HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուկրաինայի քաղաքական ճգնաժամի որոշ դրվագներ

Էդգար Վարդանյան

քաղաքական վերլուծաբան

Ուկրաինայում կատարվող իրադարձությունները մեծ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Այլ կերպ չեր կարող լինել՝ Ուկրաինան ինչպես եւ Հայստանը հետխորհրդային երկիր է իր բոլոր հետեւանքներով, երկու երկրների քաղաքական ռեժիմները, որոշ տարբերություններով հանդերձ, շատ նման են իրար, երկու երկրներում էլ կա խորը անվստահություն իշխանությունների հանդեպ, երկու պետությունների ղեկավարոթյունը վերջին պահին հրաժարվեց եվրաասոցացումից եւ այլն։ Այդ իսկ պատճառով, կարծում ենք, որ ուկրաինացիների պայքարի տարբեր տեսակի ուսումնասիրություների իրականացումը խիստ անհրաժեշտություն է։ Ստորեւ հակիրճ, ընդհանուր գծերով, կներկայացնենք փետրվարի 18-ին Ուկրաինայում իրավիճակի սրացումից հետո, կոնֆլիկտում ներգրավված  հիմնական ներքին եւ արտաքին խաղացողների ցուցաբերած  դիրքորոշումները եւ պահվածքը փետրվարի 18-ից - 20-ը ընկած ժամանակահատվածում եւ կկատարենք որոշ մեկնաբանություններ։

Մայդանը։  Ընդհանուր առմամբ ուկրաինական ընդդիմադիր հանրությունը չէր պատրաստվում նահանջել եւ չէր ազատում մայդանը՝ անհնազադություն ցուցաբերելով իշխանություններին եւ չենթարկվելով ուժայինների հրամաններին։ «Մայդանը», հիմնականում, շարունակում էր պահանջել փոխել Սահմանադրությունը, կրճատել նախագահի լիազորությունները եւ անցկացնել արտահերթ ընտրություններ։

Ընդդիմության «պաշտոնական», չափավոր թեւը, ի դեմս, հիմնականում, խորհրդարանական երեք ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հայտարարեց, որ պատրաստ է բանակցությունների եւ իշխանությունների առաջարկով գնաց Յանակովիչի հետ բանակցությունների։ Բանակցությունների «առաջին փուլը» ավարտվեց անարդյունք, ինչպես նշեցին ընդդիմադիրները՝  «նախագահի անընդունելի առաջարկի պատճառով, այն է՝ ազատել մայդանը, եւ հետո նոր անցնել այլ քայլերի քննարկմանը»։ Դրանից հետո նորից սրվում է իրավիճակը եւ թեժանում են բախումները հիմնականում ընդդիմության ռադիկալ թեւի եւ ուժայինների միջեւ։ Ռադիկալ ընդդիմադիրները գրավում են ադմինիստրատիվ շենքեր, շրջափակում փողոցներ ու մայրուղիներ եւ այլն։  Փետրվարի 19-ի ուշ երեկոյան, կայանում է բանակցությունների «երկրորդ ռաունդը», որի արդյունքում բանակցող ընդդիմադիրները հայտարարում են, որ ձեռք է բերվել զինադադարի համաձայնություն եւ կողմերը պայմանավորվել են խորացնել բանակցային գործընթացը։

Մայդանի ռադիկալ թեւը՝ «Правий Сектор»-ը հայտարարում է, որ չի ենթարկվում զինադադարի որոշմանը ինչին հետեւում են ուժայինների կողմից հրազենի կիրառումը, արդյունքում՝ բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Մայդանի «պաշտոնական», չափավոր թեւի առաջնորդները հայտարարում են, որ իրենք չեն վերահսկում ամբողջ մայդանը։ Ռադիկալ ընդդիմադիրները գրավում են նոր շենքեր, վերցնում են գերիներ ուժայիններից, ստիպում են որոշ պաշտոնյաների հրաժարական տալ, խոչընդոտում են ուժայինների տեղաշարժը։

Ընդհանուր առմամբ, ուկրաինական ընդդիմադիր հանրությունը չի նահանջում, չի ենթարկվում իշխանություններին։ Մայդանի «պաշտոնական» չափավոր թեւը նախաձեռնում է Գերագույն Ռադայի նիստ եւ հասնում նրան, որ չեղյալ է համարվում իշխանությունների «հակատեռորիստական միջոցառումը», ուժայիններին օրենքով պարտավորեցնում են ուժ չկիրառել ցուցարարների նկատմամբ եւ այլն։ Ընդդիմության վերոնշյալ թեւը նաեւ պատրաստակամություն է հայտնում շարունակել բանակցությունները Յանուկովիչի հետ։

Ուկրաինայի իշխանությունները։ Երկրի նախագահ Յանուկովիչը ընդդիմադիրների հետ անարդյունավետ բանակցություններից հետո, փետրվարի 19-ի իր ուղերձում նշում է, որ ընդդիմադիր առաջնորդները ռադիկալներին կոչ են արել զինված պայքար մղել, ցանկացել են իշխանությունը բռնի կերպով գրավել։ Սակայն նույն ուղերձում Յանուկովիչը, նշում է, որ իրեն շատերը խորհուրդ են տալիս ուժ կիրառել եւ այդպես լուծել բոլոր հարցերը, սակայն նա ուժի կողմնակից չէ եւ կոչ է անում ըննդիմությանը նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ կարգավորել կոնֆլիկտը։ Իշխանական ճամբարի որոշ ներկայացուցիչներ ԶԼՄ-երին հայտնում են, որ ուժայինները շատ շուտով մայդանը ցրելու են, սակայն իրենց խոսքերը  իրականություն չեն դառնում։

Իշխանությունները սկսում են «հակատեռորիստական միջոցառումներ»,  որոնց ժամանակ ուժայինները կիրառում են հրազեն, ինչը հանգեցնում է նոր զոհերի եւ վիրավորների առաջացմանը։ Շատ ուժայիններ անցնում են ըմբոստ ժողովրդի կողմը, իշխող Ռեգիոնների կուսակցության պատգամավորներից շատերը լքում են սեփական ֆրակցիան, այդ կուսակցությունից դուրս է գալիս Կիեւի քաղաքապետը եւ այլն։ Որոշ օլիգարխներ դատապարտում են բռնությունները եւ կոչ անում նստել բանակցային սեղանի շուրջ։  Արեւելյան եւ հարավային շրջանի շատ պաշտոնյաներ հայտարարում են, որ եթե Կիեւում «հակասահմանադրական ճանապարհով» ձեւավորվեն նոր իշխանություններ, ապա նրանք չեն ենթարկվի նրանց։ Ըննդիմությանը դիմակայելու համար երկրի արեւելյան շրջաններից դեպի Կիեւ են ուղեվորվում ակտիվիստների խմբեր։ Միեւնույն ժամանակ Յանուկովիչը բանակցում է ընդդիմադիրների եւ Եվրամիության ներկայացուցիչների հետ, որի արդյունքում Լեհաստանի վարչապետը  հայտնում է, որ Յանուկովիչը պատրաստակամություն է հայտնել նշանակել արտահերթ ընտրություններ։

Ռուսաստանը։ Պաշտոնական Մոսկվան նշում էր, որ Ուկրաինայում տեղի է ունենում իշխանությունը բռնի կերպով զավթելու փորձ։  Իսկ Կրեմլի քարոզչամեքենան հիմնականում  հասկացնել էր տալիս, որ՝

1/ Յանուկովիչը հապաղել է, թուլամորթ է, որ եթե նա այդպես շարունակի եւ կոշտ ուժային մեթոդների չդիմի եւ ընդդիմությանը ուժով չչեզոքացնի, ապա Ուկրաինայում կսկսվի քաղաքացիական պատերազմ, որին Ռուսաստանը ստիպված կլինի միջամտել՝ արեւելյան շրջանների ռուս բնակչությանը պաշտպանելու համար,

2/ եթե Յանուկովիչը ուժային գործողություններից ձեռնպահ մնա, ապա միեւնույն է կորցնելու է իշխանությունը քաղաքացիական պատերազմի արդյունքում, իսկ Ուկրաինան պառակտվելու է երկու մասի,

3/ Կրեմլը դեռ հույս ունի, որ իշխանությունները կկարողանան ուժային մեթոդներով կարգ ու կանոն հաստատել եւ իրենք ամեն կերպ պատրաստ են աջակցելու դրան,

4/ եթե Յանուկովիչը գնա բանակցությունների եւ չկոշտացնի իր քայլերը, ապա Կրեմլը չի աջակցի Յանուկովիչին,

5/ կտրականապես դեմ է հանդես գալիս, որ Յանուկովիչը բանակցի ընդդիմադիրների հետ, հայտարարելով, որ «տեռորիստների», «նացիստների» հետ չեն բանակցում,

6/ որ եթե ընդդիմությունը իշխանությունը վերցնի Կիեւում եւ արեւմտյան Ուկրաինայում, իսկ Ուկրաինայի հարավ-արեւելյան շրջանների ադմինիստրացիաները չենթարկվեն նոր իշխանություններին, ապա Մոսկվան կաջակցի հարավ-արեւելյան շրջաններին,

7/ որ ընդդիմությունը ֆաշիստներ են, որոնք ցանկանում են զինված կերպով իշխանության գալ եւ Ռուսաստանը չպետք է դա թույլ տա։

Արեւմուտքը։  Ի տարբերություն Ռուսաստանի, Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն, որոշ շեշտադրումների տարբերությամբ հայտարարում էին, որ բռնությունների պատասխանատուն իշխանություններն են եւ կոչ էին անում կողմերին զերծ մնալ բռնություններից եւ լուծել ճգնաժամը բանակցությունների սեղանի շուրջ։ Արեւմուտքը սպառնում էր կիրառել կետային սանկցիաներ բռնության համար պատասխանատու պաշտոնյաների նկատմամբ եւ հայտարարում էր, որ անընդունելի է սեփական իրավունքների համար պայքարող հանրության նկատմամբ ուժ կիրառել։  Արեւմուտքը պահանջում էր պատժել այն ուժայիններին, որոնք ուժ են կիրառում, հանել ներքին զորքերը փողոցներից, ձեւավորել ազգային համաձայնության կառավարություն եւ անցկացնել արտահերթ ընտրություններ։  ԱՄՆ-ը նաեւ հասկացնել տվեց, որ չի պաշտպանում Յանուկովիչի հրաժարականի պահանջը, այլ գտնում է, որ նա պետք է պատասխանատվություն վերցնի ճգնաժամից դուրս գալու գործողությունների համար, որոնք պետք է հանգեցնեն նրան, որ Ուկրաինան մնա որպես միասնական եւ սուվերեն պետություն։

Որոշ մեկնաբանություններ։ Փաստորեն, ընդդիմադիր հանրությունը չնայած իշխանությունների կողմից իրականցվող բռնի գործողությունների չի նահանջել, այլ հակառակը՝ ուժեղացրել է ճնշումը եւ արդեն  հասել էր լուրջ արդյունքների։

Ընդդիմության բազմաշերտությունը եւ ներքին տարակարծությունները, որոնք եղել են ի սկզբանե, այս անգամ դրսեւորվել է նրանում, որ ընդդիմադիր երեք առաջնորդների կողմից ձեռք բերված համաձայնությունը չի հարգվել Մայդանի ռադիկալ թեւի կողմից։ Ընդդիմության ռադիկալ թեւը, ի հակառակ պաշտոնական ընդդիմության կողմից հռչակված ոչ բռնի սկբունքի, պայքարում էր նաեւ բռնի մեթոդների միջոցով։

Ըստ էության, կարելի է նշել, որ հենվելով հենց վերոնշյալ հանգամանքի վրա ուկրաինական իշխանություններն իրենց իրավունք վերապահեցին հրազեն կիրառել եւ ընդհանրապես, անցնել ավելի կոշտ միջոցների, ինչի արդյունքում եղան ավելի մեծ զոհեր եւ վիրավորներ։ Հղում անելով ռադիկալ թեւի գործողությունների վրա ուկրաինական իշխանությունները եւ ավելի շատ Ռուսաստանը իր քարոզչությունում եւ դիվանագիտությունում հայտարարում էր, որ «Մայդանը» դա զինված, ֆաշիստ  էքստրեմիստներ են, որոնք ցանկանում են հեղաշրջում անել եւ որոնց նկատմամբ իշխանությունները իրավունք ունեն ուժ կիրառել։  Ռուսաստանի կողմից լիովին անտեսվում է, որ իրականում մայդանը տասնյակ եւ երբեմն հարյուր հազարավոր տարբեր գաղափարախոսությունների տեր մարդկանց է հավաքել, որոնք պայքարել են բացառապես խաղաղ մեթոդներով։ Բացի այդ, ըստ տարբեր հարցումների հանրության մեծամասնությունը վստահում է եւ ընտրությունների ժամանակ կընտրի ոչ թե «Правий Сектор»-ի ծայրահեղականներին, որոնցից շատերը, իրոք հակասեմիթական եւ հակադեմոկրատական տրամադրություններ ունեն, այլ ընդդիմության պաշտոնական, չափարավոր թեւի ներկայացուցիչներին։ Պետք է նշել նաեւ, որ «Правий Сектор»-ը չի ընդունվում Արեւմուտքի կողմից, այն ներկայացված չի եղել տարբեր բանակցություններում, ինչից մշտապես դժգոհել են դրա առաջնորդները։ Այնուամենայնիվ, ինչպես երեւում է, ռադիկալները լավ կազմակերպված են եւ կարող են գլխացավանք դառնալ, եթե հիմնական ընդդիմության գործողություններում հաշվի առնված չլինեն նրանց շահերը։

Հատուկ ուշադրության է արժանի այն հագմանքը, որ Կրեմլի ցանկությունը, որ իշխանությունները ցրեն մայդանը եւ «փալասի» նման չգնան բանակցությունների, չի իրականացվել եւ Մոսկվան ստիպված է եղել փոխել իր վարքը եւ որպես բանակցությունների միջնորդ ուղարկել սեփական ներկայացուցչին եւ դա այն դեպքում, երբ ընդամնեը մեկ օր առաջ Կրեմլի քարոզչամեքենան ասում էր, որ տեռորիստների հետ (իսկ տեռորիստներ  էին անվանվում ընդհանրապես մայդանի ակտիվիստները) չի կարելի բանակցել,  որ նրանց պետք է վերացնել։

Դեռեւս սահմանափակվենք այսքանով, մեկ ուրիշ անգամ կփորձենք անդրադառնալ ուկրաինական քաղաքական ճգնաժամի այլ ասպեկտներին։

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter