Ի՞նչ է կատարվում վրացահայ համայնքում և Վիրահայոց թեմում
Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նկատմամբ «Վրացական երազանք» դաշինքի հայազգի անդամ Գեորգի Էլիբեկովը մեղադրանքներ է հնչեցրել` նշելով, որ Վրաստանի վարչապետ Բիձինի Իվանիշվիլու հիմնադրամից Վիրահայոց թեմին տրամադրված շուրջ 940 հազար դոլարի չափով գումարը անհասկանալի ուղղությամբ է ծախսվել: Հայ համայնքի որոշ ներկայացուցիչների և Էլիբեկովի միջև դրանից հետո վեճ է ծագել, և բանը հասել է մինչև կացնին ու քարերին:
Թեմայի շուրջ «Հետքի» հարցերին պատասխանում է Վիրահայոց թեմի առաջնորդ Տ.Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Վերջին օրերին վրացահայ համայնքում տեղի ունեցած իրադարձությունները մտահոգիչ են հայ հասարակության համար: Ի՞նչ էր կատարվել:
Վրացահայ համայնքում արդեն 11 տարի է` ծառայության ենք: Տեսել ենք Շևարդնաձեի շրջանը, Մ.Սահակաշվիլու և նոր ժամանակների ղեկավարության: Եվ կարծեք թե մեր աչքի առջև ինչքանով զարգացում ապրեց Վրաստանը, այդպիսի զարգացում ապրեց նաև վրացահայ հասարակությունը, ինչու չէ նաև Վիրահայոց թեմը: Եթե տարիներ առաջ մենք ունեինք գործող 10-15 եկեղեցի, այսօր արդեն ունենք 47 գործող եկեղեցի: Եթե նախկինում ունեինք 6-7 հոգևորական, որոնցից մի մասը տարիքով էին, այսօր ունենք 16 հոգևորական, որոնց հիմնական մասը երիտասարդ և գործունյա անձինք են: Եթե նախկինում Թբիլիսիի կենտրոնում երկու գործող եկեղեցիները` Սուրբ Էջմիածինը և Սուրբ Գևորգը ճաքեր ունեին և դժվար վիճակներում էին, այսօր ունենք Սուրբ Էջմիածին եկեղեցին` վերանարոգված, այս պահին Սուրբ Գևորգ եկեղեցին վերանորոգվում է, և ամենակարևորը` նրա միջի որմնանկարները հայ որմնանկարչության բացառիկ նմուշներ են, որոնք փրկվում են: Եթե նախկինում Թբիլիսիի հայ համայնքը իր միջոցառումները կազմակերպելու կամ ինչ-որ մի բանի մասնակցելու համար գնում էր հրեական, հունական կամ կովկասյան տներ, այսօր ունի իր «Հայարտունը» և իր միջոցառումները կարող է կազմակերպել այնտեղ, իսկ մասշտաբային միջոցառումները` մեծ դահլիճներում:
Այս ամենը ա՞չք ծակեց:
Միանշանակ: Այսօր մեր եկեղեցին նաև իր առաջնորդությունն ու հարգանքն ունի իր մյուս քույր եկեղեցիների շրջանում: Այս տարի մեր եկեղեցում կազմակերպվեց էկումենիկ աղոթք, որին մասնակցեցին կաթոլիկ, լյութերանական և բապտիստական, ավետարանական եկեղեցիների ներկայացուցիչները, պետական գործիչներ և դիվանագիտական ներկայացուցիչներ: Այս ամենը, բնականաբար, տեսանելի է բոլորի կողմից: Եվ վրացահայության մոտ տեսնում ենք, որ նախկին ընկճվածությունն այլևս չկա: Փետրվարի 13-ին, երբ Հայաստանում և ամեն տեղ Տյարնընդառաջն էր տոնվում, նույնը և Թբիլիսիի կենտրոնում, որտեղ մի քանի հազար մարդ էր հավաքվել և հրավառությամբ ուղեկցվեց այդ ամենը: Կամ Սուրբ Սարգսի տոնին մի եկեղեցուց մինչև մյուս կիսաքանդ եկեղեցին, 4 կմ ճանապարհը խաչվառով, շարականներով և հազար հոգի երիտասարդներով գնում են` հակառակ կողքից հնչող խոսքերին, թե ովքեր են սրանք, որ էսպիսի բան են անում, վրացիներից բացի ոչ ոք իրավունք չունի նման բան անելու: Հավանաբար այս ամենը դուր չեկավ ինչ-որ շրջանակների: Մտածեցին` ինչպես կանգնեցնեն հայ եկեղեցու առաջընթացը և մանավանդ Վրաստանի հայ համայնքի օր օրի ոտքի կանգնելու այս գործընթացը, որը և Թիֆլիսում է, և Ջավախքում: Եվ գիտեք, թե ինչ կրթամշակութային կենտորններ բացվեցին նաև Ախալցխայում և Նինոծմինդայում, այս տարի պիտի լինի նաև Ախալքալաքում:
Հստակ եմ ասում` դրամական հարցեր, այլ հարցեր` դրանք լրիվ ածանցյալ են. խնդիրը կայացել է նրանում, որ մի խումբ մարդիկ կազմակերպել են դավադրություն, փորձել են հարվածել Հայ եկեղեցուն և նրա առաջնորդին, հոգևոր դասին, որպեսզի սրանով կասեցնեն այն ազգային-եկեղեցական գործունեությունը, որը կատարվում է Վրաստանում:
Ովքե՞ր են այդ «մի խումբ մարդիկը»` վրացի հոգևորականության, թե քաղաքական դաշտի ներկայացուցիչներ են:
Այո, քաղաքական, և քաղաքական գործիչներ կան նրանց մեջ: Նրանք հայեր են, պարզապես կապեր ունեն վրաց որոշակի շրջանակների հետ: Այս ամբողջն արդեն բացահայտված է, և այդ ամենը թողնում ենք այդ մարդկանց խղճին: Իրենք էլ գիտեն, որ արդեն բացահայտված է, և այստեղ մի հարց կա. չպիտի օգտվեն ինչ-որ մեկի նաև սոցիալական վիճակից և տվյալ մարդուն փորձեն օգտագործել և հասնել իրենց նպատակներին:
Ո՞ւմ նկատի ունեք:
Ոչ ոքի էլ նկատի չունեմ. մարդկանց, ովքեր կարող են այդ վիճակում գտնվել: Կարող է մի օր մարդու մեջ մի դև մտնել ու մարդուն չարացնել: Մարդն արարք անի ու ինքն էլ չհասկանա, թե ինչու դա արեց, դրա համար, երբ որ մարդ զղջում և դարձի է գալիս, եկեղեցին իր դռները բացում է: Շատ անգամ կարող են ոմանք ասել, որ կան նաև գառան մորթի հագած գայլեր, բայց նաև կարող ենք տեսնել մարդկանց, ովքեր այդ գառնուկների պես մոլորված են, և իրենց է թվում, որ իրենք գազաններ են: Այս է, որ մենք պիտի հնարավորություն տանք մարդկանց նորից վերադառնալու հայ համայնքային կյանք, որովհետև հայությունը հետաքրքրորեն փոխվել է:
Փետրվար 16-ին, երբ հայ համայնքն ընդվզեց, ոչ ոք չէր կազմակերպել, իրենք հավաքվեցին և ասացին, որ այլևս չեն ուզում այդպես ապրել, չեն ընդունում այն «համայնքային լիդերներին», ովքեր տարիներով պետական գործերի են եղել և խեղճացրել են այս ժողովրդին, իրենք տեսնում են, որ այս խեղճությունից իրենց ծնկի է բարձրացնում հայ եկեղեցին, որը պետական կառույց չէ, այլ անկախ կառույց է: Սա բնական է` դուր չեկավ ոմանց, փորձեցին օգտագործել հին ձևը. չմոռանանք` սա Թիֆլիսն է իր բազմաթիվ պատմություններով:
Մի տեսակ հակասություն կա` հայի՞ն պիտի դուր չգա Թբիլիսիում հայ եկեղեցու զարգացումը: Եթե դա անեին վրացիները, ավելի տրամաբանական կլիներ:
Ես այդպես էլ չեմ կարող հասկանալ: Իհարկե, կարող են լինել նաև այդպիսի հայեր: Իսկ ովքե՞ր չէին ուզում, օրինակ, Արցախի ինքնորոշումը: Արցախի այն օրերի իշխանության ներկայացուցիչները: Եվ այդպես միշտ լինում է. գտնվում են մարդիկ, ովքեր իրենց անձնական շահը կամ այն շահը, որին իրենց ամբողջ կյանքն են ծառայել, ավելի վեր է դասվում, քան ազգային շահը: Հետաքրքիր է, որ վրաց հասարակությունը սա չի ընդունում, իրենք հավատքի մարդիկ են: Մեզ մոտ էլ է փոխվում, ես ուրախանում եմ մեր վրացահայության փոփոխությամբ, բայց տեսնում եմ, որ դեռևս անցյալի մնացորդներ կան, որոնք փորձում են խանգարել այդ ժողովրդին ոտքի կանգնել:
Ձեզ մեղադրում էին գումարները ոչ նպատակային ծախսելու մեջ: Գումարները տրամադրվել են, վերահսկողություն չի՞ եղել:
Այդ ամբողջը հերքվել է: Ես չեմ էլ ուզում անդրադառնալ, դա ավելորդ էր, ընդամենը փորձեցին, բայց ամբողջությամ հերքված է: Այդ 100 հազար լարին Բիձինա Իվանիշվիլին իր կողմից տրամադրել էր Սուրբ Գևորգ եկեղեցու վերանորոգման նպատակով, և այդպես էլ գնաց եկեղեցու վերանորոգման հիմնադրամին: Մենք այդ գումարի հետ որևէ առնչություն չենք ունեցել:
Մամուլում հրապարակումներ եղան, որ վրացական կողմը դիմել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, որպեսզի Ձեզ հետ կանչեն Վիրահայոց թեմից: Սա որքանո՞վ է համապատասխանում իրականությանը:
Նման բան չկա: Որևէ մեկը Ամենայն Հայոց կաթողիկոսին չի դիմել, և Ամենայն Հայոց կաթողիկոսը գնահատել և գնահատում է մեր գործունեությունը և հետ կանչելու խնդիր չկա: Երբ կգա ժամանակը, Ամենայն Հայոց կաթողիկոսը թող նայի, որովհետև այդպիսի ծանր թեմում ծառայելը այդքան էլ բախտավորություն չէ, դա սրբազան պարտականություն է մեր պատմության, մշակույթի, մեր այսօրվա հասարակության համար:
Ինչո՞ւ է ծանր:
Որովհետև դժվար ժառանգություն ենք ստացել: Եվ այդ դժվար ժառանգությունը պահպանել և զարգացնելը շատ մեծ խնդիրներ ունի: Սա ոչ Եվրոպա է, ոչ Միացյալ Նահանգներ և ոչ Ռուսաստան, սա շատ ծանր, սոցիալական դժվար, հոգևորական բարդություններով մի մթնոլորտ է, որտեղ ծառայությունը պարզապես երջանկություն է:
Հայկական լրատվությունը շատ ուշադիր պետք է լինի համայնքներում ինչ-որ բանի կամ մեկի մասին խոսելիս և գրելիս: Եթե ինչ-որ բանի մասին պիտի գրեն, լավ կլինի մի հատ մտածեն, իմանան, հետաքրքրվեն, մարդը վաստակ ունի, չունի: Չենք նայում` մարդը մի գործ արել է, չի արել, ինչ տեղում է ծառայում: Սա արդեն լրագրողական հմտության, իմաստության հարց է, որովհետև բոլորս մի մշակույթի ենք ծառայում:
Այս ամբողջի մեջ մի շատ կարևոր բան կա. այս ամբողջը մեծ վտանգ էր ներկայացնում ազգային անվտանգության տեսակետից: Վրաստանում հայերս թեև թվով շատ ենք, բայց բացի թեմական-եկեղեցական ազգային-մշակութային ներկայությունից, մենք ոչնչով ներկայացված չենք: Մեր հարևան ադրբեջանցիները, բացի հոգևորից, ներկայացված են իրենց SOCAR գերհզոր ընկերությամբ, բանկերով և այլ ոլորտներում ունեն ներկայություն, իսկ թուրքերը որքան առևտրային տներ ու ընկերություններ ունեն, որոնցով ներկա են Վրաստանում: Մենք սրանով ենք ներկա. եթե որևէ մեկս սասանում է Վրաստանում Հայոց եկեղեցու դիրքերը, ինքը ուղղակիորեն մեր ազգային անվտանգությանն է հարվածում: Այո, ունենք դեսպանատուն, որը քաղաքական կառույց է և միջպետական հարաբերությունների հարց է լուծում, բայց կա եկեղեցի, ով իր համայնքի հետ աշխատում է: Ցավոք մի բան կա, որ մեր վրացահայության մոտ դեռ պակասում է`ակտիվությունը: Որքան փորձում ենք հնարավորություն տալ ինքնաարտահայտման, չի լինում:
Ինչո՞վ է պայմանավորված դա:
Երկու բան եմ ես տեսնում. ինչպես որ հույները ակրոպոլի անցյալի փառքով են ապրում և դժվարություններ ունեն ներկան կերտելու մեջ, նույնը մենք: Մանավանդ Թիֆլիսի հայությունը միշտ իր անցյալի փառքն է հիշում և չի կարողանում ձևավորել իր ներկան: Երկրորդ` պետությունը դպրոցներ է ֆինանսավորում, թատրոն, թերթ, բայց ազգը չի տանջվում կոպեկ-կոպեկ հավաքի և ինքն իր հարցը լուծի, ինչպես դա արվում է Բեյրութում, Սիրիայում, Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում ու ամենուր, և սա իրենց ծուլացնում է նաև: Դրա համար մեր հասարակական կառույցներն ասում են` եկեղեցին գործում է, բա մենք ի՞նչ անենք: Այնքան գործ կա. 7 եկեղեցի էլ լինի Թիֆլիսում, էլի 300 հազար հայության հոգևոր, ազգային, մշակութային կյանքը չի կարողանա լիարժեք անել: Փետրվարի 19-ին եթե հայ եկեղեցին չէր կազմակերպում Հովհ. Թումանյանի ծննդյան տոնակատարությունը, ո՞վ էր կազմակերպելու: Ոչ ոք: Նույն օրը Գուրգեն Մարգարյանի հիշատակաի հոգեհանգիստ կատարվեց Ջավախքի եկեղեցիներում: Ո՞վ հիշեց: Հայոց եկեղեցին: Սա խնդիր է, եթե կան մարդիկ, թող անեն: Մենք միայն կուրախանանք: Ջավախքում կան նման երիտասարդական կենտրոններ:
Վրաստանի կառավարությունը վերջերս որոշում կայացրել փոխհատուցել Վրաստանում առկա 4 եկեղեցիների, այդ թվում նաև Հայոց եկեղեցու կրած վնասները խորհրդային ժամանակներում: Ի՞նչ ընթացք է ստացել այս որոշումը:
Դա կառավարական որոշում է, գումարը հատկացվել է ոչ թե բյուջեից, այլ պահուստային գումարներից: Սա վրաց պետության բարի դրսևորումն էր, կասեի` եվրոպական տիպի դրսևորում: Թեև գիտեմ, որ ներսում էլ հասարակության շատ ներկայացուցիչներ կողմ չէին, բայց կարևորը Վրաց պատրիարքարանը ողջունեց դա:
Ինչպե՞ս հաշվարկվեց, թե հայ եկեղեցուն որքան վնաս է հասցվել խորհրդային տարիներին:
Կառավարական որոշման մեջ գրված էր, որ քանի որ հնարավոր չէ որևիցե որոշում կայացնել, դրա համար կոչվեց մասնակի փոխհատուցում: Դա չի նշանակում, որ մյուս եկեղեցիների վերադարձի հարցը դուրս է մնում: Ամեն ինչն իր տեղում պիտի գնա: Սա հավելյալ բարի կամքի դրսևորում էր, քանի որ ամեն տարի 20 մլն լարի կառավարությունը վրաց եկեղեցու սոցիալական, կրթական, հոգևոր ծախսերի համար է հատկացնում:
Վրացական կառավարությունը հայկական եկեղեցուն երբևէ գումար հատկացրե՞լ է:
Չէ, առաջին անգամ այս տարի որոշում կայացվեց 4 կրոնական կառույցներին գումար հատկացնել:
Որքա՞ն գումար է հատկացվելու այդ որոշման հիման վրա և ինչպե՞ս եք նախատեսել դա տնօրինել:
Դեռ վերջնական չի ասվել, թե որ հաստատությանը որքան պետք է տան. ընդհանուրը 4.5 մլն լարի է: Ունենք նախատեսումներ, բայց չենք ուզում առաջ ընկել, ուզում ենք, որ փոխանցումը լինի, հոգաբարձուների խորհուրդը հիմնական քաղաքական ուղղությունն ինքը կորոշի:
Ո՞ր փուլում է հայկական եկեղեցիների սեփականաշնորհման գործընթացը:
Ըստ կառավարության հետ մեր ունեցած բանավոր զրույցների` սրանք արդեն փուլերով պետք է ընթանան: Առաջին փուլը` 2012-ին մեր գրանցում էր որպես թեմ: Երկրորդ քայլը կառավարության այս որոշումն էր: Երրորդը ամենայն հավանականությամբ կլինի փաստացի գործող եկեղեցիներին թեմին վերադարձնելը, և դրանից հետո չորրորդ կամ հինգերորդը կետը կլինի սուրբ Նորաշենի և Սուրբ Նշան եկեղեցիների վերադարձման խնդիրը: Կառավարությունն, ի դեպ, նոյեմբերի 25-ին ստեղծեց հանձնաժողով, որը հիմա զբաղվում է Թիֆլիսի հայկական կիսափուլ և կիսականգուն եկեղեցիների շուրջ բնակվողների հարցով, որոնց ներկայությունը խանգարում է այդ տաճարների վերանորոգմանն ու պահպանությանը: Ցանկություն կա այդ անձանց փոխհատուցել և ազատել տարածքը, որպեսզի հնարավոր լինի այդ տաճարները փկել:
Ի՞նչ պետք լինեն արդեն խոնարհված եկեղեցիները, օրինակ` Թբիլիսիի Մուղնեցոց սուրբ Գևորգը և Սուրբ Նշանը:
Եթե ապագայում թեմը` մեր համայնքով և բարերարներով հնարավորություն ունեցավ վերականգնել, կանենք, եթե չէ, գոնե պիտի անպայման կոնսերվացվի, պահպանվի ավելի լավ ժամանակների համար:
Եվ ինչն է հետաքրքիր, որ մի քանի օր առաջ մի քանի վրացի մտավորականները վրացական հեռուստաընկերությամբ խոսում էին բացեիբաց, որ Նորաշեն եկեղեցին հայերինն է և պիտի վերադարձվի: Եվ խոսեցին նաև, որ հայկական եկեղեցիները Թիֆլիսում փլվեցին, որովհետև վրաց իշխանությունները չեն նորոգել և չեն վերադարձրել հայերին, որ նրանք նորոգեն: Այսինքն` հասարակության մեջ կա այդ դրսևորումը, մնաց վրաց իշխանությունների կամքը, որ վրացական պատրիարքարանի հետ համագործակցաբար այդ լուծումը տան:
Իսկ ինչպե՞ս է տրամադրված վրաց պատրիարքարանը:
Դժվարանում եմ պատասխանել, որովհետև միշտ էլ այդ դժվարությունը կա, որովհետև այնտեղ էլ միատարր չէ. լինում են և ծայրահեղական տրամադրվածությամբ մարդիկ, և մեր խնդիրները խորապես հասկացողները: Կարծում եմ` հարցերը պետք է լուծվեն Վրաստանի կառավարության և պատրիարքարանի ընդհանուր կոնսենսուսով: Չլինի այնպես, որ կառավարությունը մի բան որոշի, հետո խնդիր առաջանա, այնպես, ինչպես եկեղեցիների գրանցման ժամանակ եղավ:
Ո՞րն է հիմա վրացահայ համանքի կարևոր խնդիրը:
Մեր ամենամեծ խնդիրներից մեկը հոգևորականներով համայնքներն ապահովելն է, որպեսզի մարդիկ ապրեն այդ քրիստոնեական կյանքով: Երբ գնում ենք գյուղեր որևէ արարողություն անելու, գիտեն, որ երեխան պետք է գա կնքվի կամ եկավ ժամանակը, պիտի պսակվի: Բայց դրանից առաջ ու դրանից հետո տեղյակ չեն, թե որպես քրիստոնյա իրենք ինչպես են ապրելու: Որտեղ արդեն գործող քահանա ու եկեղեցի կա, մենք տեսնում ենք, որ այդտեղ փոխվում է վիճակը, մարդիկ այլ բան են մտածում, վաղվա օրվա նկատմամբ հավատ կա:
Եկեղեցին այսօր գուցե չի կարող գնալ Ջավախքի Աբուլ գյուղ և գյուղացուն ասել` թող ես քո փոխարեն կարտոֆիլը մշակեմ (պետք լինի, թող դա էլ անի) բայց կարող է ստեղծել դրական մթնոլորտը, որ ռանչպարը, որ այստեղ աշխատում է, գա եկեղեցում մի հատ շարական լսի, եկեղեցու տոնի հետ մի բան ապրի, մի հատ Տյառընդառաջի կողքը կանգնի, ինչ-որ մի բան ստանա: Ամեն մեկի մեջ կա իր հայկական զգացողությունը, որը մենք փորձելու ենք բավարարել կրոնական տեսակետից:
Ջավախքում կարծես թե աղանդների ակտիվացում կա: Արդյո՞ք այնքան են շատացել, որ մտահոգիչ են:
Աղանդները մտահոգիչ չեն, հավատացեք շատ չեն: Հոգևորականը կգնա, կգործի, ամեն ինչ կընկնի իր տեղը: Մեր ժողովուրդը հիմնականում իր ազգի, եկեղեցու կողքին է: Երկու մարդ սոցիալական հարցով եթե մի տեղ գնան, դա շատ չի: Սոցցանցերը և հրապարակումները ցույց տվեց, որ մեր ազգի զավակները խորը գնահատեցին այդ պահը և կանգնեցին մեր եկեղեցու կողքին: Եվ տվյալ մարդիկ չգտան իրենց աջակիցներ, սա շատ կարևոր ցուցանիշ է: Եվ Վրաստանի հայության կյանքում սա բացառիկ ցուցանիշ էր, որ հավաքվեցին և ասացին` ով կփորձի ձեռք բարձրացնել մեր եկեղեցու դեմ, ինքը չի կարող անպատիժ մնալ: Այսինքն` հավաքականությունն այլևս պատրաստ չէ ապրել այնպես, ինչպես կարող է ապրել են իրենցից առաջ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել