
Արմեն Ռուստամյանը՝ արդարադատության նախարարին. «Ղալաթ ես անում, չաթլաղ»
Ազգային ժողովն այսօր սկսեց քառօրյա նիստերի աշխատանքները: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանի առաջարկությամբ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին վերջին օրերին Ուկրաինայում զոհվածների հիշատակը:
Այնուհետեւ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, դիմելով ԱԺ նախագահին, դժգոհեց, որ կառավարության անդամ, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը վիրավորական արտահայտություններ է արել ոչ իշխանական պատգամավորների հասցեին, ովքեր պատրաստվում էին անվստահություն հայտնել կառավարությանը` ասելով, թե «ղալաթ են անում»:
Ըստ Արմեն Ռուստամյանին՝ սա աննախադեպ իրավիճակ է, քանի որ արդարադատության նախարարն ի պաշտոնե պետք է պաշտպանի սահմանադրական նորմերը: Մյուս կողմից էլ, 53 պատգամավորի վիրավորելով, վիրավորում են ԱԺ-ին եւ վերջինիս հեղինակության հետ են խաղում, ինչպես նաեւ վիրավորում են 53 պատգամավորների հետեւում կանգնած ժողովրդին:
«Նախարարը երեւի այդ բաները չի հասկանում, կամ վերջում երեւի փորձել է հասկանալ, որ երեւի սխալ է վարվել, փորձել է բացատրել, որ ղալաթ բառը արաբերեն նշանակում է՝ սխալ են անում: Փոխանակ ասի սայթաքել են, սխալ են թույլ տվել, ավելի է խորացնում հարցը: Եթե այդ տրամաբանությամբ ենք շարժվում, բառարաններով պիտի որոշենք ով ինչ է ասում, մենք էլ այդ բառերին տիրապետում ենք եւ եթե իրեն օրինակի համար ասենք՝ ղալաթ ես անում, չաթլաղ, որովհետեւ այդ բառերը բացատրական…»,-ասաց Արմեն Ռուստամյանը` այդպես էլ չհասցնելով ավարտել նախադասությունը. նրա խոսափողն անջատեցին:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ցավում է նման ձեւակերպումների համար, ապա նկատողություն արեց դահլիճում ուրախացող պատգամավորներին: «Ես չեմ հասկանում ինչու դահլիճում տրամադրությունը բարձրացավ կամ ընկավ, բայց ամեն դեպքում սա շատ վատ երեւույթ է, եւ մի մոռացեք, որ մեր ապագա սերունդը լսում է մեզ»,-ասաց ԱԺ նախագահը: Մինչ Հովիկ Աբրահամյանը ափսոսանք էր հայտնում, ՀՀԿ-ական պատգամավոր Արա Բաբլոյանը լայն ժպտում էր:
«Պարոն Բաբլոյան, ինչ կա ուրախանալու, փոխանակ տխրեք, ուրախանում եք».-ասաց Հ. Աբրահամյանը` հավելելով,- ազնվորեն որ ասեմ, ես զարմացած եմ ձեր պատասխանի վրա, պարոն Ռուստամյան»:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել