HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կապանցիները «լվացքի ջու՞ր» են խմում

Արդեն մի քանի տարի է՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի խանութներում տեղումների օրերին ամենաշատ սպառվող ապրանքը շշալցված ջուրն է: Քաղաքում ջրի մաքրությունը ուղիղ համեմատական է տեղումների հետ: Եթե անձրեւներ են լինում, ծորակից ուղղակի ցեխաջուր է հոսում, եւ ֆինանսապես շատ թե քիչ կայուն քաղաքացիները շտապում են խանութ:

Կապանում ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունները մատուցում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությունը: Քաղաքի ջրի վատ որակը միայն տեղումների հետեւանք չէ: Արդեն մի քանի տարի է՝ չի գործում ջրի մաքրման կայանը, ինչն ամենեւին էլ չի հուզում ջրամատակարար ընկերությանը: Ավելին, «Հայջրմուղկոյուղու» գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը Կապանում ծորակից բաժակի մեջ ցեխաջուր լցնելուց հետո էլ հայտարարում է, թե ջրի պղտոր լինելն ամենեւին էլ չի նշանակում, որ այն աղտոտ է:

Հիգիենիկ եւ հակահամաճարակային պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Լենա Մալինցյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ջրի որակի խնդիրները սրվում են հատկապես ձնհալի եւ անձրեւների ժամանակ, եւ այս պահին որակական լուրջ շեղումներ չկան: «Չէի ասի, որ 100 տոկոսանոց մաքուր ջուր ունենք, դա այդպես չի: Մաքրման կայաններում խնդիրներ կան եւ անընդհատ ստուգումներ ենք անում, անհրաժեշտության դեպքում՝ նույնիսկ շաբաթ-կիրակի օրերին, որ վարակի բռնկում չլինի: Մեր հիմնական հույսը վարակազերծումն է, որ անպայման քլորով վարակազերծվի ջուրը»,- ասում է Լենա Մալինցյանը:

Մինչեւ Կապանի մատույցները, խմելաջուրը գալիս է գետային հունով, որից հետո այն հոսում է խողովակներով: Գետային հատվածներից մեկում տեղակայված է զինվորական հենակետ, եւ, կապանցիների ասելով, հենց այդ ջրում են լողանում, լվացվում, իրենց հագուստները լվանում զինվորները: Քանի որ  մաքրման կայանները չեն գործում, հենց այդ ջուրն էլ խմում է սպառողը:

Մոտ 2 տարի առաջ էլ Գեղիի ջրային ավազանի գլխամասում հասարակական զուգարան է գործել, եւ այդ կեղտաջուրը, խառնվելով խմելաջրին, նույնպես հասել է սպառողներին:

Լենա Մալինցյանն ասում է, որ տեղյակ չէ, թե զինվորները որտեղ են լողանում կամ լվացվում, քանի որ իրենք նման խնդիր չեն արձանագրել, բողոքներ էլ չեն եղել: «Ինչ վերաբերում է Գեղիի գլխամասի հասարակական զուգարանին, ապա այն ամբողջությամբ վերացված է, եւ այս պահին սպառնալիք չկա»,- նշեց մարզի գլխավոր համաճարակաբանը:

Կապանում եւ հարակից գյուղերում միայն զուտ պատահականություն է, որ համաճարակային բռնկումներ չեն նկատվում: «Հայջրմուղկոյուղու» անտարբերության հետեւանքով քաղաքի կոյուղին հոսում է հենց քաղաքի միջով:

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն կենցաղային կեղտաջրերը համապատասխան խողովակաշարով հեռացնելու, այն մաքրման կայան հասցնելու ու մաքրելու փոխարեն դրանք կենտրոնական համակարգից անմիջապես լցնում է Կապան քաղաքի Ողջի գետը, որը հոսում է քաղաքի ամբողջ երկայնքով եւ բնապահպանական լուրջ հիմնախնդիր է առաջացնում: Հատկապես ամառվա այս օրերին Ողջին պարզապես «բուրում» է կոյուղաջրերի հոտից: Իսկ այդ գետում Կապանի բնակչությունը ձկնորսություն է անում: Թունավորված ջրով ոռոգվում են Կապան քաղաքի վարչական տարածքում գտնվող ափամերձ հողամասերը, Սյունիք գյուղի այգիներն ու բանջարանոցները, իսկ նշված հողամասերից ստացված բերքն օգտագործում է ազգաբնակչությունը:

Ջրի խնդիրն այնքան սուր է քաղաքում, որ 21 քաղաքացիներ «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի աջակցությամբ 2010 թ. հոկտեմբերի 20-ին հայցադիմում էին ներկայացրել դատարան` ընդդեմ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի, պայմանագային պարտավորությունները պատշաճ կերպով կատարելուն եւ մարդկանց առողջությանն ու բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրին սպառնացող վտանգը վերացնելուն պարտավորեցնելու պահանջների մասին:

Ջրամատակարար ընկերությունը ծառայությունների մատուցման վերաբերյալ բնակչության հետ կնքում է խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման մասին պայմանագիր, ըստ որի՝ ջրամատակարարն իր ջրամատակարարման համակարգին միացված ցանցի միջոցով բաժանորդին մատակարարում է պետական ստանդարտների պահանջներին համապատասխան խմելու ջուր եւ իր ջրահեռացման համակարգով հեռացնում ու մաքրում է կենցաղային կեղտաջուրը:

Քաղաքացիները պնդում են, որ ընկերությունը չի կատարում պայմանագրային պարտավորությունները, որի հետեւանքով պատճառել է նյութական վնաս եւ առաջացնում է ծանր բնապահպանական խնդիրներ:

Նշված ՀԿ-ն բազմիցս դիմել է «Հայջրմուղկոյուղի» ընկերությանը, Սյունիքի մարզի տարածքային բնապահպանական տեսչությանը եւ բնապահպանության նախարարությանը, որոնք իրենց պատասխաններով ընդունել են, որ Կապան քաղաքում չի գործում կոյուղաջրերի հեռացման եւ մաքրման համակարգը:

Կապան քաղաքի թաղամասերից կոմունալ-կենցաղային կեղտաջրերը հեռացվում են մոտ 120 կմ երկարությամբ, 150-800 մմ տրամագծի ջրահեռացման համակարգի միջոցով, որը միացված է Ողջի գետի երկայնքով ձգվող մոտ 40 տարվա վաղեմություն ունեցող 400-800 մմ տրամագծի գլխավոր կոլեկտորին: Այն տեխնիկապես քայքայված է եւ գտնվում է վթարային վիճակում: Ներկայումս գլխավոր կոլեկտորով հեռացված կեղտաջրերը առանց մաքրման լցվում են գետը` մի մասը քաղաքի տարածքից դուրս, իսկ մնացածը` անմիջապես քաղաքի կենտրոնական մասում:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2011 թ. մարտի 24-ին բավարարել է քաղաքացիների հայցը եւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին պարտավորեցրել կատարելու բաժանորդների հետ կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, այն է` ապահովել կենցաղային կեղտաջրերի հեռացումն ու մաքրումը: Ընկերությանը պարտավորեցրել է նաեւ վերացնել մարդկանց առողջությանն ու բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրին սպառնացող վտանգը: «Հայջրմուղկոյուղին» վճիռը բողոքարկել է վերաքննիչ դատարան:

Ընկերության լրատվական բաժնից «Հետքին» տեղեկացրին, որ մաքրման կայանների հարցը սուր է ամբողջ հանրապետության տարածքում: Հայաստանն ամբողջությամբ մաքրման կայաններով ապահովելու համար անհրաժեշտ է 1 մլրդ դրամից ավելի գումար, ինչն այս պահին ընկերությունը չունի: «Ընկերությունն ամեն ինչ անում է սպառողին որակյալ ջուր հասցնելու համար: Այդ առումով մի շարք ներդրումներ են արվել, առաջիկայում էլ դրանք կշարունակվեն: Հաշվի առնելով, որ Կապանում ջրահեռացում չի արվում, այնտեղից սպասարկման գումար չի գանձվում»,- ասում են «Հայջրմուղկոյուղու» լրատվական բաժնից:

«Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի նախագահ Ռաֆայել Ասրյանը, հակադարձելով «Հայջրմուղկոյուղի» ընկերությանը, ասում է, որ ջրահեռացման եւ մաքրման նպատակով 1 խմ-ի համար 24 դրամ գումար են գանձում բնակիչներից, եթե այդ գումարը թողնեին Կապանի ջրմուղին, հարցը վաղուց կլուծվեր:

Ռաֆայել Ասրյանը 2002-2005 թթ. եղել է ընկերության Կապանի մասնաճյուղի տնօրենը եւ լավ է հասկանում, որ ընկերության ֆրանսիացի ղեկավարները պարզապես չեն ցանկանում խնդիրը լուծել: «Իմ տնօրեն եղած ժամանակ ամիսը 2 մլն դրամ գումար էին թողնում տեղամասին՝ վթարները վերացնելու, ծախսերը հոգալու համար: Այդ 2 մլն դրամը լրիվ հերիք էր, որ Կապանում խնդիրներ չլինեին: Հիմա այդ գումարը մասնաճյուղին չեն թողնում: Տալիս են միայն աշխատավարձ ու վերջ»,- նշում է Ռ. Ասրյանը:

ՀԿ-ն բազմաթիվ գրություններ է ուղարկել պատկան մարմիններին՝ տեղեկացնելով ստեղծված իրավիճակի մասին: Բնապահպանության նախարարությունից  պատասխանել են, թե տեղյակ են, որ կեղտաջրերը թափվում են Ողջի գետը, բայց քանի որ մաքրման կայաններն այսօր չեն գործում, ոչինչ չեն կարող անել: «Բայց մաքրման կայանն ի՞նչ կապ ունի: Մաքրման կայանը գտնվում է Կապանից շատ հեռու, թող մինչեւ մաքրման կայանը խողովակներով այդ կեղտաջրերը տանեն, ինչի՞ են գետը լցնում»,- ասում է Ռաֆայել Ասրյանը:

ՀԿ-ն պատրաստվում է առաջիկայում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի դեմ դատական գործ սկսել նաեւ խմելաջրի որակի ապահովման պահանջով:

Ռաֆայել Ասրյանի խոսքերով՝ խմելու ջրի մաքրման կայանը 2005 թ.-ից հետո լիարժեք չի գործում, մինչ այդ 2 ժամը մեկ կայանում ջրերը մաքրվել են: 2005 թ. 19 մարդ է աշխատել, իսկ ֆրանսիացիների գալուց հետո կադրային ջարդ է սկսվել, եւ աշխատողների թիվը կիսով չափ նվազել է: Կապանում ջուրը սպառողին հասնում է ինքնահոս եղանակով, էլեկտրաէներգիա չի ծախսվում, ուստի տեղացիների համար անհասկանալի է, թե ինչի վրա են ծախսվում ջրի վարձավճարները, եթե տարիներ շարունակ արդյունք չեն տեսնում:

Ֆրանսիացիներն արդեն դիմել են ՀՀ Կառավարությանը՝ ջրի սպասարկման ժամկետը երկարացնելու խնդրանքով: Ռաֆայել Ասրյանն իր հերթին Կառավարությանը նամակ է ուղարկել՝ խնդրելով չերկարացնել պայմանագրի ժամկետը, քանի որ ընկերությունը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները: «Պատրիկ Լորենին այնքան չեմ մեղադրում, ինչքան տեղական իշխանություններին: Իրենք պետք է շահագրգռված լինեն, բայց ոչ մի արձագանք չեն տալիս, որ Լորենն ասում է՝ ջուրը պղտոր է, բայց կեղտոտ չէ: Սա նորմա՞լ է, որ քաղաքապետը չի արձագանքում: Մենք ուզում ենք եւ Կառավարությանն առաջարկել ենք, որ ջուրը «Հայջրմուղկոյուղուց» վերցնեն ու տան համայնքին: Բնակիչներից գանձված գումարները որ մնան համայնքում, Կապանում խնդիր չի լինի»,- վստահ է Ռ. Ասրյանը:

Կապանի քաղաքապետարանի ծրագրերի արտաքին կապերի բաժնի պետ Ավետիք Համբարձումյանն էլ ասում է, որ ջրի խնդիրը համայնքի բնակիչների եւ համայնքի համար կարեւոր նշանակություն ունի: «Տարիներ առաջ պարտադրված ձեւով ենք ջուրը հանձնել «Հայջրմուղկոյուղուն:» Պայմանագրի մեջ հստակ գրված է, որ բարեկարգման, բարելավման ծրագրեր պետք է կատարվեն, ներդրումներ արվեն՝ ջրային ցանցի վերանորոգման եւ այլ խնդիրներ լուծելու համար: Քաղաքային ամբողջ ներքին ցանցը մոտ 50 տարվա է, եւ ոչ մի անգամ կապիտալ ներդրումներ չեն արվել, բայց ջրագծերը մասնակի փոխվել են: Ներկա դրությամբ ջրագծերի փոխման աշխատանքները համայնքապետարանի եւ բնակիչների սրտով չեն, չափազանց դանդաղ են ընթանում: Հանդիպումների ժամանակ Պատրիկ Լորենը խոստումներ է տալիս, որ ծրագրեր կիրականացվեն, եւ վիճակը կբարելավվի»,- ասում է բաժնի պետը:

Նրա ասելով՝  ջրի որակի նկատմամբ վերահսկողություն կա, բայց բնակիչը, ծորակը բացելով եւ պղտոր ջուրը տեսնելով, չի կարող այդ ջուրը խմել, ինչքան էլ Պատրիկ Լորենն ասի, որ պղտոր ջուրը դեռ աղտոտ չէ: «Թող ինքն իրեն բնակչի տեղը դնի, այդ ջուրը կխմի՞: Այստեղ հոգեբանական գործոնն էլ կա, որ մարդը չի կարող պղտոր ջուր խմել»,- ավելացնում է Ավետիք Համբարձումյանը:

Հարցին՝ «եթե դժգոհ եք, ինչու՞ Կապանի քաղաքապետարանն էլ չի միացել «Հայջրմուղկոյուղու» դեմ ներկայացված հայցադիմումին», Ա. Համբարձումյանը նշեց, թե չեն միացել, որովհետեւ պայմանավորվածություն կա, որ վիճակը կշտկվի: «Դատի տալուց առաջ պիտի արդյունքների մասին էլ մտածենք, թե դա ինչ է տալու: Անկախ նրանից՝ դատի կտանք, թե ոչ, միեւնույն է՝ Պատրիկ Լորենն այս պահին այդքան գումար չունի»,- ավելացրեց քաղաքապետարանի ներկայացուցիչը:                 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter