
Կրպակատերերը խուճապի մեջ են. նրանց տրվել է 7 օր
Երեկ՝ երեկոյան, Արաբկիր վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցները Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոց-Քոչարի փողոց հատվածում գտնվող 18 կրպակի տերերին հանձնել են Արաբկիրի ղեկավարի տեղակալ Հ. Անտոնյանի ստորագրած հանձնարարականը:
Դրանում նշվում է. «Ղեկավարվելով Երևանի քաղաքապետի 14.06.2011թ. թիվ 342144 հանձնարարականով՝ տեղեկացնում ենք, որ Ձեր կողմից շահագործվող Կոմիտաս-Փափազյան հասցեի կրպակը 7-օրյա ժամկետում ենթակա է ապամոնտաժման, այլապես այն կապամոնտաժվի մեր կողմից, իսկ ծախսված գումարը կգանձվի դատական կարգով»:
Կրպակատերերին Հ. Անտոնյանի ուղարկած հանձնարարականի վրա կնիք չկա: Մի քանի շաբաթ առաջ քաղաքապետարանից պահանջել են, որ կրպակատերերը վերանորոգեն կրպակներն ու ներկեն նույն գույնով, ինչը բոլոր կրպակատերերն էլ արել են իրենց գումարներով: Իսկ այժմ նրանիցից թաղապետարանը պահանջում է 7 օրում դարձյալ իրենց գումարներով ապամոնտաժել այդ կրպակները, այլապես կրպակները ապամոնտաժի Արաբկիրի թաղապետարանը, և կրպակատերերը կվճարեն դրա համար:
Այսօր՝ առավոտյան, կրպակների տերերը, վարձակալները, աշխատողները խմբվել էին Փափազյան փողոցում, և «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ստեփան Սաֆարյանի ու Արմեն Մարտիրոսյանի օգնությամբ դիմում էիր գրում թաղապետարանին:
Այս 18 կրպակներում աշխատողների մի մասը սեփականաշնորհել է կրպակները և այժմ ունի սեփականության վկայական: Մի մասն էլ վարձակալում է կրպակները և ունի վարձակալման պայմանագրեր, ըստ որոնց՝ կրպակները կարող են օգտագործել մինչև 2011, 2012, 2013 թ. վերջ, նույնիսկ 2014թ.:
«Գումարած դրան՝ բոլոր այս տնտեսվարող սուբյեկտները բոլոր օրինական պահանջները կատարել են՝ և ՀԴՄ-ներ են տեղադրել, և հարկային իրենց պարտականություններն են նորմալ կատարել: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկա իշխանությունները օրական չորս անգամ բարձրաձայնում են փոքր և միջին բիզնեսի զարգացման մասին, ես կարծում եմ՝ ոչ թե զարգացնել է պետք, այլ ընդամենը գոնե եղածը պահպանել էլ է պետք»,- «Հետքին» ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ օրենքը քաղաքացուն սեփականությունից զրկելու երկու դեպք է նախատեսում. երբ կա դատական որոշում, կամ երբ կառավարությունը տվյալ տարածքը ճանաչել է գերակա շահ: Տվյալ դեպքում ոչ դատական որոշում կա, ոչ էլ տարածքը գերակա շահ է ճանաչված:
«Ուստի այս խնդիրը այս ձևով լուծելը օրենքի շրջանակներից դուրս է»,- ասաց պատգամավորը: Նա ճիշտ է համարում, որ քաղաքացիները դիմեն դատարան և բողոքարկեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալի հանձնարարականը, քանի որ այն խախտում է քաղաքացիների սեփականության իրավունքը:
18 կրպակների մեծ մասը մթերք է վաճառում: Կրպակատեր Անահիտ Հովհաննիսյանը, ում կրպակից ստացված եկամտից օգտվում է 4 ընտանիք, չբացառեց, որ կրպակատերերը կդիմեն վարչական դատարան: Անահիտի խոսքերով՝ մեկ շաբաթում կրպակներում եղած ողջ մթերքը վաճառելը անհնար է:
Կրպատակատեր Հակոբ Բաբուջյանը ունի սեփականաշնորհման վկայական: Ըստ 2010թ. մայիս 28-ին Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի որոշման՝ այդ վկայականի ժամկետը սպառվում է 2013թ.: Անցյալ ամիս Հակոբն իր միջոցներով նորոգել է կրպակը, հետո ՀԴՄ մեքենա տեղադրել:
Կրպակից ստացված եկամուտով երեք ընտանիք է ապրում՝ Հակոբ Բաբուջյանի սեփական ընտանիքը, նրա թոշակառու ծնողները և ընկերոջ 6 հոգանոց ընտանիքը (ընկերը սուրճ է վաճառում նույն կրպակում):
