HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացուն միջնորդ է պետք և ոչ թե փաստաբան

Դատական համակարգը քանի գնում, ավելի է գլորվում դեպի կոռուպցիան, դեպի ծանոթ-բարեկամ հարաբերություններ: Բոլորս ենք մեղավոր՝ և շարքային քաղաքացին, և դատավորը, և փաստաբանը(նախաքննության մարմնի մասին չեմ խոսում. որտեղ հարյուր տոկոս տեսողություն ունեցողին կարող են կույր համարել, մինչև իսկ եթե առկա է բժշկի կողմից տրված համապատասխան փաստաթուղթ):

Իրավունքները ոտնահարված քաղաքացին գալիս է փաստաբանի մոտ և խնդրում պաշտպանել (վերականգնել) այն: Եթե նա փող չունի կամ ունի այնքան, որ կարող է միայն փաստաբանական ծառայության համար վճարել,  հույսը դնում է փաստաբանի բարեխիղճ աշխատանքի և օրենքի վրա, իսկ  եթե փող ունի, փաստաբանին առաջարկում է, որ վերցնի գումարը և հասցնի դատավորին, որովհետև չի հավատում արդարադատությանը և, ցավոք, երբեմն նաև փաստաբանի կարողություններին՝ առաջնորդվելով այն համոզմամբ, որ փողը մութ տեղն էլ լույս կտա:  Իրեն հարգող փաստաբանը, որը չի ուզում դառնալ միջնորդ, հավատ չի ներշնչում քաղաքացուն, և վերջինս գերադասում է աշխատել այն փաստաբանի , հաճախ նաև ոչ փաստաբանի հետ, ով կարող է փողը հասցնել վերևները և, բնականաբար, ստանալ այն դատական ակտը, որն իրեն ձեռնտու է:  Հետևաբար, դատավորի կայացրած կողմնակալ, արտառոց դատական ակտերի պատճառով քավության նոխազ են դառնում փաստաբանները: Քաղաքացին մտածում է՝ փաստաբանն է մեղավոր. կամ ճիշտ չի աշխատել, կամ հակառակ կողմի հետ է համագործակցել  (ցավոք , լինում են նաև վայ-փաստաբաններ, որոնցից ցանկալի է ձերբազատվել):   Փաստաբանը որքան էլ ջանա բացատրել քաղաքացուն, որ փոխադարձ համաձայնությամբ պայմանագիր է կնքվել, և կայացված դատական ակտի համար ինքը պատասխանատու չէ, միևնույնն է,  քաղաքացին, հատկապես ցածր իրավագիտակցություն և կրթական ցածր մակարդակ ունեցողը, ոչինչ չի ուզում հասկանալ , և դատավորի կայացրած անարդար դատական ակտի սուր ծայրն ուղղվում է փաստաբանին:  Ես միշտ հնարավորինս շրջանցել եմ անուններ հրապարակել այս կամ այն դատավորի, դատախազի կամ անարդար աշխատաոճ որդեգրած որևէ  պաշտոնյայի: Աշխատել եմ խոսել միայն երևույթի, առկա թերությունների մասին, թեև ըստ էության,պետք է խոսել անուններով, որպեսզի համակարգում  ինչ -որ բան շտկվի:

Վերջերս Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մի քանի քաղաքացիական գործով մասնակցում էի որպես փաստաբան: Քաղաքացիները, որոնք դիմել էին ինձ, 2010 թ. վճիռներ ունեին՝ մեկը մյուսից անտրամաբանական, օրենքի  և  արդարադատության շրջանակներից դուրս: Վճիռներից մեկում (դատավոր՝ Լիլիթ Կատվալյան)  Հ. Գ.-ն ճանաչվել էր հայրական տան հողատարածքի  նկատմամբ  ժառանգությունն ընդունած ժառանգ: Մինչդեռ  ժառանգական զանգվածը բաղկացած էր ոչ միայն հողատարածքից, այլ նաև տնից…և այլն: 2012թ.ինձ  են դիմել Հ.Գ.-ն և նրա կինը՝  խնդրելով, որ վերոհիշյալ տան 1/3 բաժնեմասի  նկատմամբ ևս իրենց  ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչեն: Վերաքննիչ բողոք էր ներկայացվել նախկին փաստաբանի կողմից, բողոքը բավարարվել էր: Գործը շարունակվեց իմ կողմից, և դատավոր  Հրաչյա Հովհաննիսյանը  բավարարեց  մեր ներկայացրած հայցապահանջը, բայց իրեն իրավունք վերապահեց օրենքի մեջ   «հանճարեղ» փոփոխություն մտցնել, այն է՝ անդրադարձավ 2010թ. օրինական ուժի մեջ մտած վճռին, որտեղ  ամբողջ հողատարածքի  նկատմամբ  ժառանգությունն ընդունած ժառանգ  ի սկզբանե  ճանաչվել էր միայն Հ.Գ.-ն, այնուհետ այդ նույն հողատարածքի 1/3 բաժնեմասի նկատմամբ  ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչվեց նաև մյուս կողմը: Մեր կողմից դիմում ներկայացվեց դատարան՝ Հ. Հովհաննիսյանին, որ հիշյալ գործով կայացրած վճիռը պարզաբանման անհրաժեշտություն ունի, քանի որ 2010 թ. օրինական ուժի մեջ մտած վճռով  Հ.Գ.-ն  այդ հողատարածքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ է ճանաչվել:  Սակայն այն մերժվեց: Բողոք ներկայացվեց ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան: Վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր ՝ Լյովա Գրիգորյան, դատավորներ՝ Գ. Մատինյան,Ա. Թումանյան)     փայլատակեց  «իր մտքի ճկունությամբ ու գրագիտությամբ»:  Մեջբերում եմ.«Դատարանի …2010թ. վճռով Հ.Գ. Ճանաչվել է  Դ.Գ.-ի ժառանգությունն  ընդունած ժառանգ, ինչը  նախատեսում է, որ վերջինիս  ժառանգության զանգվածում գտնվող ամբողջ գույքը  ժառանգաբար անցել է վերջինիս : Ըստ ներքո նշված նորմի բացակայում են հիմքերը կրկին անգամ այդ զանգվածի բաղկացուցիչ մասը  հանդիսացող որևէ գույք  ( ավտոմեքենա կամ հողամաս)  հայտնաբերվելու դեպքում կրկին դատարան դիմելու…»:

Ի դեպ,  հայերենի հերն անիծած այս մեջբերումն անգամ  (չեմ խոսում  շարադասական, կետադրական և բառագործածության  սխալների, ավելորդաբանությունների մասին)  վկայում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի  2-րդ կետի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ, բացառությամբ սույն օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի: Սակայն, արի ու տես, որ դատաիրավական բարեփոխումների մեր ձեռքբերումներից մեկը՝ եռաստիճան դատական համակարգը,  թքած ունի օրենքի, բարոյականության և նմանօրինակ արժեքների վրա:

Ինքնամաքրում է պետք, ինքնամաքրում: Դատավոր, դատախազ, փաստաբան, շարքային քաղաքացի…բոլորս, բոլորս պետք է պայքարենք իրավական պետություն ունենալու համար, որ հավատը կորցրած մեր հայրենակիցները անհայրենիք չմնան:

Անահիտ Հովհաննիսյան, փաստաբան-լրագրող

Մեկնաբանություններ (4)

Մարիամ
Հարգելի տիկին Հովհաննիսյան, ես շնորհակալ եմ, որ գոնե Դուք շատ հաճախակի գրեք անուններ, միգուցե դատավորները, որոնք ոչ ամոթ ունեն, ոչ խիղճ, ոչ բարոյականություն, շրջապատից մի քիչ ամաչեն: Մալաթիա-Սեբաստիայի դատարանի դատավոր Լ. Կատվալյանի դատավոր լինելու չափանիշների միակը դեռևս ՀՍՍ-ի հայտնի կաշակեր դատավոր Մարատի աղջիկ լինելն է: Արդարադատության նախարարը, որը վերջերս ասաց, որ ժողովուրդը , որ կառավարությանը չի վստահում, պետք է հասկանա, որ ինքն է չարարաչար սխալվում: ՄԻՊ-ի զեկույցից հետո սկսած հանցագործ կաշառակեր Արման Մկրտոմյանից վերջացրած դեղնակտուց ու համարձակ կաշառակեր Կատվալյանից, որն է պատժվել: Իսկ ինչ վերաբերվում է փաստաբաններին, բազմիցս դիմել եմ պալատի նախագահին, բայց ես էլ եմ հասկացել, որ մին այս արտոնագրեր են պարզապես վաճառել անգամ կրիմինալ անցյալ ունեցող, նախկին ՍՍՀՄ-ի ցանկացած տարածքից դիպլոմ գնած մարդանց, որոնք ոչ միայն անգրագետ ու անտառաճանաչ են, այլև ճարպիկ միջնորդներ են: Դրանք են Լևոն Բաղդասարյանը, Արմեն Գրիգորյանը և շատերը, որոնց 2010թ-ից մինչ օրս տեսնում եմ դատարանում: ՄԻՊ-ի զեկույցից հետո անգամ ոչ մեկի մտքով չանցավ ստուգել թե այդ իրեն հնարած ողջամիտ ժամկետը ինչ եզրեր ունեն և վերջապես գոնե մի դատավոր /մանավանդ վերաքննիչի/, ինպես են տարիներով չարչկված գործերը ևս երկարաձգում ժամկետով: Ինչ ինքնամաքրման մասին է խոսքը, որ 2 տարի առաջ ՀՀ Նախագահը այդ հարցը բարձրաձեց, բայց ոչ մի բան չփոխվեց/ Պ.Սևակը կասեր, էս ինչ քաֆուր դարի հասանք, էլ Նախագահին էլ չեն ենթարկվում/:
Նարինե
Այո, շատ լավ կլիներ ձերբազատվել վայ-փաստաբաններից, քանի որ նրանց ոչ պրոֆեսիոնալ և ոչ մարդկային վերաբերմունքի պատճառով քաղաքացիների մոտ անվստահություն է առաջանում առհասարակ բոլոր փաստաբանների նկատմամբ և քաղաքցիները սկսում են կասկածանքով վերաբերվել անգամ պրոֆեսիոնալ և մարդկային դրական հատկանիշներ ունեցող փաստաբաններին:
Սուսաննա
Ձեզ հետ լիովին համաձայն եմ:
Ani Muradyan
Բոլորս ենք մեղավոր՝ և շարքային քաղաքացին, և դատավորը, և փաստաբանը(նախաքննության մարմնի մասին չեմ խոսում. որտեղ հարյուր տոկոս տեսողություն ունեցողին կարող են կույր համարել, մինչև իսկ եթե առկա է բժշկի կողմից տրված համապատասխան փաստաթուղթ):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter