Բաց նամակ-ահազանգ` Գևորգ Կոստանյանին
«Կոշ» ՔԿՀ երկու դատապարտյալներ Ռուբեն Ամատունին և Հարություն Նենեջյանը դիմում են ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին` իրենց բարձրաձայնած ահազանգի հիման վրա ուսումնասիրել պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովների աշխատանքը՝ նշելով, որ ՔՕ որոշ հոդվածներով օրինաչափ է դարձել առհասարակ պայմանական ազատման չներկայացնելը: «Հետքին» ուղարկված նամակը` ստորև.
«Այս ահազանգը ինքնանպատակ չէ, այն վերաբերում է բոլոր դատապարտյալներին, առաջնահերթ նրանց շահերին, ովքեր ուղղվել են, բնութագրվում են դրական կամ փոխվում են դեպի դրականը: Մենք բազմիցս մամուլի միջոցով հայտարարել ենք, ահազանգել մեր իրավունքների ու ազատությունների ոտնահարման, ՔՕ 48, 76, 77 և քրեակատարողական օրենսգրքի 114, 115 հոդվածների խախտման մասին, արդարադատության նախարարի 30.05.2008 և 44 հրամանի անտեսման մասին: Համաձայն Քր. դատ. օրենսգրքի 175-րդ, 179-րդ հոդվածների, մամուլում հրապարակված նյութերը պետք է դառնային հաղորդումներ հանցագործության մասին, կատարվեր քննություն, բացահայտվեր օբյեկտիվ ճշմարտությունը, վերականգնվեին մեր խախտված իրավունքները: Սակայն մինչ օրս որևէ արձագանք դատախազությունից չկա մեր հայտնածների վերաբերյալ, և նույն անօրինականությունների տարափը շարունակվում է: Մենք նկատել ենք, որ մի շարք հոդվածներով՝ 104, 112, 113, 175, 176, 178, 179, 258, 215, 233, 266, 268... դատապարտվածների նկատմամբ կատեգորիկ կրպով չի կիրառվում պայմանական վաղաժամկետ ազատումը, անգամ եթե նա ամենադրական բնութագրվող դատապարտյալն է: Ինչո՞ւ է այդպես, ո՞ւմ է դա ձեռնտու...
Այս հոդվածներով դատվածները դատապարտյալների 80 տոկոսն են: Սա բարոյահոգեբանական խոշտանգում է: Այս ամենի հետևանքով քանդվում են շատ ընտանիքներ, հարազատները չեն կարողանում ընկալել, որ դատապարտյալի մեղքով չէ, որ չի ազատվում, որ մերժվում է հանձնաժողովի կողմից: Ամեն երեք ամիսը մեկ անգամ դաժան հոգեկան ճնշում է լինում: Սա մի փակ շղթա է, որում մարդ կարող է ձեռք բերել հոգեկան շեղումներ, կորցնել հավատը արդարադատության ու պետության նկատմամբ:
Ձեզ դիմող երկու դատապարտյալներս կրկին ահազանգում ենք, խնդրում հրահանգել կատարել քննություն դատապարտյալներին պայմանական վաղակետ ազատման համակարգում: Մեր հրապարակումները կարող եք գտնել «Հետք», «168 ժամ», «Հայկական ժամանակ», «Ժամանակ» թերթերում ու կայքերում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել