HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Ոստիկանները թողել են Կիևը, իշխանությունները փախչում են

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ուկրաինայի նախագահին սպասարկող ինքնաթիռը վայրէջք կատարեց Միացյալ Արաբական Էմիրություններում, իսկ երկրի ներքին գործերի նախարարը հատեց Ուկրաինա-Բելոռուսական սահմանը: Գերագույն Ռադայի նախագահը հրաժարական տվեց:

Բողոքի աննախադեպ մեծ ցույցեր են եղել անգամ ամենաարևելյան շրջաններում: Խարկովում, Դնեպրոպետրովսկում և այլ քաղաքներում մարդիկ տապալել են Վլադիմիր Լենինի արձանները:

Կիևում

Քաղաքի կենտրոնում վիճակը հանդարտ է: Համաձայն Գերագույն Ռադայի որոշման, Կիևում գտնվող այլ շրջանների ոստիկանները վերադառնում են իրենց տեղակայման/ծառայության վայրեր (շրջաններ): Դեռ ժամեր առաջ ոստիկանական ուժերով լի փողոցները դատարկվում են:

Իսկ ներքին զորքերի՝ Կիևի կայազորի հրամանատարը հայտարարեց, որ իր զորքերը սատարելու են Մայդանին: Քաղաքից դուրս է բերվել զրահատեխնիկան:

Հաշտության համաձայնագիրը` առ ոչին՞չ

Եվրոպական երկրների արտաքին գործերի նախարարները, Ուկրաինայի ընդդիմության առաջնորդները և նախագահը երեկ երեկոյան ստորագրեցին համաձայնագիր, համաձայն որի Ուկրաինան կվերադառնա հին Սահմանադրությանը, իսկ մինչև տարվա վերջ կլինեն նախագահական արտահերթ ընտրություններ:

Սակայն դա չբավարարեց Եվրամայդանի ակտիվիստներին, մասնավորապես, առավել ծայրահեղական «Աջ սեկտոր»-ին: Վերջիններս ուշ երեկոյան Յանուկովիչին վերջնագիր ներկայացրեցին՝ պահանջելով հեռանալ մինչև առավոտյան ժամը 10-ը:

Ակտիվիստների այս պահանջին տեղի տվեց հաշտության համաձայնագիրը ստորագրած Վիտալի Կլիչկոն, ով հայտարարեց, որ արտահերթ ընտրությունների վերջնաժամկետը մայիս ամիսն է:

Ու՞ր է Յանուկովիչը

Քանի դեռ հրաժարականներ են ներկայացնում Ռադայի նախագահն ու իր տեղակալը, երկրից փախչում է ՆԳ նախարարը, քաղաքական գործիչներն ու լրագրողները փորձում են պարզել Յանուկովիչի գտնվելու վայրը: Գերագույն Ռադայում նախագահի ներկայացուցիչը հայտարարեց, որ իրեն հայտնի չէ Յանուկովիչի գտնվելու վայրը:

Նախագահական ռեզիդենցիաները, ըստ էության, այլևս չեն պաշտպանվում անվտանգության աշխատակիցների կողմից: Երեկ հայտարարվել էր, որ Յանուկովիչը ինքնաթիռով թռչելու է Խարկով` հանդիպելու կուսակիցներին, սակայն իր ինքնաթիռը Խարկովում այդպես էլ վայրէջք չկատարեց:

Քաղաքացիական ինքնաթիռներին հետևելու առցանց ռադարային Flightradar24 համակարգի փոխանցմամբ Ուկրաինայի նախագահին սպասարկող #AOJ92C բորտ համարով ինքնաթիռը ժամեր առաջ վայրէջք է կատարել Ֆուջեյրա քաղաքի օդակայանում (ՄԱԷ): Սակայն հայտնի չէ, թե ո՞վ է եղել այդ ինքնաթիռում:

Գերագույն Ռադայում շրջանառության մեջ է դրվել Յանուկովիչին իմպիչմենտ ենթարկելու հարցը:

Լուս.՝ EPA/BGNES-ի: 

Մեկնաբանություններ (1)

Arsen
գարնիզոն = կայազոր Ֆուդջիեռա = Ֆուջեյրա Լրիվ մեքսիկական սերիալ եք սարքել հայերենը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter