
Փոքր ավիացիայի մեծ խնդիրները
Խորհրդային տարիներին Հայաստանում մոտ 11 փոքր օդանավակայան կառուցվեց:
Հատկապես մեծ ուշադրություն էր դարձվում Հարավային Հայաստանին՝ օդանավակայաններ կառուցվեցին Մեղրիում, Ղափանում, Գորիսում, Սիսիանում, Վայքում, Ջերմուկում: Դրանցից Գորիսն ու Ղափանն ունեին բավական որակյալ թռիչքուղիներ:
Համեմատաբար որակյալ թռիչքուղիներ կառուցվեցին նաև Արզնիում և Ստեփանավանում: Այս փոքր օդանավակայանների մեծ մասը դեռ խորհրդային ժամանակներում էլ դադարեց գործելուց, թեև ավիավառելիքի էժանությունը նպաստում էր փոքր ավիացիայի կենսունակության պահպանմանը:
Հայաստանի անկախացումից հետո փոքր ավիացիայի մասին իսպառ մոռացան: Վերականգնվեց միայն Արզնիի օդանավակայանը, որը հիմա օգտագործվում է բացառապես ռազմական նպատակներով: Փոքր ավիացիային սպասարկելու հնարավորություն ունեն նաև Երևանի և Գյումրու ենթակառուցվածքները:
Աերոդրո՞մ, թե՞ օդանավակայան
Որքանո՞վ է իրատեսական փոքր ավիացիայի վերածնունդը Հայաստանում: Դրա ռազմավարական կարևորությունը ոչ ոք չի վիճարկում: Հայաստանը լեռնային, կտրտված տեղանքով երկիր է, որտեղ փոքր ավիացիան կարող է լուրջ այլընտրանք հանդիսանալ: Երևանից Կապան ավտոմոբիլային ուղևորությունը տևում է 5-6 ժամ, իսկ այն մեր արդյունաբերական քաղաքներից է: Տաթևի զբոսաշրջային հաջող ծրագրից հետո այդ շրջաններում զբոսաշրջային այցելությունները կտրուկ ավելացել են, ինչը ևս փոքր ավիացիայի օգտին է խոսում: Սակայն որքանո՞վ իրատեսական է ներկա շուկայական պայմաններում վերածնել փոքր ավիացիան:
Հարավային տարածքներում ներկայումս շատ թե քիչ բարվոք վիճակում է Գորիսի թռիչքուղին: Այն նույնիսկ աերոդրոմ չի հանդիսանում, քանի որ բացի թռիչքուղուց՝ շրջակայքում այլ շինություն չկա: Այնինչ թռիչքուղու շուրջ հարկավոր է առնվազն աերոդրոմ կամ օդանավակայան կառուցել: Չմոռանանք, որ ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունը ներկայում արգելել է Հայաստանի ներսում մինչև 700 կգ կշռով ինքնաթիռների թռիչքները, քանի որ դրանք ենթակա են քամիների ազդեցությանն ու անվտանգ չեն: Ըստ «Ավիացիայի մասին» օրենքին՝աերոդրումում պետք է լինեն հրշեջ և փրկարարական ծառայություններ, ուղևորներին սպասարկող կառույցներ: Սակայն օդանավակայան կոչվելու համար անհրաժեշտ է նաև նավիգացիոն սարքավորումներ:
Որպեսզի թռիչքուղու շուրջ օդանավակայան կառուցվի՝ հարկավոր են լուրջ ներդրումներ, սակայն որևէ բիզնես-նախագիծ մեզ հայտնի չէ: Հավանականությունը, որ առաջիկայում այդպիսի բիզնես-նախագիծ ի հայտ կգա՝ այնքան էլ մեծ չէ: Սակայն հնարավոր է աշխատանքներն առաջ տանել պետական ներդրումների միջոցով: Մեր հաշվարկներով՝ 3-5 մլն դոլարը լիովին բավարար է որևէ 1 փոքր օդանավակայան կառուցելու համար: Եթե մասնագետները համարեն, որ աերոդրոմը բավարար է՝ ներդրումների ծավալն էապես կնվազի: Դրանից հետո կարելի է սպասել, որ մասնավոր ավիացիոն ընկերությունները կփորձեն շահագործել այդ ենթակառուցվածքները:
Ուշացած արտոնություն օդանավերին
Կառավարության առաջարկությամբ՝ Ազգային Ժողովն այսօր՝ փետրվարի 24-ին քննարկում էր «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» օրենքում փոփոխություն կատարելու հարցը: Այդ նախագծով առաջարկվում է բոլոր օդանավերի, ուղղաթիռների ու դրանց պահեստամասերի ներկրումն ազատել մաքսատուրքից ու ավելացված արժեքի հարկից: Դրանով պետք է խրախուսվեն ավիացիոն ընկերությունների բիզնես-ծրագրերը: Սակայն հարկ է նշել, որ այս արտոնությունը գործում է 2009 թվականից, ու այն նախատեսված էր 3 տարվա համար: Արտոնության ժամկետն ավարտվել էր դեռ 1 տարի առաջ (2013 թ. հունվարին), սակայն երկարաձգել «մոռացել են» կամ գուցե չեն ցանկացել: Բոլոր դեպքերում՝ այդ երեք տարում այն էապես չի անդրադարձել ավիացիոն շուկայի զարգացումների վրա: ԱԺ-ում քննարկվող նախագծով արտոնությունը պետք է դառնա անժամկետ, սակայն ինչ-ինչ հրաշագործ արդյունքներ միայն սրա շնորհիվ չարժե ակնկալել: Շատ կարևոր է ենթակառուցվածքները կարգի բերելը: Նշենք, որ հարկերից վաղուց ազատված են նաև ավիավառելիքը, ավիայուղերն ուավիացիոն բենզինը:
Իհարկե՝ բաց երկնքի մասին որոշումը կարևոր ազդակ է ավիաընկերությունների համար՝ ավելի համարձակ մտնել հայկական շուկա՝ ներգրավելով օտարերկրյա ներդրումներ: Ներկայումս Հայաստանում 10 ընկերություն ունի օդանավ շահագործելու վկայական, սակայն նրանցից միայն մեկն է պատրաստ միջազգային ավիափոխադրումներ իրականացնել («Էյր Արմենիա»): Մյուսները փոքր ավիացիայի հավակնորդներ են, ինչը հույս է ներշնչում, որ ոլորտը վաղ թե ուշ զարգացում կապրի:
Լուսանկարը` http://www.flugzeuginfo.net/
Մեկնաբանել