Ալավերդու քաղաքապետարանը դեռեւս սպասում է տարվա հինգերորդ եղանակին
Էմմա Պետրոսյան
Ալավերդու Թումանյան փողոցն ու Հայպետշին թաղամասը կապող գծանցով մարդկանց հոսքը դադարեցնելու խնդիրը քաղաքային իշխանություններն ու երկաթգիծը շահագործող «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի ղեկավարությունը քննարկում են շուրջ 20 տարի: Քննարկումները, սակայն, այդպես էլ գործնական բնույթ չեն կրել: Տարիների ընթացքում այս հատվածում մի քանի անգամ մարդկային զոհեր են եղել: Այս հանգամանքը նույնպես չի ստիպել քաղաքի ղեկավարներին՝ գծանցը փակելու որոշում կայացնել: 2012թ. հուլիսի 2-ին երկաթգիծը հատելիս գնացքի տակ ընկավ Մեծ Այրում գյուղի բնակիչ 49-ամյա Նելլի Աբրահամովան: Հերթական դեպքը, կարծես, սթափեցրեց Ալավերդու քաղաքապետարանին ու «Հարավկովկասյան երկաթուղիներ» (ՀԿԵ) ընկերությանը:
Գծանցի երկայնքով պատը կառուցվեց մեծ դժվարությամբ. սկզբում գծանցին կից հատվածում առեւտուր իրականացնող ալավերդցիներն սպառնացին քանդել այն: Նրանցից երկուսը որպես բողոքի նշան նստեցին երկաթգծի կենտրոնում՝ սպառնալով չտեղաշարժվել անգամ գնացքի ժամանելու դեպքում: Իրավիճակը հարթելու համար 2012թ. սեպտեմբերի 13-ին Ալավերդի եկավ ՀԿԵ ՓԲԸ տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովը: Վերջինս չբավարարեց առեւտրականների՝ պատի կառուցումը դադարեցնելու պահանջը: Միայն խոստացավ, որ պատի կառուցումն ավարտելուց հետո այն էսթետիկական տեսքի կբերվի:
«Ամեն տարի այստեղ մարդիկ են գնացքի տակ ընկնում: Վերջին ողբերգական դեպքը, որ պատահեց, մեզ դրդեց, որ անհրաժեշտ բոլոր միջոցները կիրառենք, որպեսզի կանխենք այսպիսի պատահարները: Ահա հենց դրանով էլ մենք զբաղվում ենք այժմ, այսինքն մենք սահմանափակում ենք մարդկանց անցուդարձը նրանց կյանքի համար վտանգավոր այս հատվածով: Մոտ ժամանակներս կավարտենք անհրաժեշտ բոլոր աշխատանքները, կարգի կբերենք նաեւ պատնեշի արտաքին էսթետիկական տեսքը»,- հայտնեց Մարատ Խակովը:
Խորհրդանշական պատը 2012թ. սեպտեմբերին մերկ ու անշուք կանգնեց քաղաքի կենտրոնական հատվածում: Պատն իր նպատակին, անշուշտ, ծառայեց. մարդկանց հոսքը գծանցով լիովին չդադարեց, բայց զգալիորեն նվազեց: Պատն էսթետիկական տեսքի բերելու հարցում արդեն քաղաքապետարանը շտապողականություն չցուցաբերեց: Սկզբնական շրջանում խոսվում էր պատը որպես գովազդային տարածք ծառայեցնելու մասին, սակայն խոսքն այդպես էլ գործի չվերածվեց:
Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը միայն 2013թ. մարտին անդրադարձավ այս հարցին: «Միգուցե մի որեւէ միջոցառում կազմակերպենք մրցութային, էդ մրցույթի արդյունքներով որոշվի նաեւ թեմատիկան եւ արդեն համապատասխան շնորհալի երիտասարդներ իրենց գործն անեն, մենք էլ մեր վերաբերմունքը ցուցաբերենք, ամեն դեպքում ես կողմնակից եմ: Քանի որ հարցն արդեն հասարակական հնչեղություն է ձեռք բերել, ոչ թե միանձնյա որոշում կայացնենք, այլ կոլեկտիվ քննարկումների արդյունքում ընտրենք մի ավելի ընդունելի տարբերակ բոլորիս համար, որ աչքին հաճելի տեսարան ունենանք: Որտե՞ղ եք տեսել ձմռան ամիսներին եղանակը ցուրտ՝ կամ անձրեւ կամ ձյուն դրսի աշխատանք անել, հատկապես որը կապված է ներկման աշխատանքների հետ: Մի քիչ էլ նաեւ եղանակային պայմաններ պիտի լինի, մի քիչ գաղափարները պիտի ավելի հասունացած լինեն: Ես էլի եմ գտնում, ամենահեշտ ու մատչելի տարբերակը, որը շատ հեշտ կարելի էր անել՝ գովազդային տարածք բաշխելն էր ըտեղ: Բայց դա, կարծում եմ, էլի վերջ չէր դնելու էս քննարկումներին՝ արդյոք ամենալա՞վ տարբերակն էր ընտրվել»,- հայտնեց քաղաքապետը:
Պատն էսթետիկական տեսքի բերելու նպատակով մրցույթ հայտարարվեց: 2013թ. ապրիլի 30-ին ընտրվեցին Ալավերդի քաղաքի բնակիչ՝ նկարիչ եւ քանդակագործ Դավիթ Ղահրամանյանի ներկայացրած էսքիզները: Սակայն, այդ ժամանակ էլ պարզվեց, որ քաղաքապետարանը ֆինանսական միջոցներ չուներ գաղափարն իրականություն դարձնելու համար: 2013թ. հուլիսին Ալավերդու քաղաքապետը պատճառաբանեց, որ քաղաքապետարանը ֆինանսական դժվարություններ ունի: «Էս պահին մի քիչ դժվարություններ կան ֆինանսական էն առումով, որ նվազագույն աշխատավարձի փոփոխության հետ կապված տարբերությունները պետությունը կոնպենսացնում է համայնքներին, բայց այլ ֆինանսական հարցեր, որը անհրաժեշտ է լուծել էդ համամասնությունները պահելու համար, վարձատրության նորմաների չափեր վերանայելու համար եւ այլն, մի քիչ խնդրահարույց հարցեր կան: Ամեն դեպքում անելու ենք, ինչ էլ լինի»,- պատճառաբանեց Արտավազդ Վարոսյանը:
Այս խոստմանը հաջորդեցին աշունն ու ձմեռը: Եղանակային վատ պայմանները թույլ չտվեցին իրականացնելու խոստացած աշխատանքները: Հիմա էլ սայլը տեղից շարժելու մտադրություն, կարծես թե, չկա: Պատն իր անշուք տեսքով շարունակում է պատնեշել քաղաքի կենտրոնական փողոցն ու հարակից Հայպետշին թաղամասը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել