
Կուտակայինի կառավարչի անընտրելի ընտրությունը
Եթե Սահմանադրական դատարանը այլ որոշում չկայացնի, Հայաստանը կանցնի կուտակային կենսաթոշակային համակարգին: Մինչև 40 տարեկան քաղաքացիների աշխատավարձերի մի մասը կփախանցվի C-Quadrat կամ Amundi-Acba կառավարիչներին (քաղաքացու ընտրությամբ):
Կառավարիչները, իրենց հերթին, պարտավոր են քաղաքացիների գումարները ներդնել տարբեր տեղեր: Իսկ քաղաքացիները, բացի կուտակումների կառավարչից, ընտրելու են նաև 3 փաթեթներից մեկը (ընտրություն կատարելով հուսալիության և եկամտաբերության միջև):
Անընտրելի ընտրություն
Միակ բանը, ինչ հանրությանը հայտնի է այդ 3 փաթեթների մասին, դա դրանց անվանումներն են ու այն, թե կառավարիչը կուտակված գումարների քանի՞ տոկոսով կգնի պարտատոմսեր, իսկ քանի՞ տոկոսով` արժեթղթեր (համարվում է, որ պետական պարտատոմսը առավել քիչ եկամտաբեր, սակայն առավել վստահելի ներդրում է):
Քաղաքացիներին հայտնի չէ, թե որքա՞ն տոկոսներ կվաստակեն իրենք առավել ռիսկային տարբերակների ընտրության դեպքում:
Այսինքն, քաղաքացուն առաջարկում են ընտրել երեք փաթեթներից մեկը` առանց հստակեցնելու, թե ո՞ր ռիսկայնությամբ փաթեթը որքա՞ն եկամուտ կտա:
Օրինակի վրա
Առավել հասկանալի լինելու համար բերենք պատկերավոր համեմատություն: Ենթադրենք՝ դուք որոշակի գումարով արտասահմանից մեքենա եք ցանկանում պատվիրել և Ձեզ առաջարկում են 3 տարբերակ`
1. Վատ ավտոմեքենա, որը Ձեզ կհասնի 80 տոկոս հավանականությամբ,
2. Նորմալ ավտոմեքենա, որը Ձեզ կհասնի 50 տոկոս հավանականությամբ,
3. Լավ ավտոմեքենա, որը Ձեզ կհասնի 30 տոկոս հավանականությամբ:
Երբ փորձում եք ճշտել, թե ի՞նչ ասել է «վատ», «նորմալ» կամ «լավ» ավտոմեքենա, Ձեզ ասում են, որ այդ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:
Ուստի, դուք չեք կարողանում ընտրություն կատարել, քանի որ չգիտեք՝ արդյոք վատ ավտոմեքենան հին «Ժիգուլի» է, իսկ լավը` «Ռոլս-Ռոյս» և արժե ռիսկի գնալ: Իսկ միգուցե վատ ավտոմեքենան 10 տարվա «Ժիգուլի» է, իսկ լավը` նույն ինքը, բայց 9 տարվա, և ռիսկն անիմաստ է:
Ազարտային խա՞ղ է
Եթե անգամ քաղաքացուն պարտադրում են կուտակել միջոցներ, եթե անգամ դա լավ է (ենթադրենք), ակնհայտ է, որ քաղաքացուն պետք է տան ընտրության իրական հնարավորություն: Քաղաքացին պիտի իմանա, թե կոնկրետ ու՞ր են ներդրվելու իր գումարները և ի՞նչ եկամուտներ (տոկոսադրույքներ) են կանխատեսվում այդ ներդրումներից:
Ու թեև պարզ է, որ ներդրումային հիմնադրամները չեն կարող երաշխավորել այդ տոկոսադրույքները (և անգամ մայր գումարը), պետք է լինեն տնտեսագիտական կանխատեսումներ, որոնք հանրության համար կառավարչի և փաթեթի ընտրությունը կդարձնեն առավել կանխատեսելի:
Իսկ այժմ, փաթեթի ընտրությունը ավելի նման է ազարտային խաղի, քան կուտակած գումարների խելամիտ տնօրինման… Սա մի ազարտային խաղ է, որը պարտադիր է և որում, ի տարբերություն Poker-ի, չգիտես, թե շահելիս ի՞նչ կշահես:
Մեկնաբանել