«50 տարեկան մարդ եմ: Վերջին գոյությունս է էսի, որ սրանով գոնե ապահովում եմ: Հլը առանց էդ էլ լավ չի վիճակները: Որ իրիկունը գաս, ցույց կտամ՝ ապրանքի կեսը թափում եմ, չի ծախվում: Զոռովից ոնց որ ասեն՝ գնացեք էս երկրից: Գնա՞նք: Էդքան նեղ պահերը մնացել ենք, աշխատել ենք, ընտանիք ենք պահել, երեխեքիս չափահաս եմ դարձրել: Հիմա թողեմ գնա՞մ ստեղից, իմ թաղն է, իմ թաղամասն է, էս շենքի 50 տարվա ապրող եմ: Եթե տեսնեմ՝ ոչ մի տեղ չի օգնում, անկեղծ եմ ասում՝ տոկոսով պետք է փող ճարեմ, էս երկրից գնամ»,- «Հետքին» ասաց Հակոբ Բաբուջյանը:
Անահիտ Խաչատրյանի սկեսուրը փոքր կրպակ ունի, աշխատում է այդ կրապակում և պահում մահացած որդու ընտանիքին: Անահիտն օգնում է սկեսրոջը, ասում է, որ երեկվանից՝ Հ. Անտոնյանի հանձնարարագիրը ստանալուց հետո, չեն կարողացել քնել:
«Ես դիմում եմ թաղապետին և քաղաքապետին. հեչ խիղճ չունե՞ք դուք, հեչ մեղքը չի՞ գալիս, մաղելով գնում ա, հը՞: Դուք ապրում եք իդեալական: Ամուսինս միլիցա է եղել, աշխատել է իրանց համար, հիմա մահացել է, եթիմ 6 տարեկան երեխա ունեմ, աշխատում եմ, էրկու կոպեկ փող եմ հանում, հիմի ո՞վ պիտի պահի իր էրեխուն: Խիղճ չունե՞ք, հարգելի քաղաքապետ, նայեք մեր բողոքը, մի վատություն արեք մեզ: Որ բռնենք գաղթի ճամփեն, լա՞վ է լինելու, գնանք թուրքերի ձեռի տակ աշխատենք, հաճո՞ւյք եք քաղելու դրանից»,- լաց լինելով ասում էր Անահիտ Խաչատրյանը:
«Ամոթ քաղաքապետին, որ մեզ գաղթի ճանապարհ է ցույց տալիս»,- ասում էր Անահիտի սկեսուրը: Նա 60 տարեկան է և համոզված է, որ իր կրպակից բացի՝ որևէ այլ տեղ չի կարող աշխատանքի ընդունվել:
Կրպակատերերն ասում են, որ թաղապետարանը տարածքի կրպակատերերին հանձնարարականը բաժանում է ոչ միաժամանակ, որպեսզի մեծ բողոքի ալիք չառաջանա: Քոչար-Փափազյան խաչմերուկի մյուս կողմում գտնվող կրպակներից մեկի տեր Արտաշը սպասում է, որ շուտով նույն վիճակում հայտնվելու են նաև իրենք: Արտաշի սեփականության վկայականը ուժի մեջ է մինչև 2015 թ.:
18 կրպակների հարևանությամբ՝ Փափազյան-Արծրունի փողոցների հատման մեկում տեղադրված կրպակն ապամոնտաժել են այն ժամանակ, երբ տերը Հայաստանում չի եղել: Հարևան կրպակների աշխատողներն առավոտյան եկել ու տեսել են, որ կրպակն այլևս չկա: Կրպակի տեղում այժմ աղբ է հավաքվել: Իսկ մի ընտանիք, որը Քոչար-Փափազյան խաչմերուկի մոտ փողոցային առևտրով էր զբաղվում մինչ փողոցային առևտուրն արգելելու մասին քաղաքապետի որոշումը, այժմ չի կարողանում աշխատանք գտնել և մտածում է Ռուսաստանում աշխատելու մասին:
Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ այս կրպակներն անմիջականորեն աշխատում են սոցիալապես անապահով խավի հետ, որը հաճախ ապրանքը վերցնում է ապառիկ: Ուստի, 7 օրում կրպակներն ապամոնտաժելու որոշումը հարված է հասցնելու նաև սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնք ստիպված կլինեն գնումներ կատարել տարածքի սուպերմարկետներից:
Աննա Հունանյանը, ով ներկայացավ որպես տարածքի բնակիչ, ասաց, որ իրեն շատ համար է առևտուր անել մոտակա կրպակներից և ոչ թե սուպերմարկետներից: «Էդքան հեռուստացույցով ցույց են տալիս, որ սուպերմարկետներում, խանութներում կան ժամկետանց ապրանքներ»,- ասաց նա:
Կրպակատերերը գնացին թաղապետարան՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին ներկայացնելու իրենց բողոքը: «Հետագայում, ամենայն հավանականությամբ, քաղաքացիները նաև քաղաքապետարան կգնան՝ իրենց բողոքն արտահայտելու»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել