
Բարեգործական ակցիա, որ Գյումրիում լուծեց ջերմության եւ էկոլոգիայի խնդիր
«Տնակային ավանների բնակիչներին անցած տարի դեկտեմբերից վառելափայտ բաժանելը ջերմության խնդիրը լուծելուն զուգահեռ էկոլոգիական խնդիր էլ լուծեց՝ Գյումրու օդը մաքրվել է,- ասում է «Շիրակ կենտրոն» հկ-ի նախագահ Վահան Թումասյանը,- նախկինում, երբ տարատեսակ աղբ էին վառում տաքանալու նպատակով, երեկոյան ժամը 18-ից հետո քաղաք դուրս եկողը խեղդվում էր էդ ծխահոտից: Մարդիկ աղբամաններից հավաքում, տանում էին այն, ինչ հնարավոր էր վառել: Անգամ նորաբաց աղբի գործարանը փակվեց, որովհետեւ քաղաքային աղբն արդեն զտված էր հասնում գործարան»:
«Շիրակ կենտրոնի» հայտարարած «10.000 պարկ վառելափայտ անօթեւան ընտանիքներին» բարեգործական ակցիայի շրջանակներում մոտ 4400 պարկ է բաժանվել ու մինչեւ գարնան գալը հավանաբար դեռ 2000 պարկ էլ կբաժանվի Գյումրու սոցիալապես ծանր վիճակում գտնվող, տնակներում ապրող ընտանիքներին: Ակցիային մասնակցել է հինգ կազմակերպություն եւ 20 անհատ: Համատարած թանկացումների ֆոնին գոնե այս խավի, որին կոչում են «դոմիկավորներ», սոցիալական վիճակը մի փոքր մեղմելուն միտված ծրագիրը պատահական չէր:
![]() |
![]() |
«Մեր կատարած ուսումնասիրությունները, նաեւ փորձը ցույց էին տվել, որ բարերարներից ստացած գումարները միշտ չէ, որ ընտանիքն ուղղում է վառելափայտ ձեռք բերելուն: Դրա համար էլ որոշեցինք ակցիա սկսել, որի նպատակը պիտի լիներ վառելափայտի ձեռք բերումը, կտրատումը եւ 10 պարկ չափաբաժնով ընտանիքներին տրամադրումը: Ֆեյսբուքով եւ մեր կայքով տարածած կոչին սկզբում արձագանքեցին արտերկրում ապրող մեր հայրենակիցները, այնուհետեւ նրանց միացան Հայաստանում բնակվողները»,- պատմում է Վահան Թումասյանը:
Փտող տնակների, մկների ու առնետների հարեւանությամբ, ոչ մարդկային պայմաններում ապրող ընտանիքների իրական պատկերը շատ հաճախ անհնար է փոխանցել անգամ ֆոտո եւ վիդեոպատմությունների միջոցով: «Դոմիկում» ապրողին հասկանալու համար պետք է ապրել «դոմիկ»-ում, շնչել փտած հատակի ու խոնավությունից նեխող պատերի գաղջ օդը, ամռանը տառապել երկաթե տնակի ջերմությունից, աշնան անձրեւներին տան եղած բոլոր կաթսաները, դույլերն ու ամանները շարել տանիքից ներս լցվող անձրեւաջրի տակ, գարնանը սպասել, թե քաղաքի բարձրադիր հատվածից հալած ձյան եւ անձրեւի միախառնումից առաջացած սելավը երբ է լցվելու տնակդ, իսկ ձմռանը՝ աչքերը բացելուն պես հուսահատորեն արձանագրել, որ մի «բոց»-ի վառելիք ունես եւ ներսից սառած դուռն ու երկաթե պատերը առաջացած «գոլ»-ից, մեկ է, չեն հասցնելու հալչել մինչեւ երեկո:
![]() |
![]() |
Վահան Թումասյանը համոզված է, որ աղետի գոտու վերականգնման հարցերով զբաղվող պատասխանատուներից որեւէ մեկի մտքով եթե անցներ թեկուզ մեկ օր ու մեկ գիշեր ապրել այդ մարդկանց կյանքով, շատ խնդիրներ այլ տեսանկյունից կդիտարկվեին:
«Մարդուն, ով իր գերազանց ջեռուցվող բնակարանում ձմռանը շրջում է ամռան հագուստով, դժվար է հասցնել այն միտքը, որ երբ դրսում մինուս 25 աստիճան է, չջեռուցվող դոմիկում գրեթե նույն ջերմաստիճանն է: Սա պետք է ապրել, զգալ, թեկուզ մի գիշեր սառել, սոված լուսացնել ու վերջապես հասկանալ, թե ինչու է 24 տարի բնակարանի սպասող գյումրեցին այդքան հոգնած ու զզված իր ապրելակերպից»,- նկատում է զրուցակիցս:
«Շիրակ կենտրոն» հկ-ի ղեկավարի փոխանցմամբ, իրենք ընդամենը միջնորդ են բարերարների եւ կարիքավոր ընտանիքների միջեւ: Կենտրոնը չունի սեփական միջոցներ, իրենք այս գործընթացներին մասնակցում են մարդկային ռեսուրսով եւ ունեցած տեղեկատվական հսկայական բազայով:
2011թ. ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի հետ համագործակցության շնորհիվ կենտրոնը սոցիալապես վատ վիճակում գտնվող մի քանի հարյուր ընտանիքի կարողացավ հագուստ եւ կոշիկ տրամադրել: Բարերար Մադաթյանի հետ համագործակցությունը շարունակվում է մինչ օրս, ավելացել է նաեւ օգնություն ստացող ընտանիքների թիվը, աջակցություն է տրամադրվել ծերանոցին, մանկատներին, մանկապարտեզներին եւ այլն: «Շիրակ կենտրոնի» միջոցով Գյումրիում բնակվող կարիքավոր ընտանիքներին սնունդ եւ հագուստ են տրամադրում նաեւ այլ անհատ բարերարներ ու կազմակերպություններ: «Շիրակ կենտրոնի» տեսանյութերի շնորհիվ 16 անօթեւան ընտանիք բնակարանի տեր են դարձել: Բարերարների գումարով գնվել է 3 հատ 3 սենյականոց բնակարան, 2 հատ երկսենյականոց եւ 11հատ մեկսենյականոց բնակարան:
«Մի քանի հազար ընտանիք այսօր բնակվում է տնակներում եւ, լինելով անօթեւան, զրկված է պետական աջակցությունից: Նրանց նկատմամբ պետությունը չունի պարտավորություն: Մենք այդ ընտանիքների մասին պատմող մոտ 400 պատմություն ենք տեղադրել մեր կայքում ու Ֆեյսբուքում, եւ մարդիկ, ովքեր չեն ցանկացել, որ իրենց անունը հրապարակվի, բնակարան են գնել,- ասում է Վահան Թումասյանը,-ընտրությունը բարերարներն են կատարել, գնվել է 16 բնակարան, այդքան ընտանիք այսօր արդեն գլխավերեւում տանիք ունի»:
Շատերը համոզված են, որ «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը բարեգործական է: Վահան Թումասյանը ծիծաղում է՝ ասելով, որ նման բնորոշում հատկապես այս վերջին մեկ տարվա ընթացքում հաճախակի է լսել: «Չէ, մենք բարեգործական կազմակերպություն չենք: 2005թ. եմ ստեղծել կենտրոնը, եւ նպատակը եղել է մարդկանց սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանությունը,- ասում է Վահան Թումասյանը,- քանի որ գործում ենք Գյումրիում, հիմնականում փորձում ենք վեր հանել անօթեւանության խնդիրն ու դրանից ածանցվող մնացած հարցերը»:
2008թ. կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը քաղաքաշինության նախարարությունից առաջարկ է ստանում ընդգրկվել բնակարանների բաշխման հանձնաժողովում: «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի առաջ խնդիր է դրվում հստակեցնել Գյումրիում ապրող եւ բնակարանի իրենց հերթին սպասող անօթեւանների ցուցակը, համապատասխան փաստաթղթերի առկայությունը:
![]() |
![]() |
«Աշխատանքը հասարակական հիմունքներով է եւ դեռ ընթացքի մեջ է, քանի որ, ինչպես գիտեք, բնակարանաշինությունը դեռ չի ավարտվել: Նախկին տարիներին բավական թերացումներ էին եղել՝ կաշառքով բնակարաններ բաժանելուց սկսած, վերջացրած մեկ բնակարանը մի քանի ընտանիքի հատկացնելու անօրինական դեպքերով: Մենք ուսումնասիրեցինք հերթացուցակներում ընդգրկված ընտանիքների գործերը՝ ովքե՞ր են հերթագրված, ու՞մ պետք է բնակարան տրվի, գործող օրենքի համաձայն ու՞մ են մերժելու, արդյո՞ք նախկինում բնակարան չի ստացել եւ այլն: Այդ բոլոր տվյալները մոնիտորինգի են ենթարկվել, եւ համապատասխան գրություններն ուղարկվել են քաղաքաշինության նախարարություն»,- ասում է Վահան Թումասյանը:
Այդ ուսումնասիրությունների շնորհիվ եղել են դեպքեր, երբ չեղյալ է հայտարարվել բնակարան հատկացնելու որոշումը, երբ պարզվել է, որ շահառուն արդեն իսկ բնակարանատեր է, սակայն նրա տվյալները պահպանվել են որպես կարիքավոր: Եղել են նաեւ դեպքեր, երբ հերթացուցակներում վերականգնվել են իրական անօթեւանները:
«Գլենդել հիլզի» կառուցած 2756 բնակարանների հրապարակային բաշխումը վիճակահանության միջոցով ամբողջությամբ տեսագրվել է մեր կողմից ու տեղադրված է համացանցում,- նշում է զրուցակիցս,- դա նաեւ աշխատանքային գործիք է քաղաքաշինության նախարարության համար: Բնակարանների հավաստագրերը եւս մենք ենք բաժանել: Դա ամենառիսկային մասն է, քանի որ նախորդ տարիներին կաշառքը վերցրել են հենց տան օրդերը տալու ժամանակ: Այդ պատճառով էլ քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը որոշեց, որ հենց մեր կենտրոնը բաժանի, մենք էլ համաձայնեցինք, ու դա արվեց բաց, թափանցիկ ձեւով»:
Բարեգործություն կոչվող մեդալը երկու երես ունի
![]() |
![]() |
Բարեգործական տարատեսակ աջակցություններով լի էր հատկապես անցնող տարին՝ բնակարանի, հագուստի, սննդի, կենցաղային իրերի, գումարի, վառելափայտի տեսքով: «Նկատվում է հայաստանյան դոնորների ակտիվացում»,- ասում է զրուցակիցս ու հավելում, որ սա շատ դրական միտում է, քանի որ որոշակի կապիտալ ունեցող անձինք Հայաստանում ներգրավվում են բարեգործական ակցիաներում, կատարում են նվիրատվություններ:
«Հոգեբանության փոփոխության խնդիր կա,- նկատում է Վահան Թումասյանը,- որ մարդը մարդու նկատմամբ լինի բարի, կարեկցող: Հենց մեր քաղաքում ապրող շատ մարդիկ տեղյակ չեն, թե ինչպիսին է կյանքը տնակային ավաններում: Կային աջակիցներ, որ սկզբնական շրջանում մեզ հետ բաժանում էին իրենց բերած օգնությունը, հետո հրաժարվեցին: Հասկացանք, որ հոգեբանական ծանր սթրես են տանում՝ շփվելով կարիքավորների հետ, տեսնելով նրանց անմխիթար պայմանները»:
Չնայած սրան, ըստ Թումասյանի, մարդուն որքան էլ տաս, ինքը հոգեբանորեն միշտ դժգոհ է լինելու: Նա նկատում է, որ բարեգործություն կոչվող մեդալը երկու երես ունի՝ լավ եւ վատ: Բարեգործությունը կատարվում է երկու տարբերակով՝ մեկը, երբ պարզապես վերցնում ես որեւէ ընտանիքի մշտական խնամակալությունը, եւ մյուսը՝ թիրախային, երբ աջակցությունն ուղղված է որեւէ կոնկրետ խնդրի լուծման:
«Մարդիկ կան, որ գերադասում են մշտական հովանավորություն վերցնել, որը դրականի հետ ունի նաեւ բացասական կողմ: Որ պահին հովանավորը դադարեցրեց իր օգնությունը, ընտանիքը կանգնում է փաստի առաջ, սկսվում են դժվարություններ, քանի որ մարդու մոտ այդ ընթացքում բթանում է ինչ-որ բանի ձգտելու, հասնելու զգացողությունը,- բացատրում է զրուցակիցս,- թիրախայինի դեպքում դու լուծում ես կոնկրետ խնդիր՝ միաժամանակ անձն էլ ձգտում է ինչ-որ բան ստեղծել սեփական ուժերով: Ես կողմ եմ, որ օգնությունն ուղղված լինի որեւէ հոգս թեթեւացնելուն, որն անլուծելի է տվյալ ընտանիքի համար, այսինքն՝ լինի թիրախավորված»:
«Շիրակ կենտրոն» ՀԿ-ն որոշել է առաջիկայում իրականացնել մի ծրագիր, որի արդյունքում Գյումրիում ստեղծվելու է կենցաղ-սպասարկման կենտրոն, որից հնարավորություն կունենան օգտվելու հատկապես սոցիալապես ծանր պայմաններում գտնվող ընտանիքները: «Սա իմ գաղափարներից մեկն է, որը քննարկման փուլում է,- ասում է Վահան Թումասյանը,- մարդուն պետք է ցույց տալ լավ բան եւ հասնել նրան, որ այդ մարդը մշտապես ձգտի լավին: Բարեգործական կենցաղի տուն կառուցելով՝ օգնելու ենք մարդուն լուծել իր կենցաղային տարրական հոգսերը: Շենքում կլինի բաղնիք, վարսավիրանոց, լվացքատուն եւ այլն: Սա նաեւ քաղաքում աշխատատեղի ստեղծման խնդիր լուծելու թեկուզեւ փոքր, բայց ռեալ հնարավորություն է»:
Լուսանկարները՝ «Շիրակ կենտրոն»-ի:
Մեկնաբանել