահագործելու և մարդկանց նվիրական զգացումների վրա մանիպուլյատիվ խաղերի միջոցով կստանա Ուկրաինան ամբողջությա՞մբ, թե՞ ոչ: Այս հարցի պատասխանը տալու է ոչ թե Յանուկովիչը կամ ուկրաինական ընդդիմությունը, այլ` Մոսկվան:

Ռուսական սցենարը

Եվրոպային վերջինս հասկացնում է, որ կա նաև իրավիճակը հաղթահարելու չորրորդ տարբերակ. Ուկրաինայի բաժանումը: Կրեմլն այդ մասին առայժմ խոսում է  միջնորդավորված` փորձագետների և քաղաքական առանձին գործիչների շուրթերով, բայց խոսում է բաց և իմպերատիվ տոնով: Կրեմլը, սովորության համաձայն, տարատեսակ մանևրների ետևից չի ընկնում: Նա գնում է ամենակարճ, ամենացինիկ, բայց հետխորհրդային տարածքում ընդունված ամենաարդյունավետ ճանապարհով՝ իշխանությունը «գնելով» և այն իր մարիոնետը դարձնելով: Այդ առևտուրը տեղի ունեցավ անցած տարվա դեկտեմբերին, երբ Յանուկովիչը հրավիրվեց Մոսկվա, և Կրեմլում ստորագրվեց Ուկրաինային 15 մլրդ դոլար տրամադրելու պայմանագիրը: Հիմա Ուկրաինայի գործող նախագահը ոտքով-ձեռքով կախված է այդ գործարքից ու պարզապես ի վիճակի չէ հաշվի չառնելու Ռուսաստանի միանշանակ շահերը ԵՄ-ի հետ իր հարաբերություններում: Սա նշանակում է, որ Մոսկվան իր հերթին է Յանուկովիչին պարզ երկընտրանք առաջարկում. կամ նա չի հրաժարվում Եվրաասոցացման համաձայնագիրը չստորագրելու իր որոշումից և ընդունում է ԵՄ-ի նետած ձեռնոցը քաղաքացիական պատերազմի սկսման հետ կապված` ապավինելով իր ամբողջական և լիարժեք աջակցությանը, կամ կարող է ստորագրել ԵՄ-ից իրեն առաջադրված կապիտուլյացիայի ակտը` այն հստակ գիտակցությամբ, որ կորցնելու է ոչ միայն Ղրիմի ինքնավար մարզը, այլև պրոռուսական տրամադրված ողջ Արևելյան Ուկրաինան: Իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ ինչպիսի ընտրություն էլ Յանուկովիչը կատարի, Ուկրաինան կարող է հայտնվել երկարատև ու իսկապես արյունաքամ քաղաքացիական պատերազմի ճիրաններում: 

Զուտ «ռեալ պոլիտիկ»-ի տեսանկյունից, իբրև Արևմուտքի հետ կոմպրոմիսային լուծում՝ Մոսկվային նույնիսկ տակտիկապես ձեռնտու է Ուկրաինայի պառակտումը: Նախ` այդպիսով վերջնականապես կարող է լուծել ստրատեգիական նշանակություն ունեցող Ղրիմը վերադարձնելու խնդիրը: Երկրորդ` Ուկրաինայի իրական հարստությունը գտնվում է նրա արևելյան մասում` իր բնական պաշարներով, արդյունաբերական հզոր պոտենցիալով: Ուկրաինայի այն մասը, որն այդ պառակտման արդյունքում մնալու է ԵՄ-ին, Արևմուտքին ստրատեգիական առումով ոչինչ չի տալիս: Նախ` Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև այդ հատվածում արևելյան Ուկրաինան շարունակելու է բուֆերային գոտու դեր կատարել, ինչը նշանակում է, որ չի լուծվում եվրոպական ուղղությամբ Ռուսաստանի հետ սահմանակցելու խնդիրը: Երկրորդ` դրանով Արևմուտքը չի կարող կանխել Ուկրաինայի մի մասը, այն էլ՝ ամենայուղալի կտորը Եվրասիական տնտեսական միության բաղադրիչը դարձնելու հեռանկարը: Երրորդ`զրկվելով տնտեսական հիմնական ռեսուրսից` Արևմտյան Ուկրաինան իր բնակչությամբ պարզապես բեռ է դառնալու ԵՄ-ի համար: Դա հրաշալի հասկանում են նաև Բրյուսելում, և հենց այդ պատճառով է, որ նրանք ձգտում են Ուկրաինան Ռուսաստանի ազդեցության գոտուց հանել ամբողջությամբ` իր ներկայիս սահմաններով:

Ուկրաինայի ներկայիս վիճակն իսկապես ողբերգական է` առաջին հերթին նրա ժողովրդի համար: Այն, ինչ կատարվում է այս երկրի հետ, հստակ ցույց է տալիս երկու իրողություն: Նախ` որ սկսվել ու չափազանց մեծ ցնցումներով իրականացվում է Եվրասիայում նոր սահմանագծեր քաշելու բոլորովին նոր գործընթաց: Եվ երկրորդ` դրա զոհ են դառնում հետխորհրդային, հատկապես Արևելյան գործընկերության մաս հանդիսացող երկրները: Որքան դաժան է դառնում Արևմուտքի և Արևելքի աշխարհաքաղաքական և քաղաքակրթական այս բախումը, այնքան ողբերգական է դառնում դրա կիզակետում հայտնված պետությունների ու ժողովուրդների ներկան ու ապագան:

Հայկական ալտրուիզմը

 Այս իմաստով Կիևում հիմա զուտ Ուկրաինայի հարցը չի լուծվում: Այնտեղ լուծվում է առաջին հերթին Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և գուցե նաև Բելառուսի ճակատագիրը: Ուկրաինական ողբերգությունը ինքնապաշտպանության և իմունիտետի ուժեղացման շատ պարզ և միաժամանակ շատ բարդ հրամայականներ է իջեցնում այդ երկրների իշխանություններին և հասարակություններին: Սա գաղութացման մի նոր գլոբալ գործընթաց է` նոր գործիքակազմով ու մեթոդաբանությամբ, և չի բացառվում, որ անկախ Հայաստանի` Մաքսային Միություն մտնելու որոշումից, որի ներքո իրենց չափազանց ապահով են զգում իշխանությունները, Հայաստանը ևս հայտնվի այս պրոցեսի թիրախում: Մանավանդ, որ քաղաքական քարտեզի վրա Արևմուտք-Ռուսաստան` գրեթե սառը պատերազմի վիճակի հասնող դիմակայության պարագայում Հայաստանը Հարավային Կովկասի կտրվածքով պարզապես հենակետային նշանակություն է ստանում թե՛ Ռուսաստանի և թե՛ ԱՄՆ-ի ու Եվրամիության համար: Գուցե Հայաստանի առջև պառակտման վտանգ չլինի` հաշվի առնելով երկրի տարածքի փոքրությունը և ժողովրդագրական, տնտեսական միատարությունը: Բայց այդ սահմանը կարող է անցնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջով: Հենց այստեղ է Հայաստանին սպառնացող ամենամեծ վտանգը: Հարցն այն է` գոնե ուկրաինական ողբերգությունը, ի վերջո, կսթափեցնի՞ «ծաղկափոշու մեջ նիրհող» և Մաքսային Միության հետ կապված լուսավոր ու վարդագույն երազներ տեսնող մեր իշխանություններին, թե՞ կշարունակվի այս անհասկանալի անտարբերությունն ու անհաղորդությունը իրենց շուրջը տեղի ունեցող աղետալի գործընթացների նկատմամբ: 

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Միանշանակ ռեալիստական վերլուծություն է, որի դեմ առարկելու բան չկա: Կարելի է միայն մի փոքր լրացում կատարել հետեւյալ հարցի տեսքով: Այդ ինչպես ստացվեց, որ Ուկրաինա, Վրաստան, Հայաստան եւ այլ պոստ-սովետ երկրներ այդ աստիճան տխմար ու անպաշտպան խաղալիքներ դարձան նկարագրված դաժան պայքարում? Կարծում եմ, սա հասկանալու համար պետք է հետ նայել ու վերհիշել թե ինչպես մասնատվեց խորհրդային միությունն ու ծվատվեց-հոշոտվեց հանրային ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ (որը դեռեւս շարունակվում է կամացուկ!) Հենց այդ ընթացքում էլ ձեւավորվեցին ու երկրների տերերը դարձան փաստացի ԳՈՂԵՐԸ, որով կանխորոշվեց գալիք աղետը ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ! Այսինքն նույն սցենարը միանգամայն սպասելի ու օրինաչափ է եւ Ռուսների համար! Փրկություն կարող է հանդիսանալ միայն թալանված ռեսուրսների ու տնտեսության կամավոր ազգայնացումը, որը սակայն խիստ անհավանական է!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter