Գյումրեցի դահուկորդները կմասնակցեն ձմեռային համահայկական խաղերին
Յուլիա Գրիգորյան
Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հյուրընկալել էր Գյումրու ձմեռային մարզաձևերի մարզադպրոցի 15 դահուկորդների և նրանց մարզիչներին` հաջողություն մաղթելու փետրվարի 24-ից մարտի 2-ը Ծաղկաձորում կայանալիք համահայկական ձմեռային խաղերի առաջնությանը: «Աշխատեք լավ ներկայանալ, աշխատեք հաղթանակած վերադառնալ: Շիրակի մարզը ձյունառատ մարզ է, որտեղ դահուկավազքը միշտ եղել է առաջնային հանրապետությունում: Այնպես որ, կուզենայի արժանի արդյունքներ ունենայիք և կարողանայիք պարծենալ, որ նաև ձմեռային մարզաձևերում ունենք հաջողություններ»,- ասաց քաղաքապետը:
Նա շնորհավորեց հանդիպմանը ներկա Կատյա Գալստյանին, ով օրերս էր վերադարձել Սոչիի օլիմպիադայից: «Ապրես, Կատյա, մենք հույս ունենք, որ դու մեզ պարզերես կանես նաեւ համահայկական խաղերում: Պատրաստակամ ենք ամեն ինչով ձեզ օժանդակել, միայն թե մեր մարզն այս սպորտաձևում էլ լինի առաջինը»,- նկատեց քաղաքապետը:
Թիմի ղեկավար, Հայաստանի դահուկավազքի հավաքականի ավագ մարզիչ, մարզադպրոցի տնօրեն Սլավիկ Սարգսյանը խոստացավ դահուկավազքի համար խաղարկվող 12 մեդալների կեսը բերել Գյումրի. «Մարզիկները շատ լավ են պատրաստված, մենք հենց իմացանք, որ կազմակերպվելու են համահայկական ձմեռային խաղեր, մարտական տրամադրությամբ սկսեցինք պարապել, որպեսզի գնանք, լավ մասնակցենք և հաղթենք: Փոքրաշեն գյուղի մոտ ամեն օր պարապմունքներ ենք անցկացնում: Մարզիկները պիտի ներկայանան դասական և ազատ ոճերով: Լուրջ հաջողությունների ակնկալիք ունենք»,- հայտարարեց Սլավիկ Սարգսյանը:
Թիմի դահուկորդներից 4-ը մասնակցում էին Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին: Հաջողությունները թեև ակնառու չէին, սակայն խոստումնալից էին: Դահուկորդներից
Կատյա Գալստյանն ասաց, որ կարող էին, թերեւս, ավելի լավ արդյունք ցույց տալ, եթե ձյունը չհալչեր. հանգամանք, որ մեծ խոչընդոտ էր արագ ընթացքին:
«Եթե սառած լիներ, ինձ թվում է՝ մի 3 հոգու էլ կգերազանցեի: Փայլուն արդյունք ցույց տվողներ չեղան թիմում, թեև ես տղաներից ավելի մեծ ակնկալիք ունեի: Մտադիր եմ համահայկական խաղերին ավելի լավ ներկայանալ, հույս ունեմ, որ մեդալներով կվերադառնանք և մեր համաքաղաքացիներին հուսախաբ չենք անի»,- խոստացավ Կատյա Գալստյանը:
«Ցանկանում եմ տղաների մեջ լինել առաջինը: Լավ մարզված ենք, տեսնենք, թե խաղերի ընթացքում ինչ տեղի կունենա: Կարևորը հոգեպես տրամադրված ենք համառ պայքարի և կփորձենք պատվով հաղթահարել ամեն ինչ: Իմ ուժերն ու միտքը կենտրոնացած են հաղթանակի վրա»,- հավելեց Հայաստանի դահուկորդների չեմպիոն Գոռ Գևորգյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել